Լրահոս

Տարոն Մարգարյանի արջերը օպերային թատրոնի շեմին

 

Օրերս Երեւանի քաղաքապետարանը տարածեց հայտարարություն անակնկալի մասին, որ մատուցել են երեւանցիներին ու քաղաքի հյուրերին: Անակնկալը Ազատության հրապարակում 3D ձեւաչափի նկարն է, այսպես ասած սթրիթ-արտ տարբերակով, որը հրապարակի մակերեսի զգալի մասի վրա պատկերում է «ձորում զբոսնող արջերի», ինչպես նշվում է հաղորդագրության մեջ:
Ընդ որում, հավանաբար որպես անակնկալի ստացվելու նշան, քաղաքապետարանի հաղորդագրությունը մատնանշում է, թե շատերը արդեն հասցրել են լուսանկարվել դրա ֆոնին:
Ի գիտություն քաղաքապետարանի թերեւս հարկ է նկատել, որ շատերը հասցրել են լուսանկարվել նաեւ ցեղասպանության հուշահամալիրի ֆոնին, եւ ավելին՝ անգամ այնտեղ տարվող տպավորիչ ծաղկեպսակների ֆոնին:
Ազատության հրապարակում, օպերայի եւ բալետի Ազգային թատրոնի դիմաց արված մեծ լուսանկարը՝ ձորում զբոսնող արջերի պատկերով, արտացոլում է Երեւանի քաղաքային իշխանության մտածողության ու երազանքի սահմանը, հատկապես երբ դառնում է պաշտոնական հաղորդագրության, այն էլ անակնկալ ավետող հաղորդագրության առարկա:
Հրապարակում «ձորում» զբոսնող արջերի 3D պատկերը Երեւանի քաղաքապետարանի համար իրադարձություն է, հանրությանը տեղեկացնելու իրադարձություն:
Առավել խորհրդանշական է, երբ այդ իրադարձությունն արձանագրվում է օպերայի եւ բալետի Ազգային թատրոնի շեմին: Թատրոն, որտեղ մշակույթի նորանշանակ նախարարը փորձում է նոր մշակույթ ներդնել, օպերան մի բաժակ շամպայնով ունկնդրելու, սնվելու, ժամանակ անցկացնելու պատշաճ միջավայր ձեւավորելու տեսքով:
Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը իր այդ փորձի համար արժանացավ հանրության սուր քննադատությանը, թեեւ փորձեց բացատրել, որ այդպես է աշխարհի բոլոր հեղինակավոր օպերաներում: Իհարկե, դրանով Հայաստանի օպերային թատրոնը չի դառնա աշխարհում հեղինակավոր, բայց վատ չի լինի գոնե այդ առումով համարժեք լինել համաշխարհային մշակույթին:
Տարոն Մարգարյանն ըստ երեւույթին փորձել է օժանդակել մշակույթի նախարարի ջանքին եւ այսպես ասած բալանսավորել համաշխարհային եւ հայկական միջավայրերը: Ասենք, շամպայնը հնարավոր է վերցնել օպերայում, կատարել մեկ քայլ եւ եւ իջնել «արջերի ձոր» զբոսնելու:
Սթրիթ-արթն իհարկե լավ բան է, զվարթ բան, հատկապես արջերով, բանով, բայց ամեն ինչ լավ է միջավայրային ներդաշնակության մեջ, ու մի փոքր էլ իհարկե բովանդակային: Քաղաքապետարանից չի պահանջվում անշուշտ խոհափիլիսոփայական սթրիթ-արթ նմուշներ, բայց անելու դեպքում գուցե արժեր դրանք մի փոքր իմաստավորել ընդհանրապես, ու նաեւ միջավայրի ընտրության ու համադրման առումով՝ մասնավորապես:
Քաղաքն իհարկե դրանից չփլվեց, արջերը չլցվեցին քաղաք, չկերան մարդկանց, ամեն ինչ շարունակում է մնալ նույնը, արեւը ծագում է արեւելքից եւ մայր մտնում արեւմուտքում: Սերժ Սարգսյանն էլ հազիվ թե հիասթափվի Ազատության հրապարակի «ձորում» զբոսնող արջերից եւ նրանց «զբոսանքի հանած» Տարոն Մարգարյանից, առավել եւս, որ Սարգսյանը հայտարարել է կառավարման մոդելի փոփոխության մասին, որպես դրա գլխավոր պլյուսներից մեկը ներկայացնելով հետընտրական հավաքների պատճառի վերացումը, եւ այդ դեպքում Ազատության հրապարակն իսկապես մնում է դատարկ, ու պետք է այն լցնել ինչ որ բանով:
Բայց կան մանրուքներ, որոնք ինքնին ոչինչ են, սակայն հանդիսանում են շատ ավելի մեծ իրողությունների անուղղակի ինդիկատոր: Ի վերջո, ամեն ինչ սկսվում է գլխի պարունակությունից՝ իմացական եւ գեղագիտական: Ճաշակին ընկեր չկա, ամեն ինչ սուբյեկտիվ է, կասկած չկա, որ Տարոն Մարգարյանը կգտնի կրթված եւ անվանի մտավորականների մի հսկա բանակ, որոնք կապացուցեն, թե որքան տեղին ու ժամանակին է «արջերի զբոսանքը» թատերական կամ Ազատության հրապարակում:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing