Տարոն Մարգարյանի հեղաշրջումը. նա չներեց Սերժ Սարգսյանին

145

lragir.am — Երեւանի քաղաքապետարանի դիմաց լարված է նաեւ մայիսի 17-ին: Դարձյալ հավաքվել են Տարոն Մարգարյանի հրաժարական պահանջող քաղաքացիներ, ու նրան սատարող քաղաքացիներ: Այդ իրավիճակը շարունակվում է մայիսի 16-ից: Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ հրաժարական չի տալու եւ փաստորեն կազմակերպեց իր աջակիցների «հակընդդեմ» ցույց:

Նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 17-ին հայտարարեց, որ միանգամից բոլորի հրաժարականները պահանջելը այնքան էլ ճիշտ չէ: Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն փորձեց չներքաշվել Տարոն Մարգարյանի հրաժարականի շուրջ ստեղծված գործընթացում, «տարանջատվել» դրանից եւ ցույց տալ, որ այդպիսի խնդիր իր օրակարգում չկա:

Փաշինյանին ներկայում լարվածության ավելորդ օջախներ եւ խնդիրներ պետք չեն, առավել եւս, որ դրանից կարող են օգտվել նաեւ նրա քաղաքական մրցակիցները կամ հակառակորդները: Ավելին, գործադիր իշխանության ու ուժեղ վարչապետության պայմաններում նա ունի թերեւս բավարար լծակներ քաղաքապետի գործունեությունը վերահսկելու եւ այն օրինականության սահմանում տեղավորելու համար:

Նիկոլ Փաշինյանին բացարձակապես պետք չէ համապետական մակարդակով դե յուրե մեծամասնության եւ գործադիր իշխանության հարաբերակցության հետ խնդիր ունենալ նաեւ Երեւանի քաղաքապետարանի մակարդակում:

Փոխարենը, հրաժարականի պահանջը գոնե առայժմ խաղում է Տարոն Մարգարյանի օգտին: Համենայն դեպս, նա դիմադրում է եւ բավական հաջող, կամա թե ակամա արձանագրելով փոքր հաղթանակներ: Ինչպես կզարգանա հետագա իրադրությունը, պարզ չէ, սակայն այդ փոքր հաղթանակները Տարոն Մարգարյանի համար դառնում են հեղաշրջման ռեսուրս: Խոսքը թավշյա հեղափոխության դեմ հեղաշրջման մասին չէ, այլ ներկուսակցական հեղաշրջման:

Բանն այն է, որ կուսակցությունը, որը ներկայացնում է Տարոն Մարգարյանը, ներկայում կանգնած է ներքին վերաֆորմատավորման խնդրի առաջ: Սերժ Սարգսյանը դեռեւս ապրիլի 25-ին օրակարգ է բերել կուսակցության նախագահի փոփոխության հարցը: Նոր նախագահի հավանական թեկնածու դիտվում է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, որը Սերժ Սարգսյանի վստահելի անձանցից է:

Կուսակցության նոր նախագահի, նոր ղեկավարի իրական հավակնորդ էր նաեւ, իսկ գուցե ավելի, քան Վիգեն Սարգսյանը՝ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, հատկապես Սամվել Կարապետյանի աջակցությամբ: Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը եւ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դուրս են գալու ՀՀԿ-ից եւ ստեղծելու են նոր կուսակցություն:

Կարեն Կարապետյանն ու Վիգեն Սարգսյանը խորհրդարանի ընտրությանը ՀՀԿ նախընտրական գործընթացի առաջնային երկու դեմքերն էին՝ Կարապետյանը դե ֆակտո դեմքը, Վիգեն Սարգսյանը դե յուրե առաջին համարը: Բայց, կար նաեւ երրորդը, ու դա իհարկե Արփինե Հովհաննիսյանը չէր՝ Հովհաննիսյանն ընդամենը զարդն էր, իսկ բուն երրորդը Տարոն Մարգարյանն էր, որը ՀՀԿ ռեալ ռեսուրսներից մեկն է մի շարք առումներով:

Այդ իմաստով, տարօրինակ կլիներ, եթե Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո ընտրական գործընթացում իրական երրորդը չհավակներ առաջին դառնալուն, առավել եւս հաշվի առնելով մի քանի գործոն. մեծ հարց է, թե իրականում այդ եռյակից ով է ընտրական գործընթացում եւ ընդհանրապես ավելի մեծ նպաստ ունեցել ՀՀԿ վերարտադրության գործում:

Կարապետյանները հեռանում են ՀՀԿ-ից, եւ փաստորեն մնում է հետ մղել միայն Վիգեն Սարգսյանին: Տարոն Մարգարյանը Անդրանիկ Մարգարյանի՝ այսինքն ՀՀԿ ակունքներում կանգնած հիմնադիր գործիչներից մեկի որդին է, եւ Սերժ Սարգսյանը, թողնելով ՀՀԿ-ն, այն պարտավոր է վերադարձնել իրական «տիրոջը»: Ու եւս մեկ գործոն՝ Տարոն Մարգարյանը չի ներել եւ չի ներելու Սերժ Սարգսյանին այն, որ նա Երեւանի Ավագանի մուտքի հնարավորություն տվեց Զարուհի Փոստանջյանին:

Այդ ամենում ուշագրավ է այն, որ մայիսի 16-ին քաղաքապետարանի շուրջ իրավիճակի թեժացմանը հաջորդեց առավոտյան մամուլում հրապարակված տեղեկությունը, որ Կարապետյանները փոշմանել են, եւ նրանք ու նաեւ կապի ու տրանսպորտի նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը դուրս չեն գալիս ՀՀԿ-ից, այլ մնալու են կուսակցությունում:

Դա նշանակում է, որ Տարոն Մարգարյանի խնդիրը բարդանում է, որովհետեւ Վիգեն Սարգսյանը նրա համար հաղթահարելի մրցակից էր, իսկ ահա Կարապետյաններն ու Գագիկ Բեգլարյանը Տարոն Մարգարյանի ուժից վեր են, եթե անգամ նրան իր աջակցությունը հայտնի Ռուբեն Հայրապետյանը:

Մինչդեռ Տարոն Մարգարյանի համար բուն խնդիրը հենց ՀՀԿ-ում դիրքերն են, ոչ թե քաղաքապետի պաշտոնը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache