Լրահոս

Տարոն Մարգարյանի ծառայողական մեքենան 2 րոպեում 2 խախտում է անում

 

Շատ է խոսվում, որ օրենքներն ամենաշատը խախտում են պետական տարբեր պաշտոններ զբաղեցնող անձինք: Ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնները խախտելու դեպքում վարորդների մեծամասնությունն էլ համոզված է, որ պաշտոնյաներին ՃՈ տեսուչները չեն տուգանում:
Armtimes.com-ի տրամադրության տակ հայտնված տեսանյութը վառ ապացույց է այն բանի, որ պաշտոնատար անձանց սպասարկող մեքենաներ վարողները համոզված լինելով, որ չեն տուգանվի, խախտումներով են վարում:
Եւ այսպես. Երեւանի քաղաքապետ, Հանրապետական Տարոն Մարգարյանին սպասարկող «001 LU 01» պետհամարանիշով «Մերսեդես» մակնիշի մեքենան մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում 2 րոպեի ընթացքում 2 կոպիտ խախտում է կատարում: Ավանի Ալմաթի փողոցից սեպտեմբերի 13-ին՝ առավոտյան 9:00-ի սահմաններում, քաղաքապետի ծառայողական մեքենան մուտք է գործում Մարշալ Բաբաջանյանի փողոց եւ ընթանում է դեպի Տարոն Մարգարյանի առանձնատուն: Բաբաջանյան փողոցում «Մերսեդեսը» երկու անիվներով հատում է հոծ գիծը եւ վազանց կատարում: Մոտ 500 մետր առաջանալով եւ հասնելով քաղաքապետի տան մոտ՝ արդեն 4 անիվներով է հատում հոծ գիծը եւ կայանում առանձնատան դիմաց: Երկրորդ խախտման ժամանակ, եթե վարորդը մոտ 10 մետր առաջանար, ապա խախտում չէր կատարի եւ թույլատրված տեղից կհատեր հանդիպակաց երթեւեկության գոտին:
Առաջին խախտումը բնութագրում եւ պատասխանատվություն է սահմանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով: Տուգանքը նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով է՝ 10 հազար դրամ: Երկրորդ խախտումը բնութագրվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 18-րդ մասով եւ սահմանվում է 30 հազար դրամ տուգանք:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing