Տարոն Մարգարյանի վրեժը. Նա կորցրեց իշխանությունը քաղաքում

1

«Եթե ցանկություն լիներ ինչ-որ մի բան շփել Տարոն Մարգարյանի դեմքին, ես անձամբ ինքս կգնայի և կշփեի։ Մենք դրանով կաշկանդված չենք, բայց իմ դաստիարակությունն ինձ թույլ չի տա, և նաև իմ բանականությունն ինձ թույլ չի տա, որ ես մարդու երեսին ինչ-որ մի բան շփեմ։ Մենք տեսնում ենք կադրերի մեջ, ինչպես է նա վախեցած ու ասում է՝ «արա, ոստիկան կանչեք», կամ «արա, սրանց դեմն առեք», սա նշանակում է, որ այս մարդը վախերի մեջ է, պարանոյայի զգացում ունի, և նրանք տապալվել են բացարձակ», Ազատության եթերում ասում է Երկիր Ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, խոսելով քաղաքապատերանի Ավագանիում տեղի ունեցած հայտնի միջադեպի մասին:

Այլ կերպ, Զարուհի Փոստանջյանն ասում է, կամ ակնարկում, կամա, թե ակամա, որ նպատակը եղել է վախեցնելը, կամ վախը ցույց տալը: Իսկ ինչպես հայտնի է՝ հազար վախը մի մահ է, եւ քաղաքապետարանի Ավագանու միջադեպը գործնականում դարձավ Տարոն Մարգարյանի «համակարգային կենսագործունեության մահը»: Կամ վախերի քանակը մոտեցրեց հազարին, որից այն կողմ արդեն իշխող համակարգում Մարգարյանի դերակատարության ավարտն է:Ընդ որում, դա անկասկած շատ լավ է զգացել նաեւ Մարգարյանն ինքը, ինչի վկայությունը սուր արձագանքն էր: Ներկայում շատ են հնչում տեսակետներ, թե դա անմիտ, չմտածված, բնազդային արձագանք էր, եւ եթե ՀՀԿ այդ ներկայացուցիչները, Տարոն Մարգարյանի խումբը ունենար այլ որակ, ապա կարձագանքեր այլ կերպ, չէր տրվի սադրանքի եւ չէր դառնա քննադատության թիրախ:

Տեսականում թվում է, թե այդպես է: Բայց գործնականում Տարոն Մարգարյանի եւ խմբի վարքագծի ռացիոնալ-իռացիոնալությունը գնահատելու համար հարկավոր է իրավիճակը գնահատել Տարոն Մարգարյանի տեսանկյունից, նրա այսպես ասած միջավայրային մոտիվացիոն դիրքերից ու բնականաբար ռիսկերից:Մարգարյանը չի մտածել եւ չի մտածի, թե իր հաջորդ քայլի մասին ինչ կմտածի հանրությունը: Մարգարյանն ու նրա խումբը մտածում են, թե տեղի ունեցողի մասին ինչ կմտածի այն համակարգը, որում իրենք են, այն արժեհամակարգի շրջանակում, որի շնորհիվ եւ որը դավանելով էլ ունեն տեղը համակարգում:Իսկ այդ «հողի վրա» Տարոն Մարգարյանի համար սարսափելին կնոջ հանդեպ բռնության մեղադրանքը չէ, այլ այն, թե ինչ էր մտածելու իր մասին համակարգը՝ ոչ թե արտահայտվելու, այլ մտածելու իր մասին, եթե հանկարծ, օրինակ, նա դառնար մի քանի կանանց թիրախ եւ առավել եւս նրա վրա հայտնվեր տարաների պարունակությունը: Դրանից հետո Տարոն Մարգարյանին հաստատ հարկ կլիներ այլեւս հայտարարել հրաժարականի մասին եւ գուցե նույնիսկ հեռանալ Հայաստանից:

Իսկ իրադարձությունների զարգացման այդ տարբերակում առաջանալու էր նաեւ Մարգարյանի մերձավոր շրջանակի համակարգային «վարկանիշի» եւ ճակատագրի հարցը:Այդպիսով, Մարգարյանը քաղաքապետարանի Ավագանու դահլիճում գործել է լիովին համարժեք այն իրավիճակին, որում մասնակից ու դերակատար է, ընդ որում բավական լուրջ դիրքերի հասած դերակատար: Նրան «հանդուրժող» վերաբերմունքի դասեր տալու տեսաբանությունը, նրան սեփական հանրային-քաղաքական շահը բացատրելն է իրականում անհամարժեքություն: Տարոն Մարգարյանը քաղաքականության մեջ չէ, որ ունենա քաղաքական շահ: Նա համակարգա-թաղային տրամաբանության մեջ է եւ հստակ պատկերացրել է սեփական շահն ու գործել ըստ այդմ, այդ տեսանկյունից գրեթե անվրեպ:Համակարգի արձագանքը չի ուշացել, եւ գործնականում որեւէ մեկը չի դատապարտել Մարգարյանի արարքը: Մյուս կողմից, այդուհանդերձ, քաղաքապետի համար բռնությունը չի դարձել ելք:

Այն ընդամենը եղել է լիակատար անկումից խուսափելու միջոց, որովհետեւ համակարգի մյուս տրենդը ներկայում «անաղմուկությունն» է, այն, թե որքանով է այս կամ այն սեգմենտը, առավել եւս իշխանության որեւէ մարմնի համար պատասխանատու սեգմենտը, կարողանում ապահովել «անաղմուկություն»:Տարոն Մարգարյանը դա չի կարողացել եւ փաստացի այդ մյուս կարեւոր իմաստով տապալվել է, ընդ որում արդեն առաջացնելով ընդհանուր խնդիր, այսինքն թիրախում դնելով ամբողջ իշխանությանը: Այլ կերպ ասած, իր վարկը նա կարողացել է «փրկել», բայց տապալվել է «ընդհանուր գործում», «իրեն վստահված» պոստում:Եվ այն, որ համակարգը ներկայում նրան չի ասում որեւէ դատապարտող խոսք, այլ նույնիսկ արդարացնում է, քաղաքապետի համար ունի նույնիսկ «չարագույժ» աջակցության իմաստ, որովհետեւ հրապարակավ աջակցելով նրան, այսինքն մինչեւ վերջ կատարելով նրա հանդեպ պարտավորությունը, համակարգը այդպիսով ներքին հարաբերությունների տիրույթում առավել է ընդգծում Մարգարյանի տապալումը, «պոստը պահելու» անկարողությունը:

Իսկ խնդիրը, ինչպես նշեցի վերեւում, ամենեւին հանրության առաջ իրավիճակը չէ, այլ այն, ինչ կա համակարգի ներսում:Այդ իմաստով, թերեւս պարզ է, թե ով է լինելու առնվազն միակը, որը ՀՀԿ-ում դեմ է լինելու Սերժ Սարգսյանի վարչապետությանը: Տարոն Մարգարյանը, որը գոնե այդպիսով կարող է վրեժխնդիր լինել Սերժ Սարգսյանից, ով մեկ տարի առաջ չարեց ոչինչ՝ Զարուհի Փոստանջյանին Երեւանի Ավագանու կազմում հայտնվելը թույլ չտալու համար:Բայց, մյուս կողմից, Մարգարյանի վրեժխնդրության այդ ակտը հազիվ թե որեւէ բան նշանակի Սերժ Սարգսյանի համար: Դրանով իհարկե Տարոն Մարգարյանը միայն կբարդացնի իր վիճակը, եւ կասկած չկա, որ նա հիանալի պատկերացնում է դա: Այդ իմաստով, տեղի ունեցածից հետո նա այլեւս ոչ թե դերակատար է, գործոն, այլ «մահապարտ»՝ Սերժ Սարգսյանի «երրորդ ժամկետի» «առաջին մահապարտը»: Հարցը տվյալ դեպքում այն է, թե ինչպիսի՝ բազմակի՞ օգտագործման, թե ոչ:Զարուհի Փոստանջյանը քաղաքային մասշտաբով գործնականում իրականացրել է իշխանափոխություն: Տարոն Մարգարյանը պահեց ներքին վարկը, բայց կորցրեց իշխանությունը քաղաքում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache