Լրահոս

Տարոն Մարգարյանի խոշոր պարտությունը

 

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նոր ղեկավար Արթուր Ոսկանյանին: Այդ նշանակումը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի ռեւանշն ու Տարոն Մարգարյանի խոշոր պարտությունն է: Մամուլը գրել է, որ Արթուր Ոսկանյանը Միհրան Պողոսյանի շրջապատից է, եւ այդ նշանակմանը Պողոսյանը հասել է` անմիջականորեն Սերժ Սարգսյանի մոտ բարձրացնելով հարցն ու ստանալով հավանությունը:
Միհրան Պողոսյանն այդպիսով փոքր, բայց խորհրդանշական ռեւանշի է հասնում խորհրդարանի ընտրությանը Տարոն Մարգարյանից կրած պարտության համար: Պողոսյանը ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել էր այն ընտրատարածքում, որն ընդգրկում էր Քանաքեռ-Զեյթունը, Ավանն ու Նոր Նորքը: Պողոսյանը այդ ընտրատարածքում երկրորդն էր, իսկ նրան գերազանցեց Տարոն Մարգարյանի աներորդին՝ Ռոբերտ Սարգսյանը: Պողոսյանն իհարկե անցավ խորհրդարան, երկրորդ ցուցանիշով, բայց գործնականում նա տանուլ տվեց առանցքային «մարտը»՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնը:
Եթե Պողոսյանը հաջողեր շրջանցել Տարոն Մարգարյանի աներորդուն, այսինքն Մարգարյանին, ապա մեծ հավանականությամբ Սերժ Սարգսյանը հենց Միհրան Պողոսյանին կառաջադրեր Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար:
Սակայն Տարոն Մարգարյանը այդ պահի համար կարողացավ ապահովել իր կենսունակությունը, պահպանելով քաղաքապետի «մանդատը»:
Բայց Սերժ Սարգսյանի համար Մարգարյանի հարցը դուրս չի եկել օրակարգից: Այն միանգամից լուծելը չստացվեց, այժմ թերեւս փորձ է արվում լուծել «փուլային» տարբերակով, եւ Քանաքեռ-Զեյթունում Տարոն Մարգարյանի թիմակցի փոխարեն Միհրան Պողոսյանի թիմակցին վարչական շրջանի ղեկավար նշանակումը փուլայինի առաջին քայլերից մեկն է:
Իհարկե, այս դեպքում էլ Միհրան Պողոսյանն իր թիմակցով պետք է կարողանա այսպես ասած նեղացնել քաղաքապետ Մարգարյանի շրջանակը: Այստեղ սպասվում է բավական համառ պայքար եւ ներկայացնելով նոր ղեկավարին, Տարոն Մարգարյանն ակնարկել է, որ ամենեւին չի հանձնվում: Նա հայտարարել է, որ փոխվում են երեւանցիների պահանջները եւ հետեւաբար փոխվում են պահանջները նաեւ վարչական շրջանների աշխատակազմերի նկատմամբ: Մարգարյանը ակնարկել է, որ լինելու է խստապահանջ եւ առիթը բաց չի թողնելու Պողոսյանի թիմակցի տապալումներ «կազմակերպելու» համար, անկասկած դրանք ներկայացնելով Սերժ Սարգսյանին:
Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ Մարգարյանն իր մրցունակության հարցում հույսը ներկայում ամենեւին չի դրել միայն Սարգսյանի վրա: Նա փորձում է ավելի լայն «թափ» վերցնել, եւ դրա վկայությունը նրա ճոխ նվերներով ուղեւորությունն էր Սանկտ-Պետերբուրգ, ինչպես նաեւ համառ դիմադրությունը Լենինգրադյան փողոցը վերանվանելու նախաձեռնությանը:
Այդ իմաստով Մարգարյանն անշուշտ լավ է պատկերացնում, որ Սերժ Սարգսյանի համար խնդիրը լոկ իր եւ Պողոսյանի միջեւ այսպես ասած «արդար մրցակցությունը» չէ: Սարգսյանը այդ մրցակցությունը «կազմակերպել» է հենց Տարոն Մարգարյանի հետ կապված առավել խոշոր խնդիր ունենալու համար:
Ինչպես Մարգարյանն է Պողոսյանի թիմակցի մասով ակնարկում, որ փոխվել են պահանջները, նույն կերպ նոր ներքաղաքական եւ ներիշխանական իրավիճակում փոխվում են ժամանակի ու Սերժ Սարգսյանի հրամայականները Երեւանի կառավարման հետ կապված: Տարոն Մարգարյանը գործնականում եղել է Սերժ Սարգսյանի ժամանակավոր լուծում, քանի որ Սարգսյանն ինքն էլ նախագահի պաշտոնում գործնականում ժամանակավոր մթնոլորտում էր: Այժմ Սարգսյանը սկսել է լուծել իշխանության ավելի երկարաժամկետ խնդիրներ, լինելով նախագահի պաշտոնը պահելու առաջնահերթությունից ազատ:
Իսկ դա նշանակում է, որ Սարգսյանը նաեւ Երեւանի իշխանության մասով է ձեռնամուխ լինելու ավելի երկարաժամկետ խնդիրների լուծման: Այդ հարցում Միհրան Պողոսյանը նրա համար շատ ավելի վստահելի ֆիգուր է, քան Տարոն Մարգարյանը, որն այս տարիների ընթացքում այդուհանդերձ կարողացել է ներիշխանական համակարգում ձեւավորվել որպես որոշակի ինքնուրույն գործոն, որը անհրաժեշտության դեպքում իրեն կարող է թույլ տալ Սերժ Սարգսյանի մասին չմտածել որպես անփոխարինելի:
Միհրան Պողոսյանը դա թույլ տալ չի կարող, որովհետեւ ամեն պահի կարող է որեւէ հեռագիր գալ Պանամայից:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing