Լրահոս

Տարոնի քաղաքն` ամպերի մեջ

 

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցող խորհրդակցություններին անվանում են աշխատանքային, այսինքն, իբր թե մարդիկ աշխատում են, որովհետև եթե ասեն զվարճանքային կամ ջուր ծեծոցի խորհրդակցություն, քաղաքացիները ճիշտ չեն հասկանա: Եվ այսօր էլ այնտեղ իրար գլխի էին հավաքվել աշխատելու մտադրությամբ` քաղաքապետ Տարոն Մարգարյանի բարձր հովանու ներքո: Բավականին շատ մարդ էին կանչել` մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին, քաղաքապետի խորհրդական Վահագն Վերմիշյանին, գլխավոր դիզայներ Գառնիկ Ամատունյանին, աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների, «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներին: Այս բոլորով միասին որոշել էին Երևանը դարձնել հարմարավետ քաղաք:

Հիմա խորհուրդ ենք տալիս դեպքերից առաջ չընկնել ու ժամանակից շուտ չերջանկանալ, քանի որ իրականության մեջ մայրաքաղաքը հարմարավետ դարձնելու ոչ ցանկություն կա, ոչ միջոցներ, ոչ էլ այնպիսի քաղաքապետ, որ կարող է այդ հարցով մտահոգվել: Եղած-չեղածն ընդամենը ուղեցույց սարքելն էր: Հերթական մի գրքույկ ազատ ժամերի ընթերցանության համար, որտեղից կարելի է տեղեկանալ, թե ինչ ասել է լավ քաղաք և հետո կռահել, թե ինչու մերն այդպիսին չէ:

Հենց այս հեքիաթային գրքույկի մասին էլ հանձնարարականներ տրվեցին, որ մի քանիսը գնան, միջազգային փորձն ուսումնասիրեն, համագործակցեն մասնագիտական կազմակերպությունների հետ ու վերջում Տարոն Մարգարյանին ներկայացնեն այնպիսի մի պատմություն, ինչից նրա սիրտը կհալչի: «Համոզված եմ, որ նման ուղեցույց ունենալու պարագայում մենք կկարողանանք ապահովել ավելի գեղեցիկ, հարմարավետ ու մատչելի միջավայր», – վերջում ընդգծել էրՏարոն Մարգարյանը ու այդ համոզվածությամբ էլ լքել էր խիստ աշխատանքային խորհրդակցությունը` հոգնած ճակատի քրտինքը սրբելու հեռանկարով:

Չի բացառվում, որ գալիք շաբաթների ընթացքում դարձյալ կլինեն մի քանի համանման խորհրդակցություններ` ինչպես կուշտ լինել, ինչպես անվտանգ լինել, ինչպես չարտագաղթել, ինչպես չկողոպտվել և համանման նյութերի շուրջ նոր գրքույկներ հրապարակելու ազնիվ ցանկությամբ: Եվ երևի մինչև տարեվերջ արդեն կունենանք հրաշալի մատենաշար «Տարոն Մարգարյան» տպագրատան լոգոյով:



Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am