Տարվա ինտրիգը. ո՞վ կդիմանա ու չի «հարվածի» առաջինը

 

11

hayeli.am-  ԱՄՆ-ը չի ձգտում Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմի, սակայն կպաշտպանի «աշխարհակարգի կոշտ սկզբունքները», երեկ հայտնի դարձավ այս մասին` ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի հոդվածից, որը նախատեսված է դեկտեմբեր-հունվարի համար Ռազմավարական հետազոտությունների լոնդոնյան միջազգային ինստիտուտի (IISS) պարբերականում թողարկման համար։ «ԱՄՆ-ը չի ձգտում Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմի, արդեն չասած թեժ պատերազմի մասին։ Մենք թշնամի չենք փնտրում ի դեմս Ռուսաստանի, մենք տևական ժամանակ խաղաղ հարաբերություններ ենք հաստատել»,-գրում է Պենտագոնի ղեկավարը «Ուժեղ և հավասարակշռված մոտեցում Ռուսաստանի հանդեպ» վերտառությամբ հոդվածում։ Սակայն, ինչպես գրում է նա, ԱՄՆ-ը կպաշտպանի իր դաշնակիցներին ու գործընկերներին, ինչպես նաև աշխարհակարգի կոշտ սկզբունքները։
Միաժամանակ, Թրամփը կրկնում է՝ Վաշինգտոնը և Մոսկվան պետք է համագործակցեն: ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Ռուսաստանի հետ հարաբերությունների «վերաբեռնավորման» գաղափարը, սակայն կրկնել է, որ պաշտոնական Վաշինգտոնը և Մոսկվան պետք է համագործակցեն, մասնավորապես՝ Սիրիայում իրավիճակը կարգավորելու հարցում:
Թրամփն այս մասին խոսել է The New York Times-ի խմբագիրների և թղթակիցների հետ: Իրաքի պատերազմում Միացյալ Նահանգների ներգրավվածության մասին Թրամփն ասել է, թե դա «ԱՄՆ-ի պատմության մեջ մեծագույն սխալներից էր»: Իսկ Սիրիայի հարցով Թրամփն ասել է, թե «ուժեղ գաղափարներ» ունի վեցամյա քաղաքացիական պատերազմը դադարեցնելու համար: «Մենք պետք է վերջ տանք այդ խելագարությանը, որը տեղի է ունենում Սիրիայում», ասել է ԱՄՆ ընտրված նախագահը:




Ի դեպ, Թրամփը, առանց մանրամասներ հաղորդելու, փոխանցել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Շարունակելով արտաքին քաղաքականության թեման՝ Թրամփը բավական ընդհանրական է խոսել: Նա հայտարարել է, թե Միացյալ Նահանգները չպետք է մյուս ազգերին սովորեցնի, թե ինչպես ապրել՝ կրկնելով նախընտրական շրջանում հնչեցրած հայտարարությունը, որ Իրաքի պատերազմը Միացյալ Նահանգների պատմության ամենամեծ սխալներից մեկն է:
Փաստացի Թրամփը հանդես է եկել Սիրիայում պատերազմի վերջ տալու օգտին, նույնիսկ ասել, որ «հստակ և հզոր» գաղափարներ ունի Սիրիայում վեցերորդ տարին շարունակվող դաժան քաղաքացիական պատերազմին վերջ տալու ուղղությամբ:
Իհարկե, ակնհայտ է, որ ԱՄՆ 45-րդ նախագահի պաշտոնում ընտրված միլիարդատեր Դոնալդ Թրամփի հռետորաբանությունը վերջին շաբաթներին էական փոփոխությունների է ենթարկվել: Եթե նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը հայտարարում էր, թե Օբամային համարում է ամերիկյան պատմության ընթացքում ամենավատ նախագահը, ապա The New York Times-ի թղթակիցների հետ զրույցում նա խոստովանել է, թե հեռացող նախագահը ծանոթության ընթացքում իրեն դուր է եկել: Իր մրցակից Հիլարի Քլինթոնին հանրապետական Թրամփը պատրաստվում էր բանտ ուղարկել, սակայն ընտրվելուց հետո ասում է, թե որոշել է չվերսկսել էլեկտրոնային նամակների հարցով սկանդալի հետաքննությունը, քանի որ դա կարող է պառակտել երկիրը: «Ես չեմ ուզում տառապանք պատճառել Քլինթոններին», – հավելել է նա:
Ի դեպ, Թարմփը հանդես գալով Ռուսաստանի հետ հարաբերություններում «վերբեռնում» տերմինի դեմ` հիմնավորել է այդ հանգամանքը նրանով, որ Հիլարի Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնում ձախողել է երկու երկրների միջև հարաբերությունները «վերբեռնելու» փորձը։ Հիշեցնենք, որ տարիներ առաջ հենց Հիլարի Քլինթոնն էր Ռուսաստանի հետ հարաբերությունները «վերբեռնելու» հեղինակը, աշխարհին հայտնի են Լավրով-Քլինթոն «վերբեռնման» լուսանկարները, երբ նրանք ժպտալով կոճակ էին սեղմում` իբրև Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները «վերբեռնողներ»:
Միջազգային մամուլը շարունակում է քննարկել ամենաինտրիգային համարով` Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների հնարավոր կարգավորման թեման` Թրամփի ընտրությունից հետո:
Լուրջ նախանշաններ կան, որ Թրամփը փորձում է գործարք կնքել Մոսկվայի հետ, սակայն երաշխիքներ չկան, որ նրան կհաջողվի դա անել։ Իրականում Մոսկվայի համար կարող է սպասվածից ավելի բարդ լինել համագործակցությունը ԱՄՆ հաջորդ նախագահի հետ, գրել է Financial Times-ը։
Պուտինն անակնկալները դարձրել է քաղաքական սեփական կերպարի մի մաս։ Սակայն նա նախընտրում է, որ իր բարեկամները և թշնամիները մշտական լինեն։ ԱՄՆ նոր նախագահի անկանխատեսելի անձը կարող է հանգեցնել փոթորկային հարաբերությունների՝ կարծում է Կարնեգիի Մոսկովյան կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Բաունովը։
Թրամփի մեկնաբանությունների մի մասը ակնարկ են, որ նա կարող է Ղրիմը ճանաչել Ռուսաստանի մաս, աջակցել Սիրիայի պատերազմում ռուսական մոտեցմանը։ Այս ամենը Մոսկվայի համար ականջահաճո է։ Թրամփը միևնույն ժամանակ սպառնացել է չեղարկել Իրանի հետ միջուկային գործարքը, որի նախապատրաստմանը մասնակցել է նաև Ռուսաստանը։ Եվս մեկ բարդացնող գործոն է այն հավանականությունը, որ Կոնգրեսը և Թրամփի կաբինետը կարող են զսպող դեր խաղալ։ Բացի այդ, բռնապետները միշտ չէ, որ ընկերանում են միմյանց հետ։ Պատմության մեջ բազում օրինակներ կան, որ նրանք վիճել են, ինչն իր վտանգավոր հետևանքներն է ունեցել աշխարհի վրա։

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

You might also like More from author