Տասը ամենաարագ զարգացող երկրներից հինգը ֆրանկոֆոն պետություններ են․ Կանադայի վարչապետ

25

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին այսօր ելույթ ունեցավ Հայաստան ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Վերջինս անդրադարձավ ֆրանկոֆոն պետությունների համախմբման անհրաժեշտությանը և նշեց, որ այն անհրաժեշտություն է Ֆրանկոֆոնիայի որդեգրած արժեքները պաշտպանելու և իրականություն դարձնելու համար։

Կանադայի վարչապետը նշեց, որ տասը ամենաարագ զարգացող պետություններից հինգը ֆրանկոֆոն պետություններ են, ուստի Կանադան նպատակ ունի ակտիվացնել համագործակցությունն այդ պետությունների հետ։ Ըստ Ջասթին Թրյուդոյի՝ Աֆրիկան այսօր հանդիսանում է ֆրանկոֆոնիայի շարժիչը, ուստի Կանադան ցանկանում է լինել երկարաժամկետ գործընկեր աֆրիկյան մայրցամաքի համար։

Կանադայի վարչապետը նաև ընդգծեց, որ ֆրանկոֆոն պետությունները պետք է հավասար հնարավորություններ ստեղծեն երիտասարդության համար՝ տալով նրանց սովորելու և հաջողությունների հասնելու շանս, իսկ պետությունների առաջնորդներն այս ամենին հասնել չեն կարող, եթե չընդգծեն առաջին հերթին ապահով երկիր ունենալու հանգամանքը։ Թրյուդոն խոսեց նաև այն ոլորտների մասին, որտեղ Կանադան հաջողություններ է գրանցել և առանձնացրեց կանանց իրավունքների պաշտպանության ոլորտը՝ շեշտելով, որ արդեն իսկ լուրջ հաջողություններ են գրանցել, իսկ Մալիում իրենց կողմից տարվող աշխատանքի շնորհիվ նվազել են խտրականության դրսևորումները։

Ջասթին Թրյուդոն կարևորեց նաև ֆրանսերենի տարածվածության մակարդակը և շեշտեց, որ Կանադան կհետևի, որպեսզի ինտերնետային տիրությում ֆրանսերենը չարձանագրի հետընթաց։ Իր ելույթը Կանադայի վարչապետն ավարտեց՝ շեշտելով, որ բոլորը պարտավոր են ևս մեկ անգամ վերաիմաստավորել միասին ապրելու կարգախոսը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache