good-banner
Լրահոս

«Տաշիրի Սամոն» թալանում է ազգաբնակչությանը…

 

654ebe708ffe7f0696da4a782252ab09

  lurer.com -Աշխարհում, թերևս, քիչ կգտնվեն երկրներ, որոնք, լինելով այս կամ այն ապրանքատեսակի արտահանող, նույն այդ ապրանքը մի քանի անգամ ավելի թանկ վաճառեն սեփական ազգաբնակչությանը: Որքան էլ ցավալի է, բայց փաստը մնում է փաստ, որ Հայաստանի Հանրապետությունը հենց այդպիսի թաքուբիր երկրների թվում է:

Ապրանքատեսակն այդ, սակայն, ամենևին էլ տանձ կամ խնձոր չէ, այլ մի ողջ էլեկտրաէներգիա, որից ինչպես հայտնի է, պայմանավորված ատոմակայանի գոյությամբ, մեր երկիրը շատ ունի, այնքան շատ, որ ոչ միայն կարողանում է բավարարել սեփական ներքին պահանջարկն, այլև դեռ մի բան էլ արտահանել ասենք Իրան կամ Վրաստան:

Չնայած այս ամենին՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի գները բնակչության համար շարունակում են ոչ միայն բարձր մնալ, այլև գրեթե ամիս առ ամիս աճել, ինչի դրդպատճառները, որքան էլ տարօրինակ է, այդպես էլ մինչև վերջ հայտնի չեն:

Երբ ՀԵՑ-ը դարձավ «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի անձնական սեփականությունը, ազգս լիահույս էր, որ ոլորտում տարիներով կուտակված խնդիրները վերջապես իրենց լուծումը կգտնեն: Ու չնայած ինչ-որ դրական տեղաշարժ այս առումով նկատվեց, ու կարծես համակարգում մի փոքր պակասել են թալանն ու համատարած կոռուպցիան, բայց փաստը մնում է փաստ, որ այդ ամենից ոչ մի կաթիլ Հայաստանի ազգաբնակչությունը չի շահել. այդ ամենն արվում էր գեթ մեկ նպատակով՝ գերշահույթներ ապահովելու Սամվել Կարապետյանի համար՝ բացառելով այդ ճանապարհին առաջացող հնարավոր ռիսկերը:

Այլ հարց է, որ այդ ամենը ներկայացվում էր որպես բարեգործություն, թե, բա չեք ասի, բացառապես ելնելով հայ ժողովրդի կենսական կարիքներից՝ ՀԷՑ-ը ձեռնամուխ է լինում համակարգի վերաթարմացմանը, զտմանը:

Եվ այսպես, բանից պարզվում է՝ ՀԷՑ-ը տեղացիներիս անխնա թալանի է ենթարկում: Ինչպե՞ս: Պարզաբանում ենք. 2016-ին այս կառույցի կողմից գնված էլեկտրաէներգիայի մոտ 95%-ը սպառողին մատակարարվող սակագնից կրկնակի էժան է եղել. սպառողին մատակարարված էլեկտրաէներգիայի 69%-ի դիմաց վճարել է 1 կվտ/ժ-ը 5-ից 7 դրամ, իսկ 25,4%-ի սակագինը կազմել է 22-ից 25 դրամ, և միայն 4,9 % էլեկտրաէներգիան է, որը ՀԷՑ-ը գնել է 42,9 դրամով «Հրազդան ՋԷԿ»-ից:

Իսկ սա նշանակում է, որ մեր ազգաբնակչությունը ստիպված է թանկ գնով էլեկտրաէներգիա սպառել՝ չնայած այն բանին, որ Հայաստանի համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 95%-ը կազմում է, պայմանական ասած, էժան էլեկտրաէներգիան:

Արդյունքում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» միայն այս տարվա առաջին կիսամյակի շահույթը կազմել է ավելի քան 15 միլիարդ դրամ, ինչն արդեն իսկ գերազանցում է ընկերության տարեկան պլանը:

Մի խոսքով՝ ոչ թե պարզ բիզնես, այլ՝ իսկական քաղցր շոկոլադ, որը, խոստովանե՛ք, ոչ բոլորին հասու կլիներ. ա՛յ թե ինչ է նշանակում Ռուսատանում լավ կապեր ունենալը, ա՛յ թե ինչ է նշանակում լեզու գտնելն իշխանությունների հետ…

Բայց այստեղ ամենամեծ խնդիրն այն է, որ ընկերության շահույթներն անգամ Հայաստանում չեն մնում ու արտահանվում են Ռուսաստան, ինչը նշանակում է, որ ՀԷՑ-ն այն կարևորագույն խողովակներից մեկն է դարձել, որով մեր երկրից խոշոր չափի կապիտալ ու փող է արտահանվում Ռուսաստան:

Հետո էլ ասում են՝ դրսի հայերը չեն գալիս, Հայաստանին տիրություն չեն անում: Եթե պետք է գան ու այսպես տիրություն անեն, գոհ ենք, թող մնան այնտեղ, ուր ապրում են. ի՞նչ է, Հայաստանը կթու կո՞վ է, որից բոլորը ցանկանում են կաթ ստանալ, բայց թողնել սոված…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing