Ծառուկյանը ընդունեց պարտությունը և հանձնվեց

313

1in.am — Ընդամենը մեկ շաբաթ առաջ «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամները ԱԺ հայտարարությունների համար նախատեսված նիստի ժամանակ իրար հերթ չտալով հայտարարություններ էին անում և պահանջում, որ կառավարությունը հետ տանի Բարեգործության մասին օրենքի փոփոխությունների նախագիծը: Նրանց մի մասը պնդում էր, որ այդ նախագիծը նախապես պետք է համաձայնեցվի երկրի գլխավոր բարեգործ Գագիկ Ծառուկյանի հետ, մյուսները դա համարում էին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի վերջին վատությունը Գագիկ Ծառուկյանին, իբրև թե հնարավորություն տալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը իր վրայից գցել պատասխանատվությունը: Բայց ոչինչ չօգնեց, այսօր կայանալիք ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվելու է Բարեգործության մասին օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության ներկայացրած նախագիծը, և այն ընդունվելու է: Ավելին, զավեշտալին այն կլինի, եթե «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավորները, որ մեկ շաբաթ առաջ դեմ էին այդ նախագծին, ոչ միայն մոռանան իրենց մեկ շաբաթ առաջ ունեցած ելույթները, այլ նույնիսկ կողմ քվեարկեն դրա ընդունմանը: Ինչ փոխվեց այս մեկ շաբաթվա ընթացքում:

«Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավարը իսկապես մտածում է, որ այդ օրենքը ներկայացվել է իր դեմ, և դրա նպատակը նախընտրական շրջանում իր գործողությունները կաշկանդելն է: Օրենքի ընդունումից հետո Ծառուկյանը չի կարողանալու իր ուզածի չափով փող բաժանել և դա ներկայացնել որպես բարեգործություն, որովհետև դա կարող է ընդունվել որպես ընտրակաշառք, և կառավարությունը հնարավորություն է ստանում կանխելու նման գործողությունները: Երբ այդ նախագիծը բերվեց խորհրդարան, և Ծառուկյանը իմացավ դրա մասին, նա որոշեց դրմադրել: Նա նույնիսկ մտադիր էր այն աստիճան հակադրվել Փաշինյանի իշխանությանը, որ հրապարակային հանդես գար ընդդեմ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման: «Եթե Փաշինյանը ամեն ինչ անում է, որ ես ընտրություններում չկարողանամ հաջողության հասնել և պարտվեմ, ուրեմն ես էլ ամեն ինչ կանեմ, որ այդ ընտրությունները ընդհանրապես չկայանան»,- ահա այսպիսին էր Ծառուկյանի մոտեցումը նախագծի հայտնվելուց հետո:

Նա պատրաստ էր համախմբվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեմ հանդես եկող ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ, և համատեղ պայքարել Փաշինյանի նախաձեռնության դեմ: Բայց ընդամենը մեկ օրում իրավիճակը կտրուկ և էականորեն փոխվեց: Այսօր մենք խորհրդարանում ականատեսը կլինենք այդ փոփոխությանը, երբ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները այլևս չեն հայտարարի, որ այդ նախագիծը ուղղված է իրենց բարեգութ առաջնորդի դեմ, չեն ասի, որ օրենքը ընդունվելու դեպքում կոչով կդիմեն Գագիկ Ծառուկյանին, որ նա դադարեցնի բարեգործությունը, ինչպես դա շատ սրտաճմլիկ ձևով ասում էր Նաիրա Զոհրաբյանը: Նրանք այնպիսի դիրք կընդունեն, կարծես, այդ օրենքը իրենց չի էլ վերաբերվում:

Իսկ Ծառուկյանի մոտ տրամադրության փոփոխություն տեղի է ունեցել հավանաբար հեռուստացույց դիտելիս, երբ տեսել է, թե ինչպես են ԱԱԾ աշխատակիցները կալանավորում թիվ մեկ ազատամարտիկ ու ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին: Գրիգորյանի կալանավորումը կարող էր Գագիկ Ծառուկյանի սրտով լինել, որովհետև Ծառուկյանը ատում է Գրիգորյանին, որը 2015թ. Սերժ Սարգսյանին առաջարկում էր նալել Ծառուկյանին, քանի որ և՛ մեխն է ձեռքին, և՛ նալը, և՛ մուրճը: Բայց եթե մի պահ կտրվենք անձնական վրեժխնդրությունից, ապա Մանվել Գրիգորյանի կալանավորումը Ծառուկյանին միայն կաշկանդող գործոն է: Ծառուկյանը հասկացավ, որ նոր իշխանությանը դիմադրելը բավական վտանգավոր է, և եթե իշխանությունը կալանավորում է երկրի գլխավոր երկրապահին, ապա հաստատ առանց վարանելու կկալանավորի երկրի գլխավոր բարեգործին։ Այս դեպքում անիմաստ է խոսել հանրային աջակցության և նման այլ մանր գործոնների մասին: Ճիշտ է, Ծառուկյանը այս պահին հանրային բավական լայն աջակցություն ունի, բայց բավարար է մի քանի աղմկահարույց բացահայտում, և այդ վարկանիշը կզրոյանա, և մարդիկ կզարմանան, թե մինչև այժմ ինչ միամիտ են եղել իրենք:

Այսպիսով, այսօր մենք կտեսնենք բոլորովին այլ «Ծառուկյան» դաշինք խմբակցություն, նրանք միանգամայն հանդուրժող կլինեն կառավարության նախագծերի նկատմամբ և նույնիսկ կողմ կքվեարկեն դրան: Ծառուկյանը հերթական անգամ հասկացավ, որ օլիգարխիկ իր կարգավիճակը իրեն թույլ չի տալու հակադրվել իշխանությանը, և դա որքան ճիշտ էր երեկ նախկին իշխանությունների օրոք, առավել ճիշտ է այսօր և ապագայի համար:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache