Լրահոս

Ծառուկյանի քաղաքապետի անսպասելի թեկնածուն

 

ՀՅԴ-ն հայտարարել է Երեւանի քաղաքապետի ընտրությանը ՀՀԿ-ին սատարելու մասին: Այդ հայտարարությունն անսպասելի չէ, նկատի ունենալով այն, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն հայտարարել են կոալիցիոն հուշագրի պատրաստ լինելու մասին, որ կնքելու են 2017-22 ժամանակահատվածի համար:Բայց ՀՅԴ հայտարարությունն իհարկե հարց առաջացնում է:

Մասնավորապես այն կապակցությամբ, թե արդյոք ՀՅԴ-ն մինչեւ հիմա չէր հայտարարում ՀՀԿ-ին սատարելու մասին, քանի որ վստահ չէր, որ կնքվելու է կոալիցիոն հուշագիր, կամ սատարելու հայտարարությունը պայմաններից մեկն էր՝ որ ՀՅԴ-ն դնում էր ՀՀԿ առաջ՝ մինչեւ չլինի կոալիցիոն հուշագիրը, չի լինի սատարելու մասին հայտարարություն:

Բայց դա երեւի կարեւոր էլ չէ, քանի որ հազիվ թե ՀՅԴ աջակցությունն էական նշանակություն ունի ՀՀԿ համար: Նշանակությունը գուցե ավելի շուտ բարոյական է: Թեեւ, ՀՅԴ-ն իհարկե բավական կազմակերպված ուժ է: Իսկ կազմակերպվածությունը անկասկած կարող է փոխհատուցել «քանակականությանը»:Բայց ՀՅԴ-ից ավելի կարեւոր է, թե Երեւանի քաղաքապետի ընտրությանն ինչ դիրքորոշում ունի խորհրդարանի ընտրությանը երկրորդ տեղը զբաղեցրած եւ մոտ կես միլիոն ձայն ստացած ուժը՝ Ծառուկյան դաշինքը:Ինչ կհայտարարի Ծառուկյանը, ում է սատարելու, դեպի ուր է կողմնորոշելու նա իր ընտրողներին, իր ընտրազանգվածը: Իհարկե, Ծառուկյան դաշինքը մանդատների բաժանման հարցում ստացավ բավական լուրջ հարված, եւ դրանից հետո դժվար է ասել, թե ինչքանով կարող է ընտրողի համար լուրջ կողմնորոշիչ լինել որեւէ հայտարարություն:

Բայց, այդուհանդերձ, Ծառուկյանը ունի որոշակի պատասխանատվություն, քանի որ հանդիսանում է խորհրդարանի երկրորդ ուժը եւ Սերժ Սարգսյանի ասած «պատկառելի ընդդիմություն»: Իսկ դա քաղաքական պատասխանատվություն է: Առնվազն տարօրինակ կլինի, եթե քաղաքական պատասխանատվությամբ ուժը անտարբերություն ցուցաբերի մայրաքաղաքի՝ այն էլ հանրապետության կեսը հանդիսացող մայրաքաղաքի իշխանության ձեւավորման գործընթացի հանդեպ, այդ մայրաքաղաքում ունենալով մի քանի հարյուր հազարի հասնող ընտրազանգված, համենայն դեպս մեկուկես ամիս առաջ տեղի ունեցած խորհրդարանի ընտրությանը:

Իհարկե, ամենեւին պարտադիր չէ, որ Ծառուկյանը սատարի որեւէ ուժի: Նա կարող է հայտարարել, թե չի սատարում ոչ մեկին եւ որեւէ ծրագրում չի տեսնում հեռանկար Երեւանի համար: Բայց չարտահայտվելը թերեւս կլինի անհասկանալի, անպատասխանատու եւ ոչ պատկառելի:Միեւնույն ժամանակ, Ծառուկյանի աջակցության ակնկալիք նկատելի է Երեւանի ընտրության մասնակիցների շարքում: Համենայն դեպս ուշագրավ է, որ ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչները այդ ընթացքում հայտարարել են խորհրդարանում Ծառուկյանի հետ գործակցության պատրաստակամության մասին, եթե նա հայտարարի, որ ընդդիմություն է: Բանն այն է, որ խորհրդարանի ընտրությանը ԵԼՔ-ի ներկայացուցիչների դիրքորոշումներում գերակշռում էր Ծառուկյանին ուղղված քննադատությունն ու կասկածը, թե նա ընդդիմություն է:

Անիրատեսական է Ծառուկյանի աջակցությունը ՀՀԿ-ին: Նախ, խաղն այսպես ասած այդքան չարժե, որ դրա համար կասկածի տակ դրվի «պատկառելի ընդդիմության» տեխնոլոգիան, որը դեռ պետք է աշխատի: Բացի այդ, Տարոն Մարգարյանը Ծառուկյանի խարիզմա-իմիջային մրցակիցն է, քանի որ Մարգարյանն էլ փորձում է ներկայանալ որպես ժողովրդական գործիչ, բարի գործիչ:

Ծառուկյանից աջակցություն կտրականապես չի սպասի Զարուհի Փոստանջյանը, թեեւ ըստ ամենայնի հենց Երկիր ծիրանիի մոտ է այդ աջակցությանն արժանանալու ամենամեծ հավանականությունը, քանի որ Ծառուկյանը միշտ աշխուժորեն եւ պատրաստակամորեն աջակցել է Հայաստանում գյուղմթերքի իրացման գործին, եւ նա անկասկած յուրովի կընկալի այն, ինչ խորհրդանշում է այդ ուժը: Առավել եւս, որ դա կլինի պատկառելի ընդդիմության աջակցություն արմատական ընդդիմությանը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing