Լրահոս

Ծառուկյանին «գլխից խփելու» համար պետք է անցնել իշխանության դիակի վրայով

 

«Եթե ես հետ կանգնեմ իմ խոսքից, չգնամ մինչև վերջ, ինձ գլխից խփեք. լա՞վ ա»:

Սա երկու տարի առաջ Գագիկ Ծառուկյանի կողմից արված հայտարարությունն էր:

Ճիշտ 2 տարի առաջ՝ այս օրերին, նախկին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը տարբեր ուղղություններով ակտիվացել էր: Նա ցանկանում էր հասարակության տարբեր շերտերի ու քաղաքական որոշ ուժերի հետ համագործակցելով՝ նախագահ Սերժ Սարգսյանին «գահընկեց» անել:

Ծառուկյանի «վճռական» թվացող այս քայլը հենց սկզբից կասկածելի թվաց…

Ոմանք այն «խաղ» որակեցին, ոմանք՝ «աթոռակռիվ», մի քանիսն էլ «գրազ» էին գալիս, որ սա իշխանության վերարտադրման հերթական բեմականացումն է:

Ու հենց այդ ժամանակ էլ, կասկածներ չթողնելու համար, թե ինքն իսկապես պատրաստ է երկիրն ազատել «կլանից»՝ խոստացավ. «Եթե ես հետ կանգնեմ իմ խոսքից, չգնամ մինչև վերջ, ինձ գլխից խփեք. լա՞վ ա»…

Խոստումը համոզիչ էր, ու շատերը միացան նրան, բայց քաղաքական դաշտում գիտեին, որ ինչ-որ պահից Ծառուկյանը հետ կկանգնի պայքարից, եթե իշխանական ողջ մեքենան սկսի մեծ թափով նրա դեմ աշխատել:

Պահը չուշացավ. Ծառուկյանը ոչ թե հետ կանգնեց իր խոսքից, այլ նահանջեց ու մեջքով կանգնեց դեպի ժողովուրդը:

Ծառուկյանին «գլխից խփեցին» ոչ թե նրան հավատացողներն ու նրա հետևից գնացողները, այլ, ինչպես ժամանակին Հովիկ Աբրահամյանը նկատեց, նրա «գլխին բամփեց» իշխանությունը, որը հիմա նրա քթից բռնած՝ քարշ է տալիս ուր ուզի և ինչպես ուզի:

Հիշենք թեկուզ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, որտեղ «Ծառուկյան» դաշինքի անդամները վստահեցնում էին, թե «Ծառուկյանը Հանրապետականի հետ որևէ պարագայում կոալիցիա չի կազմի»:

Այսօր արդեն նույն համոզմամբ չեն մոտենում հարցին. պարզվում է՝ Ծառուկյանը «ոչինչ չի բացառում»:

Ու ստացվում է, որ խորհրդարանում մեծությամբ երկրորդ, ընդդիմադիր ամենամեծ խմբակցության անդամներն Ազգային ժողովում այլևս անելիք չունեն, որպես ընդդդիմություն: Նրանք ստիպված, ժամանակ առ ժամանակ, իմիջը պահելու համար, ՀՀԿ-ի հրահանգով՝ ցեխ շպրտեն սրա-նրա երեսին:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ առաջիկա նիստերում ծառուկյանականները վարչապետ Կարեն Կարապետյանի կողմն են սլաքն ուղղելու. մասնավորապես՝ խոսվելու է վարչապետի չկատարած ներդրումների մասին:

Սատկած հավը գուցե ծիծաղի այս ամենի վրա, եթե իրականում պատկերն ավելի քան ողբերգական ու տխուր չլիներ: Ազգային ժողովում գաղջ է…

Դեռ օրեր առաջ Ծառուկյանը լայն ժպիտով հայտարարում էր, թե գոհ է «Կարենի աշխատանքից, որ Կարենն իր ընկերն է…», իսկ այսօր նրանք, իրենց բեմականացմամբ, պետք է համոզեն, որ դեմ են Կարենին ու նրա կառավարմանը:

Ասում են նաև, որ Ծառուկյանն այս քայլին գնացել է երկու պատճառով. նախ որպես ընդդիմություն դերի մեջ մտած դաշինքը երկար ժամանակ լուռումունջ է, իսկ հետ էլ՝ կհամոզեն հիմարներին, որ «Մուրադը կատաղել» է՝ իր ընկերություններում ստուգումներ անցկացնելու համար: Օդում կախված լուրերի համաձայն՝ իշխանության հետ պայմանավորվածությունն այդպիսին է:

Այսքանից հետո, եթե ինչ-որ մեկը փորձի Ծառուկյանին խփել գլխից՝ իր խոսքի տերը չլինելու համար, պետք է անցնի իշխանության դիակի վրայով, քանի որ նրա ցանկացած խոսքի տերն այսօր իշխող Հանրապետական կուսակցությունն է, ու Ծառուկյանի շուրթերով իշխանությունն է խոսում:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing