Ճեղքո՞ւմ, թե ռուս-թուրքական հեռահար գրոհ Արցախի դեմ

81

Lragir.am Դուշանբեում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը պայմանավորվել են նվազեցնել լարվածությունը Արցախ-Ադրբեջան ու Հայաստան-Ադրբեջան սահմանին, ինչպես նաեւ ստեղծել օպերատիվ կապի մեխանիզմներ հրամանատարների միջեւ՝ միջադեպերը կանխելու համար:

Դատելով Դուշանբեի հանդիպումների կադրերից, Իլհամ Ալիեւը սկզբում հակված չի եղել հանդիպել ու զրուցել Նիկոլ Փաշինյանի հետ, առավել եւս նստել նրա կողքին ընթրիքի սեղանի շուրջ, որի պատճառով էլ Նիկոլ Փաշինյանը հայտնվել էր սեղանի ծայրին, մենակ:

Բայց հաջորդ օրը Ալիեւն ինքն էր մոտեցել Փաշինյանին, համենայնդեպս այդպես են ներկայացնում ռուսական ԶԼՄ-ները, եւ այդ զրույցի ժամանակ էլ ձեռք են բերվել պայմանավորվածությունները:

Ռուսական ԶԼՄ-ներն այս պայմանավորվածությունները գնահատել են ճեղքում: Ստանիսլավ Տարասովն, օրինակ, Ռեգնումում նույնիսկ գրել է, որ դա նշանակում է, որ Ադրբեջանն ընդունել է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի օրակարգը, նկատի առնելով, որ բանավոր պայմանավորվածությունները դրա նախերգանքն են: Ավելին, նա նույնիսկ գրում է, թե այդ պայմանավորվածությունների արդյունքում խաղի մեջ է մտնելու նաեւ Արցախը:

Ռուսական ԶԼՄ-ներում այս ոգեւորությունը որոշակի հարցեր է առաջացնում: Բնականաբար, այս «ճեղքումը» վերագրվում է Ռուսաստանի եւ անձամբ Պուտինի ջանքերին, եւ դա հասկանալի է. Միջազգային գործերում պարբերաբար ձախողումների, մասնավորապես Սիրիայում Թուրքիային խոշոր զիջումների գնալու ու Սկրիպալների գործով նոր բացահայտումների ֆոնին ՌԴ ղեկավարին անհրաժեշտ է «դարակազմիկ» մի հաջողություն, ինչը կարող է լինել հենց հայ-ադրբեջանական պայմանավորվածությունը, նկատի առնելով այն, որ կարգավորման Մինսի խմբի ձեւաչափը թերեւս միակն է, որտեղ ռուսները համագործակցում են Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի հետ:

Մյուս կողմից, երբ Դուշանբեի պայմանավորվածությունները համեմատվում են Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի օրակարգի հետ, որը ենթադրում էր շփման գծում հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրումը, դա կարող է նշանակել որոշակի «փոխզիջում»: Բանն այն է, որ Ադրբեջանը կտրականապես հրաժարվում է այդ մեխանիզմներից, համարելով, որ դա նշանակում է Արցախի սահմանների եւ ըստ այդմ սուբյեկտության ճանաչում: Իր հերթին, այդ օրակարգերին դեմ է նաեւ Ռուսաստանը, քանի որ այդ պարագայում կորցնում է իր լիարժեք վերահսկողությունն ու «մենաշնորհը»:

Հայաստանն, իր հերթին, հայտարարում է, որ բանակցություններն իմաստ ունի շարունակել այն պարագայում, երբ այդ մեխանիզմները ներդրվեն: Թեեւ, պետք է նշել, որ թե Սերժ Սարգսյանի, թե Նիկոլ Փաշինյանի օրոք հայկական կողմն այդքան էլ «հաճույքով» չի հայտարարում այդ մասին, եւ պատճառն առավել քան պարզ է՝ դա ամերիկյան-միջազգային օրակարգ է, որը ձեռնտու է Հայաստանին, բայց որին դեմ է Ռուսաստանը:

Այսպիսով, փոխզիջման իմաստը հետեւյալն է՝ իրագործվում է սահմանի մոնիտորինգի օրակարգը, բայց առանց Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի անունը տալու, ներքին «եռակողմ» ռեժիմով, եւ բոլորը պահում են իրենց դեմքը, հատկապես Ալիեւը, ով միանշանակ դեմ է արտահայտվել այդ օրակարգերին:

Պետք է նշել, որ միջազգային հանրությունն այդքան էլ հետեւողական չէ այդ օրակարգերը պնդելու առումով: Մյուս կողմից, հայկական կողմում արդեն իսկ տեղադրվել են սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս հետեւել տեղաշարժերին բավական մեծ շրջագծով:

Չի բացառվում, որ դա նոր էլեմենտ էր այսպես կոչված կարգավորման գործընթացում, միջանկյալ ինչ որ մեխանիզմ, քանի որ ապրիլյան պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակում անհրաժեշտություն էր առաջացել համարժեք թեմա մտցնել շրջանառության մեջ:

Մյուս հարցը, որն առաջանում է, հետեւյալն է՝ ինչո՞ւ պետք է Ալիեւը համաձայնվեր: Կարելի է մի շարք կողմ փաստարկներ բերել. Ապրիլյան ռազմագործողություններից հետո Ադրբեջանի ռազմա-քաղաքական դիվանագիտությունը հայտնվել էր փակուղում: Ադրբեջանին ոչ ոք պատերազմի երաշխիք չի տալիս, միեւնույն ժամանակ՝ Հայաստանը ապրիլից հետո հստակեցրել է բանակցության իր նախապայմանները: Իսկ Նիկոլ Փաշինյանն ավելի է կոշտացրել հայկական դիրքերը՝ մի կողմից, շփման գծում կիրառվում է Ադրբեջանին պատժելու մարտավարությունը, իսկ քաղաքական հարթության վրա նոր իշխանությունը հայտարարում է միայն իր անունից բանակցելու մասին:

Այս իրավիճակում, երբ Ալիեւը մի կողմից չունի պատերազմի իրավունք ու երաշխիք, մյուս կողմից չունի դիվանագիտական «հաղթանակ» ցույց տալու հնարավորություն, կարող էր համաձայնվել նման մի իրավիճակի, որից բոլորը շահած են դուրս գալիս՝ շփման գծում կորուստները բացառելու հարցում:

Այնուամենայնիվ, ինչու է Ալիեւը գնացել դրան, եւ այս լոկալ համաձայնությանն ինչու է տրվում գրեթե աշխարհքաղաքական նշանակություն: Արդյոք Ռուսաստանը նոր «Կազանյան պլան» է մտածել, եւ այս անգամ այն փորձելու է իրականացնել ոչ թե ադրբեջանական գրոհների, այլ սիրո եւ համերաշխության պայմաններում:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը ղարաբաղյան ճակատում որեւէ ռազմական կամ քաղաքական քայլ չէր անի առանց Ռուսաստանի, իսկ տվյալ դեպքում չի բացառվում նաեւ ռուս-թուրքական որոշակի համաձայնության պայմաններում:

Ռուսաստանի պարագայում քաղաքականությունը պարզ է՝ Ղարաբաղում ռուսական զորքերի ներկայություն, տարածքների վերադարձի դիմաց, առանց որեւէ կարգավիճակի: Դա էր Կազանյան պլանի իմաստը, եւ Ադրբեջանը հենց այդ պատճառով չէր համաձայնվել այդ պլանին: Արդյոք Մերձավոր Արեւելքի շրջանում ռուս-թուրքական համաձայնությունները ենթադրում են այս պլանի իրագործումը, ռուսների կողմից այլ ուղղություններով խոշոր զիջումների դիմաց:

Հարց է նաեւ՝ Ռուսաստանը հրաժարվե՞լ է իր խնդիրները հայկական շահերի ու տարածքների հաշվին լուծելու ավանդական քաղաքականությունից, չնայած այս սխեման արդեն բավական բարդացել է:

Եվ կա եւս մեկ հանգամանք. 2021-ին լրանում է ռուս-թուրքական համաձայնագրերի 100-ամյակը. Այդ պայմանագրերը կնքվել են 100 տարով, որոնց արդյունքում Կարսը, Նախիջեւանն, ու Արցախը անցան Թուրքիային ու Ադրբեջանին, իսկ Արարատ լեռան շրջանը խլվեց Հայաստանից Բաթումը Ռուսաստանին (Վրաստանի տեսքով) Թուրքիայի օկուպացիայից վերադարձնելու դիմաց: Ի՞նչ է լինելու հայկական տարածքների այդ հատվածների հետ:

Անկախ այս սխեմաների իրատեսականությունից, Հայաստանը մեկ ճանապարհ ունի՝ հստակեցնել Արցախի հարցում դիրքորոշումներն ու քայլերը: Ամեն ինչ պետք է լինի կոշտ ու հստակ՝ առանց որեւէ վերապահման: Եթե չենք բանակցում մինչեւ հետաքննության մեխանիզմների տեղակայումը, այսինքն Արցախի սահմանի միջազգային ամրագրումը, ուրեմն չենք բանակցում, եթե Արցախը պետք է բանակցի իր խնդրի շուրջ, ուրեմն Արցախը պետք  բանակցի, եթե առաջնային խնդիրը Արցախի կարգավիճակն ու անվտանգությունն է, ուրեմն դա է առաջնային խնդիրը՝ իր շատ կոնկրետ դրսեւորումներով:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache