Ծնկի իջած գեներալը

1

Այսօր իր քաղաքական ճակատագրի մասին հոգաց ԵԿՄ ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Նա մեծ չափաբաժնով «քսմրտվելու դոզա» տվեց, որով ապահովեց իր քաղաքական հետագա հենարանը:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանն ասաց, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է իր գործով և գիտակցությամբ: «Եթե որևէ մեկդ մտածում է, որ իրենից ավելի խելացի և հայ ազգի համար ժողովրդավարություն ցանկացող մարդ կա, ապա սխալվում է: Նա միշտ նվիրված է եղել մեր երկրին, պետությանը: Նա անցել է ամեն ինչի միջով: Նա այս երկրի համար ամեն տեսակի ծառայություն մատուցել է` շարքայինից մինչև նախագահ»,- ասաց Գրիգորյանը:

Ծնկի իջած գեներալը ևս մեկ անգամ խոնարհվեց և խոսեց այնպես, որպեսզի Սերժ Սարգսյանը ձեռքը գեներալի ուսին թփթփացնելով ասի՝ ապրե՛ս:

Մանվել Գրիգորյանն այնքան զգայացունց խոսեց Սերժ Սարգսյանի մասին, որ մի պահ անգամ երանության գիրկն ընկելով՝ սկսեց քննադատել իր կողմից նախկինում գովերգած վարչապետ Կարապետյանին. «Կարեն Կարապետյանն ո՞վ ա, Կարեն Կարապետյանն ի՞նչ գիտի Արցախից, պատերազմից»:

Ընդհանրապես, զինվորականի խոսքը պետք է համեմված լինի օբյեկտիվությամբ, պահի թելադրանքով երերուն չլինի, այսինքն՝ խիստ, կայուն, «տղավարի»: Սակայն սա այդ դեպքը չէ, քանի որ, հավանաբար, Մանվել Գրիգորյանը մոռանում է, թե ինչպես է ժամանակին արտահայտվել այն մարդու մասին, ում մասին այսօր քամահրանքով է խոսում:

Անցած տարի այս օրերին, երբ գեներալին լրագրողները հարցրել էին, թե ինչպես կմեկնաբանի վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, ըստ որի` ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ անորակ դիզվառելիք է մատակարարվել զինված ուժերին, Մ. Գրիգորյանն ասել էր, թե ինքն ապրիլի 2-ից եղել է սահմանին և նման խնդիրների ականատես չի եղել. «Դե′, վարչապետ ա, կարա հայտարարի, կարա չհայտարարի: Մի հատ խոսք ասեմ` արջը մեծ գազան ա, ինչ կուզի` կանի»:

Այսինքն՝ մարդը, ով մեկ տարի առաջ դեռևս Կարեն Կարապետյանին արջի հետ էր համեմատում և որակում, թե նա ինչ կուզի, կանի, այսօր խոսում է «Կարեն Կարապետյանն ո՞վ ա» տոնայնությամբ:

Բա՞ն է փոխվել: Այո՛ : Պաշտոնների հարց է քննարկվում, կաշի փրկելու խնդիր են լուծում՝ անգամ գեներալների մակարդակով:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache