Լրահոս

Ծնված շարժումը կշարունակվի, փորձառու մարդիկ կղեկավարեն շարժումը. Արմենակ Կյուրեղյան

 

arm146976986656

1in.am  – Պարոն Կյուրեղյան, ինչպե՞ս եք գնահատում «Սասնա ծռերի»՝ զենքը վայր դնելու և հանձնվելու քայլը:

– «Սասնա ծռերը» ցուցաբերեց իսկական պետական մտածողություն, չգնաց արյունահեղության, և երկիրը չգլորվեց անդունդ: Իշխանությունը պատրաստ էր ուժի միջոցով լուծելու խնդիրը:

– Վարուժան Ավետիսյանը հայտարարեց՝ մենք ընդամենը կայծն ենք տվել, ժողովուրդը կշարունակի: Այս օրերին անընդհատ հարթակում էիք, ի՞նչ եք կարծում՝ կշարունակվի՞ սկսված գործընթացը:

– Ես կարծում եմ՝ Հայաստանում փոխվել է ամեն ինչ, և դա հետդարձի ճանապարհ չունի: Պետք է Հայաստանում արդարություն հաստատվի: Մենք՝ բոլոր հայերս, կապրենք երջանիկ մեր հայրենիքում. ես լավատես եմ:

– Պարոն Կյուրեղյան, ըստ էության՝ Ձեր երեք որդիներն էլ ազատազրկվեցին…

– Ես ունեմ այն զգացողությունները, ինչ կունենա յուրաքանչյուր ծնող: Ուղղակի դա ոչ ոք երևի չի կարող բառերով արտահայտել:

– Հասցրե՞լ եք երեկ խոսել նրանց հետ:

– Ոչ, հնարավորություն չի եղել խոսելու, եթե լիներ, ես շատ բան կուզենայի ասել: Առաջին հերթին կասեի՝ Աստված Ձեզ հետ, տղաներ, Աստված Ձեզ պահապան, թող Աստծո կամքը լինի այդ բոլոր հարցերում, թող նրա օրհնությունը լինի Ձեզ վրա:

– Պարոն Կյուրեղյան, ըստ Ձեզ՝ ամեն դեպքում ինչո՞ւ գնացին այս քայլին, ո՞րն էր պատճառը:

– Պատճառն այն իրավիճակն էր Հայաստանում, որ մարդն իր սեփական երկրում ապրում է որպես իրավազուրկ, առանց արժանապատվության, ամեն քայլափոխի մարդու արժանապատվությունը ոտնահարվում է, չկա ապրելու, աշխատելու հնարավորություն, Հայաստանը դատարկվում է, և վերջապես բաժակի վերջին կաթիլը լցրեց հողերը հանձնելու մասին Հայաստանի իշխանավորների խոսակցությունները, որ անպայման պետք է հանձնվեն, պետք է լինի փոխզիջում. դա, իհարկե, աբսուրդ է: Աշխարհում այդպիսի նախադեպ չկա, որ ապագայի խոստումների հիման վրա հողեր հանձնվեն, որ հետո Ադրբեջանը որոշի, թե ինչ անի: Իշխանությունները տղաների հետ այնպիսի կոշտ բանակցություններ վարեցին, որ եթե դրա կեսի կեսը վարեին ադրբեջանցիների հետ, հիմա այս վիճակը չէր լինի:

– Պարոն Կյուրեղյան, ի՞նչ եք կարծում՝ հողերի հանձնման թեման, որ շատ ակտուալ է վերջին շրջանում, հնարավո՞ր է՝ այս փուլում փակվի և որևէ թիզ հող չհանձնվի ստեղծված իրավիճակից հետո:

– «Սասնա ծռերը» տվեց իր օգուտը, ես մամուլում կարդացի, որ առայժմ սառեցվում է հողերի հանձնման պրոցեսը: Այսինքն՝ ինչ-որ պահ սառեցրել են, բայց հիմա՝ տղաների բռնվելուց հետո, ինչ կլինի՝ չեմ կարող գուշակել: Աստված տա, որ իրադարձությունները այնպես ազդեն, որ դա սառեցվի: Ես չեմ հասկանում՝ եթե իշխանությունները չեն կարողանում այդ հողերը չհանձնել, ինչո՞ւ լրատվություն չեն տալիս: Ես համոզված եմ, որ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը ցանկացած պետության առաջ հողերը հանձնելու նման խնդիրներ դրած լինեն. նրանք մի բան կմտածեն, իշխանափոխություն կանեն կամ ժամանակ կշահեն:

Ծնված շարժումը կշարունակվի, փորձառու մարդիկ կղեկավարեն շարժումը: Մենք այն ժամանակ հավաքվեցինք մի քանի հոգով, երբ ամեն ինչ քաոսային բնույթ էր կրում, մեր նպատակը քաոսը կանխելն էր: Տղաները ցուցաբերեցին մեծ ողջախոհություն և թույլ չտվեցին, որ արհավիրքը գա մեր տուն:

– Կմասնակցե՞ք հետագա հանրահավաքներին:

– Որպես քաղաքացի՝ իհարկե, կմասնակցեմ, ինչպե՞ս կարող եմ չմասնակցել: Եթե նույնիսկ ես միայնակ մնամ, միայնակ կմասնակցեմ:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

newhing

newhing