good-banner
Լրահոս

Ծուղակ Կարեն Կարապետյանի համար

 

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը հայտարարել է, որ Ջրառատ գյուղում կրակել են իրենց համակրի վրա, եւ նա վիրավորվել է: Ըստ տարածված տեղեկատվության, կրակողը եղել է Ջրառատի գյուղապետի եղբայրը, որը ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի բարեկամն է:

Ջրառատը Երանոսյանի հարազատ գյուղն է եւ այնտեղ փաստորեն տեղի ունեցավ նախընտրական գործընթացի առաջին լուրջ միջկուսակցական բախումը, կամ իշխանության առաջին լուրջ բախումը մասնակից ուժերից մեկի հետ, որը հանդես է գալիս ընդդիմադիր դիրքորոշումներով եւ հռետորաբանությամբ:Երկու օր առաջ գյուղում բախում էր տեղի ունեցել նախընտրական հավաք անցկացնող ՕՐՕ դաշինքի ու Երանոսյանի եղբոր՝ Սարի Թաղի դեպքերից հայտնի Լեռնիկ Երանոսյանի միջեւ, որը հայհոյել եւ սպառնացել էր ՕՐՕ դաշինքի հանրահավաքին մասնակցող գյուղացիներին:

Լեռնիկ Երանոսյանը զենք էր կիրառել, կրակել օդ, որի ձեռքից զենքը խլել էին ՕՐՕ դաշինքի անդամները:Փաստորեն բախումն ունենում է շարունակություն, եւ զենք այս անգամ կրակում է դիպուկ, վիրավորելով ՕՐՕ ներկայացուցիչներին:Ջրառատի նախընտրական միջադեպը իր ձեւով լինելով իշխանություն-ընդդիմություն, բովանդակությամբ կարծես թե շոշափում է նաեւ ներիշխանական ուշագրավ միտումներ եւ շերտեր:

Բանն այն է, որ նախօրեին նախընտրական հավաքի ընթացքում ի պատասխան լրագրողների հարցերի միջադեպին անդրադարձել էր նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը, որը ՀՀԿ ցուցակում չկա, սակայն քարոզարշավի առանցքային դեմքն է, փաստացի պատասխանատուն:Այդ իմաստով, գործնականում ցանկացած աղմկոտ միջադեպ ուղղակի թե անուղղակի ընկնում է Կարեն Կարապետյանի վրա: Ընդ որում, Կարապետյանը նախօրեին տված պատասխանում ակնարկել էր այդ մասին, հայտարարելով, թե իրենք իրենց կուսակիցներով պայմանավորվել են, որ պետք է բերեն նոր մշակույթ, վարեն նոր որակի նախընտրական գործընթաց եւ դատապարտելի է այդպիսի ցանկացած երեւույթ:

Կարեն Կարապետյանի անդրադարձի տողատակում ակնհայտորեն նշմարվում է «բայց մենք այլ բան էինք պայմանավորվել» արտահայտությունը: Կարապետյանը գիտակցում է, որ լինելով քարոզչության առաջնագծում, փաստորեն կամա թե ակամա ինքն է հայտնվում ամեն ինչի համար պատասխան տվողի կարգավիճակում: Այդ իմաստով, Ջրառատի իրադարձությանն անդրադարձի ենթատեքստում Կարեն Կարապետյանը բավական հստակ փորձում էր հասկացնել, որ միջադեպը գնահատում է նաեւ ներքին, ներիշխանական պայմանավորվածություններից շեղում եւ հարված իր դեմ:

Առավել ուշագրավ էր Կարապետյանի խոսքի այն հատվածը, որտեղ նա գործնականում անգործության կամ անարդյունավետության համար մեղադրում էր իրավապահ համակարգին, ասելով, որ թեեւ ոստիկանությունն ու իրավապահ մյուս կառույցները առընթեր են կառավարությանը, բայց նրանք ենթակա չեն իրեն: Կարեն Կարապետյանը բաց տեքստով հայտարարեց, որ նրանք գործում են այլ կանոններով, այդպիսով հստակ ակնարկելով, որ դա իր խաղի կանոնները չեն:Իրավապահ համակարգի խնդիրը Կարեն Կարապետյանը նոր չէ, որ բարձրացնում է, արձանագրելով, որ այդ համակարգը չի գտնվում իր քաղաքական ազդեցության ներքո, հետեւաբար դա նրան զրկում է իրադարձությունների զարգացման եւ փոփոխությունների հարցում լիարժեք ազդեցության հնարավորությունից:Իսկ իրավապահ համակարգը Ջրառատում ըստ էության ունի երկշերտ ներգրավվածություն՝ մեկը Երանոսյանների միջոցով, մյուսը՝ որպես հենց դեպքին արձագանքող կառույց: Իսկ եթե դեպքը ունենում է շարունակություն Երանոսյանների ձեռքով, ինչպես պնդում է ՕՐՕ դաշինքը, ապա դա նշանակում է, որ իրավապահ համակարգը երկու ձեռքով գործել է ոչ միայն ՕՐՕ դաշինքի, այլ Կարեն

Կարապետյանի դեմ, որը կանգնած է Սերժ Սարգսյանի հռչակած «լավագույն» ընտրության առաջնագծում եւ պատասխան է տալիս այն ամենի համար, ինչ կատարվում է այդ գործընթացում եւ ինչն իշխանության պատասխանատվության տիրույթում է:Այդպիսով, «լավագույն» ընտրությունը դառնում է ծուղակ Կարեն Կարապետյանի համար, ինչի մասին նա փորձեց ակնարկել նախօրեին Ջրառատի վերաբերյալ իր արձագանքում: Ընդ որում, Կարապետյանը գործնականում չունի այդ ծուղակից դուրս գալու հնարավորություն, քանի որ դրա համար անհրաժեշտ է իրավապահ համակարգի հանդեպ քաղաքական ազդեցություն: Իսկ այդ ազդեցությունը Սերժ Սարգսյանի ձեռքին է, որով էլ ինչպես երեւում է նա պատրաստում է ծուղակները Կարապետյանի համար:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing