good-banner
Լրահոս

Տեղեկություն, որ խուճապի է մատնել Բաքվին

 

arm148154251614

lragir.am —  Համացանցում տարածվել է Իսրայելի հատուկ ծառայության` Մոսադի ղեկավար Յոսի Կոենի մեկնաբանությունը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի Ադրբեջան կատարելիք այցի մասին, որը Ղազախստանի ճանապարհին տեղի կունենա մի քանի ժամով:Ըստ Մոսադի ղեկավարի, Նաթանյահուի այցը լինելու է շատ կարեւոր: Նա մասնավորապես ասել է, թե հույս ունի, որ կստորագրվի գործակցության հուշագիր երկու երկրների հատուկ ծառայությունների միջեւ: Մոսադի ղեկավարն իրեն վերագրվող տեղեկատվության մեջ նշում է, թե Իսրայելը մասնավորապես անվտանգության ժամանակակից սարքավորումներ կմատակարարի Ադրբեջանին:Թե որքանով է իրական Մոսադին ղեկավարին վերագրվող հարցազրույցը, պարզ չէ: Դրա սկզբնաղբյուր է նշվում իսրայելական հայտնի breakingisraelnews կայքը: Այն վերահրապարակել է նաեւ eadaily.com ռուսական ծագմամբ կայքը: Միաժամանակ, ադրբեջանական պրոպագանդայի մեքենաներից մեկը համարվող haqqin.az-ը այդ կապակցությամբ տարածել է ուշագրավ մի տեղեկություն:Ադրբեջանական պրոպագանդայի ոչ պաշտոնական այդ կայքը հայտնում է, թե ռուսական լրատվամիջոցները սադրիչ տեղեկություն են տարածել իբրեւ թե Մոսադի ղեկավարի հարցազրույցի մասին, որն իրականում, ըստ ադրբեջանական կայքի, մտացածին է եւ չի եղել: Ընդ որում, հետաքրքրական է, որ չկա դրա մտացածին լինելու մասին պաշտոնական հղում, ասենք սկզբնաղբյուր դիտված կայքին պաշտոնական հարցման եւ պատասխանի տեսքով: Ադրբեջանական կայքը գրում է, թե իրենց «հաջողվել» է պարզել, որ չի եղել Մոսադի ղեկավարի այդպիսի հարցազրույց: Ադրբեջանցիները գրում են, թե դա հարված է Իսրայելին ու Ադրբեջանին` Իսրայելի վարչապետի Բաքու կատարելիք այցից առաջ:Ի դեպ, ադրբեջանցիները համարում են, թե ռուսական աղբյուրները «սադրանքը» տարածել են հայկական համայնքի ազդեցությամբ: Դա իհարկե նորություն չէ, երբ Բաքվից կատարվող ամեն մի անցանկալի բան երեւում է հայկական հետքով:Այդուհանդերձ, Իսրայելի վարչապետի Բաքու կատարելիք մի քանի ժամյա այցին ընդառաջ տեղեկատվական թնջուկը բավական հետաքրքիր է: Կա նույնիսկ տպավորություն, թե ադրբեջանական կողմը խուճապի է մատնվել հրապարակված տեղեկատվությունից, կարծես ինչ որ «հանցանքում» բացահայտված լինելու համար:Ընդհանուր առմամբ, հրապարակված տեղեկությունն անկասկած չի կարող դուր գալ մի շարք սուբյեկտների, այդ թվում Ադրբեջանի «ավագ եղբորը»` Թուրքիային, ռազմավարական գործընկեր Ռուսաստանին, հարեւան Իրանին: Խոսքն ի վերջո որեւէ տնտեսական, քաղաքական, ենթակառուցվածքային, անգամ պաշտպանական ոլորտում իսրայել-ադրբեջանական գործակցության մասին չէ: Խոսքը պետությունների թերեւս սրբության սրբոց` անվտանգության, հատուկ ծառայության ոլորտում գործակցության մասին է:Եվ, օրինակ, երբ Իսրայելի աղբյուրից հայտնվում է, որ Թել Ավիվը անվտանգության արդիական սարքավորումներ կմատակարարի Ադրբեջանին, դա փաստացի նշանակում է, որ Իսրայելը կդառնա Ադրբեջանի անվտանգության ոլորտի «բաժնետեր»:Եվ այստեղ արդեն խնդիրը բոլորովին այն չէ` եղել է այդպիսի հարցազրույց, թե ոչ: Ինչպես ասում են` Ջինը բաց է թողնվել շշից, եւ ինչպես հայտնի անեկդոտում, ի դեպ՝ իսրայելական մոտիվներով` «նստվածքը հո մնում» է:

Այդ համատեքստում պատահական չէ, որ Բաքուն շտապում է այն որակել սադրանք եւ վերագրել հայկական հետքի, ըստ երեւույթին պատրաստվելով թե Մոսկվայի, թե Անկարայի, թե Իրանի տհաճ հարցերին:Մյուս կողմից, փաստը, որ ադրբեջանական հերքմանը զուգահեռ կարծես թե չկա «իսրայելական» հերքում, նույնպես հատկանշական է: Թել Ավիվն այդպիսով Նաթանյահուի Բաքու կատարելիք այցին ընդառաջ տեղեկատվական հնարքով հոգեբանական ճնշու՞մ է բանեցրել Ալիեւի վրա, թե՞ այդուհանդերձ բացահայտվել է Բաքվի եւ Իսրայելի իրական մտադրությունը:Այն, որ Իսրայելը տեւական ժամանակ գործակցում է Բաքվի հետ, մասնավորապես պաշտպանական բնագավառում, նորություն չէ: Ապրիլի պատերազմի օրերին հայկական զինուժը իր վրա զգաց այդ գործակցության հետեւանքը` մարտական անօդաչու սարքերի տեսքով, որոնք առաջին երկու օրերին բավական խնդիրներ առաջացրին հայկական զինուժի համար եւ դարձան մարդկային ցավալի կորստի պատճառ:Մյուս կողմից, այդ հանգամանքին ուշագրավ արձագանք տվեց Հայաստանը: Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ Իսրայելը հայկական կողմին էլ առաջարկել է այդպիսի անօդաչու սարքեր, սակայն հայկական կողմը նպատակահարմար չի գտել դրանց ձեռքբերումը: Պարզ չէր` նպատակահարմարությունը որոշվել է ֆինանսական հանգամանքո՞վ, թե՞ մարտավարական, երբ Հայաստանը նախընտրել է ծախս անել պաշտպանական համակարգերի ուղղությամբ:Ապրիլյան պատերազմից հետո Երեւանը դիվանագիտական այդ նուրբ ակնարկով փորձեց ցույց տալ, որ Ադրբեջանի հետ Իսրայելի այդ գործակցությունը չի դիտարկում Հայաստանի դեմ միտված նպատակային քայլ:Այդուհանդերձ, եթե իրականությանը համապատասխանի անվտանգության ոլորտում Բաքվի եւ Թել Ավիվի գործակցության մասին տեղեկությունը, եթե այն լինի ոչ թե կեղծ, այլ արտահոսք` ինչ-ինչ նպատակով կազմակերպված, ապա հարց կառաջանա օրինակ, թե Բաքվին մատակարարվելիք անվտանգության սարքավորումներն արդյոք կտեղակայվեն հայ-ադրբեջանական շփման գծում:Այդ համատեքստում ուշագրավ էր մի քանի ամիս առաջ ադրբեջանական լրատվամիջոցներում անդրադարձը հայկական առաջնագծում ամերիկյան հետախուզական սարքավորումների տեղակայման մասին, որոնք թույլ են տալիս իրականացնել մի քանի կիլոմետր խորությամբ հետախուզական դիտարկում:Արդյոք Բաքուն փորձում էր այդ առումով «վերականգնել» հավասարակշությունն Իսրայելի օգնությամբ, ինչը կարող է տապալել ավելորդ հրապարակայնացումը, քանի որ այն իհարկե առաջացնում է հարցեր ոչ միայն Հայաստանի, այլ առավել լայն համատեքստում:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing