Տեր-Պետրոսյան․ Ամենակարևորը համապատասխանությունն է Սահմանադրության և օրենքի տառին․

0

hing.am -Իշխանության ձևավորման գործընթացում ամենակարևորը Սահմանադրության և օրենքի տառին դրա համապատասխանության փաստն է, հայտարարում է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Թեև Հայաստանում տիրող ալեկոծության համատեքստում ասածս կարող է մանրուք թվալ, սակայն չեմ կարող ուշադրություն չհրավիրել հետևյալ հանգամանքի վրա։ ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածում ամրագրված է. — «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»։ Հետևաբար մանդատից հրաժարվելու՝ պատգամավորներ Գրիգոր ԱվալյանինՖելիքս Ցոլակյանին և Աղվան Վարդանյանին ներկայացվող պահանջը հակասահմանադրական է», — շեշտում է առաջին նախագահը iLur.am կայքում «Մի փոքրիկ, բայց կարևոր դիտարկում» վերնագրված հրապարակման մեջ:

«Ինչպես միջազգային հանրությունն է այս օրերին անընդհատ պնդում, իշխանության ձևավորման գործընթացում ամենակարևորը Սահմանադրության և օրենքի տառին դրա համապատասխանության փաստն է։ Սակայն առանց միջազգային հանրության հուշելու էլ ինքնըստինքյան ակնհայտ է, որ դա բխում է, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության, և թե՛ Հայաստանի շահերից։ Այլ կերպ ձևավորված իշխանության օրինակարգությունը (լեգիտիմությունը) չի ճանաչվի ո՛չ ժողովրդի, ո՛չ էլ միջազգային հանրության կողմից։ Իսկ մենք տասնամյակներ շարունակ ականատեսն ենք այն բանի, թե այս իրողությունն ինչպիսի սպառնալիքներ է ստեղծում երկրի կայունության ու ներազգային համերաշխության ապահովման հարցում», — գրում է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հիշեցնենք, երեկ Ազգային ժողովում վարչապետի ընտրության ժամանակ Հանրապետական խմբակցությունից պատգամավոր Գրիգոր Ավալյանը ներկա չէր նիստին և, ինչպես խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը հայտարարեց, հրաժարականի դիմում է ներկայացրել: Նույն խմբակցությունից Ֆելիքս Ցոլակյանը քվեարկեց առաջադրված միակ՝ Նիկոլ Փաշինյանի օգտին, թեև հանրապետականները դեմ քվեարկելու որոշում էին կայացրել, ՀՅ Դաշնակցությունից Աղվան Վարդանյանն էլ չմասնակցեց քվեարկությանը, թեև խմբակցությունը որոշել էր ընտրել Փաշինյանին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache