Տեր-Պետրոսյանի արցախյան վտանգավոր «իշմարը» Նիկոլին

150

Hayeli.am — Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ «լավատեսական ահազանգ» է հնչեցրել վերջին օրերին Ստեփանակերտում տեղի ունեցած բողոքի գործողությունների առնչությամբ: Հիշեցնենք, մի քանի տասնյակ ցուցարարներ փակել էին Ստեփանակերտի կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցը, պահանջելով ԼՂ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը։ Իսկ բողոքի ակցիան սկսվել էր, այն բանից հետո, երբ հունիսի 1-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել քաղաքացու և ԱԱԾ աշխատակցի միջև:

Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում, ասում է Տեր-Պետրոսյանն ու կոչ է անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին միջամտել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին՝ «Ղարաբաղի ներքաղաքական կայունությունը վերականգնելու և պետական մեքենայի անխափան գործունեությունն ապահովելու համար»:

«Քանի որ պահանջները հասցեագրված են Բակո Սահակյանին, նրա խոսքը, որքան էլ հեղինակավոր, համոզիչ չի լինի բողոքավորների համար: Անհրաժեշտ է մի երրորդ, չեզոք կողմի ակտիվ միջամտությունն ու հորդորը` Ղարաբաղի ներքաղաքական կայունությունը վերականգնելու և պետական մեքենայի անխափան գործունեությունն ապահովելու համար: Այդ կողմը դեռևս 1993 թվականից իրեն պաշտոնապես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր հայտարարած երկրի` Հայաստանի Հանրապետության ղեկավարն է` Նիկոլ Փաշինյանը», գրել է Տեր-Պետրոսյանը «Լավատեսական ահազանգ» վերնագրված իր ուղերձում:

«Պատերազմական վիճակում գտնվող պետության համար դրանք կարող են աղետալի հետևանքներ ունենալ: Փակագծերը չեմ ուզում բացել, հետևանքները, վստահաբար, պարզ են ցանկացած բանական մարդու համար», ասում է Տեր-Պետրոսյանն ու շարունակում․ «Որ զանգվածային բողոքի առիթ հանդիսացած միջադեպի մեղավորները խստագույնս պետք է պատժվեն, ոչ ոք չի կարող առարկել. այս կապակցությամբ ԼՂՀ նախագահը ևս հստակ հավաստիացում է տվել: Սակայն ուժային կառույցների` ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների հրաժարականի պահանջի կատարումը ծանր հարված կլինի ԼՂՀ իշխանական համակարգին, ինչից չեն հապաղի օգտվել մեր հակառակորդները: ԼՂՀ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը Բանակից հետո Ղարաբաղի անվտանգության ապահովման կարևորագույն հաստատություններն են, որոնց չի կարելի ցնցումների ենթարկել»:

Ահա, Տեր-Պետրոսյանը հիշեցնում է, որ նման մի իրավիճակ ԼՂ-ում ստեղծվել էր 1993-ին, որը հարթելու համար ինքը և Վազգեն Սարգսյանը, ուղղաթիռով մեկնել են Ստեփանակերտ, ԼՂՀ ղեկավարների հետ լուրջ խորհրդակցությունների միջոցով շատ արագ լուծել իշխանության ամրապնդման և երկրի կայունության ապահովման խնդիրը: Նա հույս է հայտնում, որ այս անգամ էլ նույնը կհաջողվի՝ հավելելով․ «Այդ գործում իրենց ազդեցությունը Ղարաբաղում պարտավոր են օգտագործել նաև Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Սամվել Բաբայանը, նույնիսկ վերջինիս անհապաղ ազատ արձակման միջոցով: Բոլոր հակասությունները մի կողմ դնելով` Բակո Սահակյանին մենակ չպետք է թողնել»:

Այսպես, առաջին հայացքից, լիովին ճշգրիտ տեքստ՝ ամուր հիմնավորումներով: Իհարկե, Տեր-Պետրոսյանը ճիշտ է գնահատում, որ Հայաստանում տեղի ունեցածի կրկնությունը Արցախում անթույլատրելի է և որ Արցախի ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների հրաժարականի պահանջի կատարումը ծանր հարված կլինի ԼՂՀ իշխանական համակարգին, և դրանից կօգտվի Ադրբեջանը: Հետևաբար, բողոքի զանգվածային գործողությունները և ճնշումները ԼՂՀ իշխանությունների վրա կարող են ծանր հետևանքներ ունենալ:

Այստեղ, ինչպես ասում են, կարելի է ստորագրել Տեր-Պետրոսյանի գնահատականի տակ և չի կարելի չհամաձայնվել նրա:

Սակայն կա մի մեծ բայց…

Առաջին հայացքից Տեր-Պետրոսյանը պաշտպանում է Բակո Սահակյանին: Այո՛, պաշտպանում է, և ինչ-որ առումով, նույնիսկ քննադատում Նիկոլ Փաշինյանին՝ նրան անուղղակիորեն անգործության մեջ մեղադրելով:

Սակայն իրականում, Տեր-Պետրոսյանը փորձում է ամրացնել Նիկոլ Փաշինյանին նաև Արցախում: Այլ կերպ ասած՝ Տեր-Պետրոսյանը «պաս» է տալիս Նիկոլին՝ «գնա, դիրքերդ ամրացրու Արցախում»:

Ի դեպ, նկատենք, որ Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացողներն էլ Նիկոլ Փաշինյանի պայքարն են մատնացույց անում՝ «վեր բարձրացրած» ձեռքերի հեղափոխությունն են տեսնում Արցախում արդարության հաստատման օրինակ:

Հաջորդ կարևոր հանգամանքը. ինչու՞ է Տեր Պետրոսյանը հիշատակում Ռոբերտ Քոչարյանին ու Սամվել Բաբայանին: Նա այդքան վստա՞հ է, որ այս մարդիկ ընդդեմ Բակո Սահակյանի չեն գործի: Գուցե Տեր-Պետրոսյանը Ժիրայր Սեֆիլյանի՞ն էլ է ցանկանում ազատության մեջ տեսնել… Վերջինս էլ, պատկերացնում ենք, թե ինչ բուռն ցանկություն ունի Բակո Սահակյանի իշխանությանը վերջ տալու՝ հին «ատամ» ունենալով՝ Բերձորի հայտնի իրադարձություններից հետո…

Միթե Տեր-Պետրոսյանը չգիտի, որ Քոչարյանը թշնամացել է իր մերձավորների հետ, որոնք Տեր-Պետրոսյանի թիմում էին հայտնվել ու փորձում էին «բուրժուադեմոկրատական հեղափոխություն» իրականացնել… Իսկ Քոչարյանը ներող տեսակ չէ, հետևաբար, նա չի ներել Տեր-Պետրոսյանին, հետևաբար նրա նամակ-կոչերը Քոչարյանին համար ոչինչ են: Հետևաբար, ինչու՞ է Տեր-Պետրոսյանը փորձում է խաղարկել բոլորի խաղաքարտերը՝ խառնելով բոլորին իրար:

Սա, պարզապես, Տեր-Պետրոսյանին խիստ բնորոշ պահվածք է:

Ու այստեղ հարց է ծագում՝ այդ ո՞վ պետք է գնա Արցախում հարցեր լուծի, որը Բակո Սահակյանից ու Պարգև Սրբազանից ավել մեծ հեղինակություն ունի Արցախում…

Թե՞ նպատակը՝ «սիրո և հանդուրժողականության հեղափոխության» պաթոսի տակ Արցախում նույնպես Նիկոլի կարգեր հաստատելն է:

Թամար Բագրատունի




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache