ՏԳԵՂ ԵՒ ԱՆԻՄԱՍՏ Է

0

hraparak.am  -Սոցիալական ցանցերում Նիկոլ Փաշինյանի դեմ «ղարաբաղյան արշավ» է սկսվել: Ինչ-որ մեկը պեղել-շրջանառության է դրել 2001թ. նրա հոդվածից մի հատված, որտեղ օգտագործված է «օկուպացված տարածքներ» ձեւակերպումը: Եւ օգտատերերն, իրենց Արցախի ճակատագրով մտահոգվածի եւ անբասիր հայրենասերի տեղ դրած, հարցերի տարափ են տեղում, թե այդ մտածողության եւ դիրքորոշման կրող Փաշինյանն ինչպե՞ս է պատրաստվում առաջնորդել Հայաստանը:

Դա շատ տգեղ եւ անիմաստ հակաքարոզչություն է, որն, ինչպես երեւում է, ուղղորդված է: Այդ տարածքներն «օկուպացված» է անվանել Ռոբերտ Քոչարյանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, իսկ Սերժ Սարգսյանն ուղղակի հայտարարել է, որ Աղդամը մեր հայրենիքը չէ: Եւ ոչ մի արցախցի հրապարակային մտահոգություն, առավել եւս բողոք չի արտահայտել: Մարդու մասին, տվյալ դեպքում՝ Փաշինյանի, չի կարելի դատել շուրջ քսան տարվա վաղեմության մի հոդվածի կոնտեքստից կտրված արտահայտությամբ: Իսկ առհասարակ հիմնովին սխալ եւ վտանգավոր է այն մտայնությունը, որ Արցախի դատը կարող է պաշտպանել Հայաստանի միայն ծագումով ղարաբաղցի ղեկավարը: Քսան տարի Հայաստանը կառավարել են Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, բայց հարցի լուծման ոչ մի արմատական քայլ չեն ձեռնարկել: Քոչարյանի օրոք են բանակցվել «մադրիդյան սկզբունքները», Սերժ Սարգսյանը դրանք ընդունել եւ, ինչպես ինքն է հայտարարել, պատրաստ էր Կազանում փաստաթուղթ ստորագրել, եթե Ալիեւը հետքայլ չկատարեր եւ նոր պայմաններ չառաջադրեր: Իսկ «մադրիդյան սկզբունքները» եւ Կազանի փաստաթուղթը ենթադրում են Լեռնային Ղարաբաղի շուրջ բոլոր տարածքների, Լաչինի միջանցքից բացի, վերադարձ Ադրբեջանին:

Դա է եղել բանակցությունների առարկան եւ Քոչարյանի օրոք, եւ Սերժ Սարգսյանի: Եւ եթե վերջինս հրաժարական չտար, ապա բանակցությունները շարունակվելու էին նույն ձեւաչափով եւ տրամաբանությամբ: Սա է իրականությունը, եւ ով էլ Հայաստանում իշխանություն լինի, ավելին չի անելու: Չի կարող անել, եթե խոսքը հարցի խաղաղ-բանակցային կարգավորման մասին է, որովհետեւ բանակցությունները ենթադրում են փոխադարձ զիջումներ: Այնպես որ հայրենակիցներիս խորհուրդ եմ տալիս վերջ տալ Նիկոլ Փաշինյանի դեմ տգեղ եւ անիմաստ արշավին: Դա արցախցուն պատիվ չի բերում:

Վահրամ Աթանեսյան




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache