Թաղի, քուչի կռվից մինչև սանձազերծվող պատերազմ՝ կարող է մեկ քայլ լինել…

41

Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Արցախյան հարցի կարգավորման մասին: «Եթե միջնորդներն իսկապես ուզում են, որպեսզի զբաղվենք կարգավորմամբ, իսկ մենք պատրաստ ենք կարգավորման, առաջին հերթին պետք է կարգի հրավիրեն Ադրբեջանի նախագահին: Եթե վերջինս մտածում է, որ սպառնալիքներով կարող է մեզ զիջման մղել, ապա սխալվում է»,- ասել է վարչապետը՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպման ժամանակ արած հետեւյալ հայտարարության. «Տպավորություն է՝ ասես Փաշինյանն ամեն կերպ փորձում է ձախողել բանակցային գործընթացը»:

Վարչապետ Փաշինյանն Արցախյան հարցի կարգավորման համար ընդգծել է համապատասխան մթնոլորտի առկայության անհրաժեշտությունը և շեշտել՝
«Եթե Ադրբեջանը մտածում է, որ ՀՀ-ին սպառնալիքներով կարող է հարցի լուծման մղել, սխալվում է: Ադրբեջանն էլ լավ չի արձանագրել, որ ՀՀ-ն հիմա ուրիշ է, մի Հայաստան է, որի շուրջ համախմբված է ողջ հայությունը՝ իր նոր ներուժով, և Ադրբեջանի ագրեսիվ գործողությունը չի լինելու ՀՀ և Արցախի դեմ, այլ լինելու է ընդդեմ հայության և լինելու է հակահարված համախմբված՝ «դուխով» հայ ժողովրդից»:

 

Փաշինյան-Ալիև մեկնաբանությունները մամուլի մակարդակից, փաստորեն, վեր չեն բարձրանում, և այս հեռահար «ապտակները» գալիս են հաստատելու, որ, ըստ էության, Արցախի հարցի վերաբերյալ բանակցությունները մտած են փակուղի:

ՀՀ Արտաքին գերատեսչության աշխատանքն այս ուղղությամբ զրոյական մակարդակի վրա է, փոխարենը՝ Ադրբեջանում պետական մակարդակով տարվում է շատ լուրջ հակահայկական քարոզչություն:

Հայկական կողմի արձագանքը ոչ համարժեք է նաև աչքի զարնող իրադարձություններին, որոնցից են, օրինակ՝ Ադրբեջանում տեղի ունեցող հնգօրյա զորավարժությունները, որոնցում ներգրավված է 20 հազարից ավելի զինծառայող, ավելի քան 200 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, 120-ից ավելի տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի և նռնականետերի ռեակտիվ համակարգեր, մինչեւ 10 միավոր կործանիչներ ու ռմբակոծիչներ, մինչև 20 միավոր տարբեր նշանակության բանակային ավիացիա:

Հայկական կողմի անհամարժեք աշխատանքի արդյունքում է, որ երեկ կրկին գնդակոծվել է Չինարի գյուղը:

Հիշեցնենք, որ երեկոյան ժամը 8:30-ից ադրբեջանական զինուժը ԴՇԿ գնդացիրներից, նաև դիպուկահարի միջոցով, կրակ է բացել հայկական պաշտպանական դիրքերի, շուրջ մեկ ժամ՝ գյուղի վրա:

Հայաստանյան ներքաղաքական լարված զարգացումներն ու Փաշինյան-Քոչարյան՝ մենամարտի վերածվող հարաբերությունները կարող են հող նախապատրաստել, որ Ադրբեջանը սանձազերծի ագրեսիվ հարձակում կամ դիվեսիա,իսկ այդ վտանգը, 4 ամիս շարունակ երկրում բացակայող արտաքին և ներքին քաղաքականության բացակայության համատեքստում՝ գնալով ավելի է մեծանում:

Ցավալի է, որ այս ամենը պետական մակարդակով գիտակցելու և գործ անելու փոխարեն՝ վարչապետ Փաշինյանը շարունակում է զբաղվել միայն Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործոնով՝ հույս ներշնչելով, որ «նման գործոն ՀՀ-ում չկա»:

«Սա իրենց թաղի, քուչի կռիվ չէ, որտեղ պարտվողները հեռանալիս ասում են՝ դե դու կփոշմանես հլը, կտենաս՝ ինչ կլինի»,-ասել է Փաշինյանը՝ չգիտակցելով, որ թաղի, քուչի կռվից մինչև սանձազերծվող պատերազմ՝ կարող է մեկ քայլ լինել:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache