Թեհրանի զգուշացումները Բաքվին. ուշագրավ հանդիպում Նախիջեւանի ֆոնին

220

lragir.am — Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել նախարարի հանդիպումը Հայաստանում Իրանի դեսպանի հետ: Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին Դավիթ Տոնոյանին շնորհավորել է պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ անվտանգության ու պաշտպանության ոլորտում հայ-իրանական հարաբերություններն այսուհետ ևս կշարունակեն զարգացման բնականոն ուղին: Այդ մասին նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Դրանում ասվում է նաեւ քննարկված հարցերի շրջանակի մասին, որտեղ բացի երկկողմ հարաբերության թեմայից, շոշափվել են նաեւ տարածաշրջանային անվտանգության և հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

Այդ հարցերը հետաքրքիր են անշուշտ մշտապես, սակայն ներկայում դրանք ստացել են առանձնահատուկ երանգ: Առանձնահատկությունն ընդհանուր առմամբ պայմանավորված է իհարկե Ադրբեջանի ռազմական շանտաժի նոր եւ ընդգրկուն ալիքի առաջացմամբ, ինչը բարձրացրել է լարվածության ֆոնը, եւ մասնավորապես Նախիջեւանի ուղղությամբ զարգացումների հանգամանքով:

Հայաստանի ՊՆ-ում հանդիպումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ հայկական զինուժը Նախիջեւանի ուղղությամբ ոչնչացրել էր ադրբեջանական դիրքերից մեկը, երբ հակառակորդը փորձել էր առաջ տված դիրքի ինժեներական ամրացման աշխատանք կատարել: Գործնականում դա Հայաստանի զինուժի բավական հատու եւ կոշտ արձագանքն էր, որը նաեւ ծանրակշիռ է քաղաքական հարթության մեջ, որովհետեւ հենց Հայաստանի զինված ուժերի դիմադրունակությունն ու գործողությունների հստակությունն է Հայաստանի դիվանագիտական-քաղաքական կշռի առանցքային բաղադրիչը:

Ի դեպ, այդ տեսանկյունից հատկանշական է, որ Դավիթ Տոնոյանն իր պաշտոնամուտին հայտարարեց, թե ամեն ինչ կանի զինված ուժերի մարտունակությունը ավելի բարձրացնելու համար, նաեւ վարչապետին «հարկ եղած դեպքում ուժի դիրքերից բանակցելու» հնարավորությունն ապահովելու համար:

Կայունությունը եւ թեկուզ փխրուն խաղաղությունը տարածաշրջանում Հայաստանից պահանջում է առաջին հերթին ուժ, եւ այդ ինքնուրույն ուժն է նաեւ, որ արդեն հավելյալ կշիռ է հաղորդելու քաղաքական, դիվանագիտական ջանքին, նպաստելով ռեգիոնալ կայունությամբ շահագրգռված այլ կենտրոնների մոտ Հայաստանի հանդեպ վստահության ամրապնդմանը եւ անվտանգության եւ կայունության խնդրում ջանքերի համատեղմանը:

Իրանը ներկայում Նախիջեւանում ունի առավելապես տնտեսական, մշակութային ներկայացվածություն, իսկ ռազմա-քաղաքական առումով այնտեղ գերակա է Թուրքիան: Սակայն Իրանի դերակատարումը Ադրբեջանի համար չի կարող դիտվել երկրորդական: Խոշոր հաշվով, իսլամական հանրապետության «ձեռքում» է Ադրբեջանում իսլամական տրամադրությունների «բանալին», եւ Բաքուն չի կարող հաշվի չառնել այդ հանգամանքը:

Իսկ Իրանը մի քանի անգամ զգուշացրել է Ադրբեջանին, որ խիստ անցանկալի է սրացումը իր հյուսիսային սահմանների մոտ, ինչը կարող է հանգեցնել նրան, որ ադրբեջանական սադրանքի հետեւանքով Իրանի հյուսիսային սահմանում հայտնվեն երրորդ երկրի ուժեր: Թեհրանն այդ կապակցությամբ նախագահ Ռոհանիի մակարդակով հայտարարել է, որ հյուսիսային սահմանում ապակայունացման որեւէ վտանգի դեպքում Թեհրանը չի նստի ձեռքը ծալած:

Ի վերջո, չափազանց խոսուն էր Իրանի վերջին ազդակը, երբ հունիսի 26-ին Ադրբեջանի զինուժի այսպես ասած 100-ամյակի առիթով Բաքվում շքերթին Իրանը ներկայացել էր մշակույթի նախարարի կարգավիճակով:

Այս համատեքստում, Երեւանում ՊՆ նախարարի եւ Իրանի դեսպանի հանդիպումը վերահաստատում է ռեգիոնալ կայունության հարցում փոխադարձ հանձնառության, վստահելիության եւ պատասխանատվության առկայությունը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache