Թեհրանն էլ զգուշացրեց Բաքվին. Երեւանին տարածություն է տրվել

2

Իրանի պաշտպանության նախարարն այցելել է Ադրբեջան, որտեղ հանդիպել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերության հարցեր, իրանցի նախարարը ասել է, որ Թեհրանը մեծ ուշադրություն է դարձնում հարեւանների հետ հարաբերությանը:Թեհրանը նախարարի այցով ըստ երեւույթին փորձել է հասկանալ, թե հյուսիսային հարեւանն ինչու որոշեց հոկտեմբերին ծրագրված նախագահի հերթական ընտրությունը տեղափոխել ապրիլ:

Թեհրանի հետաքրքրությունը գուցե հատկապես մեծացրել է այն, որ ընդունելով Մինսկի խմբի համանախագահներին, Ալիեւը հենց հաջորդ օրը հայտարարում էր Երեւանի նկատմամբ հավակնության մասին:Իրանը զգայուն է Ադրբեջանի ռազմական դիվանագիտության հարցում: Մի քանի ամիս առաջ Իրանի պաշտպանության նախարարը Թեհրանում բավական թափանցիկ տեքստով զգուշացրեց Ադրբեջանի նախարար Հասանովին, որպեսզի Բաքուն ձեռնպահ մնա ռազմական լարման մտադրությունից: Իրանցի նախարարը ընդունելով ադրբեջանցի գործընկերոջը, ասել էր, թե Իրանը հույս ունի, որ Ադրբեջանն ու Հայաստանը արցախյան խնդրում չեն անի քայլեր, որոնք կտան տարածաշրջան երրորդ ուժի մուտքի առիթ:Դա այն է, ինչ անհանգստացնում է Թեհրանին, մինչդեռ կասկած չկա, որ ռազմական լայնամասշտաբ գործողության եւ պատերազմի դեպքում արցախյան գոտում, այսինքն Իրանի սահմանին կտեղակայվեն օտար զորքեր՝ ամենայն հավանականութամբ խաղաղապահների տեսքով, ամենայն հավանականությամբ ռուս խաղաղապահների տեսքով, թեեւ Թեհրանի համար սկզբունքորեն չունի նշանակություն, թե ինչ «երրորդ ուժ» կլինի սահմանին:Այդ իմաստով, Իրանի նախարարի այցը Բաքու թերեւս նաեւ որոշակի նախազգուշական մեսիջ է, այն դեպքի համար, երբ Ալիեւը արտահերթ ընտրություն է նախաձեռնել դրանից հետո Արցախի խնդրում ռազմական քայլերի համար ձեռքերն ազատելու նպատակով:Բաքվի համար թերեւս դժվար կլինի չլսել Թեհրանին:

Կասկած չկա, որ Ադրբեջանը բացարձակապես ունակ չէ հարց լուծել բլից-կրիգով, եթե իհարկե ունակ է ռազմական հաջողության հասնել նույնիսկ տեւական պատերազմի դեպքում: Բաքուն գուցե չի պարտվի այնպես, ինչպես առաջին պատերազմում, սակայն հազիվ թե ունի հաղթանակի իրատեսական շանս: Գործոնները բազմաթիվ են, այդ թվում այն, ինչ Բաքվին նախազգուշական նպատակով մատնացույց արեց նաեւ ԱՄՆ հետախուզությունը՝ նշելով, թե պատերազմի դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի պաշտպանել Հայաստանին:Հաշվի առնելով այն, որ ԱՄՆ հետախուզության այդ զեկույցից առաջ Վաշինգտոն էր այցելել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը, թերեւս հնարավոր է ասել, որ ԱՄՆ հետախուզության զգուշացումը հենց այդ հանդիպումներից արված եզրակացության հիման վրա կատարված, այսինքն պրակտիկ զգուշացում է:Միեւնույն ժամանակ, նաեւ բավական շոշափելի է, թե ինչու նոր պատերազմի դեպքում Ռուսաստանը ստիպված է լինելու պաշտպանել Հայաստանին: Բանն այն է, որ հակառակ դեպքում Մոսկվան պարզապես կորցնելու է Հայաստանը, ունենալով ապրիլի քառօրյայի նախադեպը: Երկու տարի առաջ ապրիլին Ադրբեջանը «մսխեց» Ռուսաստանի չեզոքության, իրականում Ադրբեջանին աջակցության հնարավորությունը: Մոսկվան առնվազն տեւական ժամանակ զրկված է երկրորդ հնարավորությունից, եթե իհարկե ընդհանրապես կա այդպիսին վերստեղծելու կարողություն:Դրանից հետո փաստորեն Բաքուն ստանում է նոր նախազգուշացում՝ Թեհրանից:

Այստեղ Ալիեւի համար իրավիճակը գուցե ավելի բարդ է: Բանն այն է, որ խնդիրը ոչ միայն աջակցություն չստանալն է, այլ պատերազմի տեւականության դեպքում Ադրեջանում կարող է կտրուկ աճել իսլամական գործոնի վրա խարսխված հանրային դժգոհությունը: Գործոն, որը գտնվում է Իրանի շոշափելի ազդեցության ներքո, եւ միայն խաղաղությունն է Ալիեւին օգնում զսպել այդ գործոնն ու դրա հետեւանքը:Կասկածից վեր է անշուշտ, որ Երեւանը չի կարող հանգստանալ Ադրբեջանին ուղղված այդ նախազգուշացումների «դափնիների» վրա: Հակառակը, դրանք Երեւանի համար բացում են տարածություն եւ ժամանակ, որը պետք է լցնել պետական արդիականացման եւ էֆեկտիվության աճի միտված ինտենսիվ աշխատանքով:

Բացվող տարածությունն ու ժամանակը անսահմանափակ չեն, եւ խնդիրը այդ աշխատանքի միջոցով որակապես այլ սուբյեկտություն ձեռք բերելն է, ռեգիոնալ իրավիճակը սկզբունքային փոփոխության ենթարկելու համար, ինչը կազմում է Բաքվին ուղղված զգուշացումների չբարձրաձայնված «կոնսենսուսային» հիմքը:Ուժային կենտրոնները Կովկասը դիտարկում են բոլորովին այլ ապագայագիտական ռեժիմում, թեկուզ հաճախ նույնիսկ արմատապես հակադիր շահերի պաշարով: Բանն այն է, որ ներկայիս փակուղին եւ դեստրուկցիան խանգարում է բոլորին, անգամ շահերի իրարամերժության պայմաններում: Եվ այստեղ նոր ռեժիմի գալու հիմնարար գործոնը Հայաստանի լայն որակական վերափոխումն ու արդյունավետության նոր աստիճանի գալն է, որի համար նկատելիորեն փորձում են բացել հարաբերականորեն ազատ տարածություն եւ ժամանակ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache