Լրահոս

Թեժ վեճ Վանաձորի ավագանիում. ի՞նչ գրիչով քվեարկել. ոչ իշխանական ուժերը մտահոգված են

 

default

News.am Վանաձորի ավագանու նիստում քաղաքապետի ընտրության ընթացքում հաշվիչ հանձնաժողովի դիմաց վեճ է առաջացել: Վեճի առարկան այն է, թե քվեարկությունը պետք է տեղի ունենա ծրարո՞վ, թե՞ առանց ծրարի, նո՞ւյն, թե՞ տարբեր գրիչով:

Ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները մտահոգություն ունեն, որ իշխանությունը ճնշումներ կարող է բանեցնել ավագանու ոչ իշխանական անդամների նկատմամբ, որպեսզի նրանք քվեարկեն ոչ թե Քրիստ Մարուքյանի, այլ ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ավագանու հաշվիչ հանձնաժողովում «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Հայկազ Սիմիկյանը հայտնել է, որ հաշվիչ հանձնաժողովում քննարկման ժամանակ ՀՀԿ-ի ներկայցուցիչն առաջարկել է քվեարկությունը լինի ծրարով եւ նույն գրիչով. համաձայնել են, որ նույն գրիչով է լինելու եւ առանց ծրարի:

Այս առնչությամբ հաշվիչ հանձնաժողովի սենյակի դիմաց Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության ղեկավար  Հեղինե Բիշարյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Խնդրի էությունը հետեւյալն է, որ ուզում են օգտագործել ծրարներ, ես խոսել եմ Տիգրան Մուկուչյանի հետ, նման պահանջ չկա: Հիմա թեժ վեճը հաշվիչ հանձնաժոովւմ գնում է դրա շուրջ: Երկրորդ՝ քննարկվում է, մի գույնի գրիչ օգտագործեն: Դա էլ իրավունք չունեն, քաղաքացին ինքն է որոշում ինչ գույնի գրիչով ընտրի: Նույնիսկ մենք ԱԺ պատգամավորներս, խորհրդարանում ընտրության ժամանակ քվեարկում ենք առանց ծրարների: Ինչու պետք է 33 մարդ քվեարկի ծրարով: Մեր պահանջն է, որ ոչ ծրար լինի, ոչ էլ ճնշում լինի, թե ինչ գրիչով քվեարկեն: Սրանք հոգեբանական բաներ են, որպեսզի ճնշում գործադրեն ավագանիների վրա: Իշխանությունները նպատակ ունեն ճնշում գործադրել, որպեսզի ավագանու իրենց անդամները շեղվեն իրենց պայմանավորվածությունից, թե ում են քվեարկելու: «Համոզեն, որ որեւէ ձեւ չկա ձեր քվեարկությունը փաստելու, այնպես որ կարող եք ձեր որոշումներից շեղվել: Սա է մտահոգությունը»,-ասաց նա ու հավելեց. «Ես որեւէ մեկի համար պատասխան տալ չեմ կարող: Ես վստահ եմ, որ իմ քաղաքական թիմի անդամները քվեարկելու են այնպես, ինչպիսի որոշում կայացրել ենք»:

Իր հերթին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ասաց. «Ինդիկատորն այն է, որ եթե 18 մարդ ստորագրել է, պայմանավորվել, որ քվեարկելու է X-ի օգտին, իսկ 15 մարդ պայմանավորվել է, որ քվեարկելու է Y-ի օգտին, ու 15 մարդու աջակցություն ունեցող մարդն առաջադրվում է, նրա հույսը ո՞րն է, սա ի՞նչ է նշանակում: Հույսն այն է, որ ճնշումներ պետք է լինեն, մարդիկ քաղաքական պայմանավորվածություններից դուրս գան, եւ քվեարկեն իրենց օգտին, ուրիշ տարբերակ այստեղ չկա»:

Նշենք, որ այս պահին ընթանում է Վանաձորի ավագանու նիստը, որի ընթացքում պետք է քաղաքապետ ընտրվի: Թեկնածուները երկուսն են՝ ՀՀԿ-ից Մամիկոն Ասլանյանը, «Լուսավոր Հայաստանից»՝ Քրիստ Մարուքյանը:

Վանաձորի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ստացել էր 13, «Լուսավոր Հայաստանը»՝ 10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ:

«Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները որոշել են հանդես գալ համատեղ եւ պաշտպանել «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին: Բանն այն է, որ այդ երեք ուժերը միասին ստացել էն Վանաձորի ավագանու 33 տեղերից 18-ը, իսկ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին 15 մանդատ ունեն։ Այսինքն եթե ոչ իշխանական այս երեք ուժերը որոշեն միասնական լինելու քվեարկել «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանի օգտին, Վանաձորը կունենա ոչ իշխանական քաղաքապետ։

«Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները հուշագիր են ստորագրել եւ պաշտպանելու են «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին:

Նշենք, որ Վանաձորի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու այսօր՝ ժամը 13-ին:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara