Լրահոս

Թող փորձի ՀՀԿ-ն Սարի թաղում քարոզչություն անի. Սարիթաղցիներն այսօր ծայրահեղ քայլի են դիմել

 

Անցած տարի հուլիսի 19-ին՝ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի գրավման օրերին ոստիկանների ու սարիթաղցիների միջեւ տեղի ունեցած բախումներից հետո ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով կալանավորված 10 անձանց հարազատներն այսօր ծայրահեղ քայլի են դիմել. նրանք անժամկետ նստացույց են սկսել ՀՀ գլխավոր դատախազության դիմաց:

Շուրջ կես տարի առաջ զինված խմբի կողմից Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավումից հետո, Խորենացի փողոցից Սարի թաղ տանող ճանապարհը ոստիկանությունը փակել էր։ Սարիթաղցիները զրկված էին տրանսպորտից, չունեին նաեւ գազ, ջուր եւ ինտերնետ կապ։ Կալանավորվածներն այդ օրերին ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները։

Այսպիսով՝ Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետեւանքով տուժող է ճանաչվել 7 ոստիկան: Տուժողները, սակայն հարազատների պնդմամբ, չեն տեսել 10 կալանավորվածներին հարվածելիս, կամ որեւէ գործողություն անելիս:

Այս գործով կալանավորված Էդուարդ Զեյթունյանն արդեն 4 օր է` անժամկետ հացադուլ է սկսել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Նստացույցով եւ հացադուլով թե՛ հարազատները եւ թե՛ կալանավորները պահանջում են վերանայել իրենց առաջադրված մեղադրանքները եւ ազատ արձակել:

Զեյթունյանի կինը, որը երեկ է կապ հաստատել ամուսնու հետ, ասաց, որ նրա առողջական վիճակը շատ վատ է, դժվարությամբ էր երկու բառ խոսում: «Իմ ամուսինն արդեն 4 օր է` հացադուլի մեջ է, նույնիսկ դեղեր խմելուց է զրկված, ՔԿՀ-ից չեն տվել՝ ասելով, որ հացադուլի մեջ եք, մենք իրավունք չունենք դեղեր տալու: Բայց ես կապ եմ հաստատել ՄԻՊ-ի աշխատակիցների հետ, նրան ասել են` ՔԿՀ-ն իրավունքի ունի դեղեր տալու, ինչո՞ւ չի տալիս: Արթուր Սարգսյանի գլուխը կերան, հիմա հերթը Սարի թաղի տղանե՞րինն է»,- վրդովված ասաց Լալա Բեռնեցյանը:

Նրա պնդմամբ՝ գործով տուժող ճանաչված 7 ոստիկանը նախաքննության եւ դատաքննության ընթացքում տարբեր ցուցմունքներ են տվել. «Տուժող ոստիկաններից ոչ մեկ չի ճանաչում մեր տղաներին, չեն վիրավորվել իրենց գործողությունների հետեւանքով, ապա ո՞րն է խնդիրը: Եթե չկա մեղադրանք, չի կարողանում դատախազությունը մեղադրանքը հիմնավորի, թող բաց թողնի մեր տղաներին, ի՞նչ են 9 ամսից ավելի ընկել նրանց ետեւից: Մենք դիմել ենք այս մասով դատախազություն, ստացել ենք պատասխան, թե տղաներին առաջադրված մեղադրանքն ապացուցված է, իրենք մեղավոր են: Անժամկետ նստացույց ենք սկսել, որովհետեւ ծայրահեղ վիճակ է»,- նշեց Սարի թաղի բնակիչը:

Այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում. դատավոր Աննա Դանիբեկյանը գործով հերթական դատական նիստը հետաձգել է մեկ ու կես ամսով: Հարազատները, սակայն այստեղ դիտավորություն են տեսնում. «Այսինքն՝ նիստը կլինի ընտրություններից հետո, իրենք էլ գիտեն` ինչ են իրականացնում, որ արդեն ոչ մի բան չկարողանանք փոխել»,- նկատեց Բեռնեցյանը: Սարիթաղցիները վճռական են տրամադրված, ավելին՝ սպառնում են, որ թաղամասում թույլ չեն տալու ՀՀԿ-ն քարոզարշավ անի: Նշենք, որ Կենտրոն վարչական շրջանում պատգամավորության թեկնածուն Գագիկ Բեգլարյանի եղբայրն է՝ Հակոբ Բեգլարյանը: «Ձայներ հավաքելուց նոր Սարի թաղին հիշում են, Հանրապետականները ընկել են դռնեդուռ, մարդկանցից ձայներ են հավաքում, էլ ո՞վ իրենց ձայն կտա, թող փորձվի մեկը բարձրանա Սարի թաղ ու քարոզարշավ անի, էն ժամանակ իրենք կտեսնեք` ավելի բեթար օրն են ընկնելու»:

Նստացույցի մյուս մասնակից, գործով կալանավորվածներից Հարություն Թորոսյանի եղբայրը՝ Թորոս Թորոսյանը, Դատախազությունից պահանջում է փոխել տղաներին առաջադրված մեղադրանքը, քանի որ այն` ինչ առաջադրվել է բնակիչներին, իրականությանը չի համապատասխանում: Նա պնդեց, որ ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները։ «Տուժող ոստիկաններն են ասում, որ հարցը կենցաղային է եղել, էդ դեպքում ի՞նչի մասին է խոսքը: Բոլորը զբաղված են նախընտրական քարոզարշավով, բայց մոռանում են, որ թաղից տասը կալանավոր եղել է հանրապետականների օրոք ու ես շատ կուզենայի, որ մեր վարչապետը անդրադառնար սրան: Ոսկի սարեր են խոստանում: Ես թքած ունեմ էդ 3 մլդ ծրագրերի վրա, եթե մարդիկ դուրս են գալիս փողոց իրենց խոսքը, բողոքը հնչեցնելու ու կալանավորվում են: Ոնց որ մեր վարչապետն ասում է՝ դուխով գնացեք ընտրեք, ես մի հատ ուզում եմ դուխով իրեն հարց տալ՝ բա ո՞նց է տեղի ունեցել այս դեպքը ու մինչ այսօր այդ հարցին ոչ մեկ չի անդրադառնում»,- նշեց Թորոսյանը:

Վերջինիս եղբայրը նույնպես առողջական խնդիրներ ունի՝ սրտի հետ կապված: Թորոսյանի պնդմամբ՝ եղբայրը հիվանդությունը ձեռք է բերել կալանավորվելուց հետո. «Մինչեւ կալանավորվելը բոլոր 10 տղաներն էլ առողջ են եղել, այդ պայմաններում ով էլ ապրի, էնքան հիվանդություններ ի հայտ կգան, որ ասելու չի: Ի՞նչ եղավ Հաց բերողի հետ…թող գնա մոմ վառի Արփինեն (նկատի ունի Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, հեղ.), որ ՔԿՀ ում չմահացավ, իրենք սարքեցին, ստեղծեցին այն պայմանները, որ էդ մարդը մահանար»,- նկատեց Սարի թաղի բնակիչը:

Նստացույց հայտարարած Սարի թաղի բնակիչներին միացավ նաեւ Ցեղակրոն կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ողջունում է յուրաքանչյուր պայքարող մարդու՝ ով դուրս է գալիս հանցավոր ռեժիմի դեմ եւ ցանկանում է ինչ-որ խնդիրների լուծում տալ: «Իշխանությունը չի տարբերում՝ սա սոցիալական հարց է, թե՝ քաղաքական ու բոլորին նույն հոդվածներով մեղադրանք է առաջադրում՝ տեռոր, խուլիգանություն, ապօրինի զենք…Աջակցելու եմ` ինչով կկարողանամ, ինչով հնարավոր է, կօգնեմ»,- ասաց Շահենը:

Սարի թաղի 10 կալանավորված անձինք «Ազատություն եւ հայրենիք» հիմնադրամի շահառուներ են: Ընտանիքները գտնվում են սոցիալապես ծանր վիճակում:

Գործով կալանավորված 9 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելը): Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 5-ից 10 տարվա ազատազրկում:

Սարիթաղցիները պատրաստվում են իրենց նստացույցը շարունակել այնքան ժամանակ, մինչեւ հարցը դրական լուծում ստանա:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing