Լրահոս

Թոխմախի Մհերն առաջինը զգաց ավարտը

 

arm147521462223

lragir.am – Հրապարակ թերթը գրել է հերթական «էլիտար» հարսանիքի մասին: ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդու հարսանիքը սակայն փոքր է եղել, «էլիտան» ներկա չի եղել:
Այս հանգամանքը հատկանշական է մի քանի օր առաջ տեղի ունեցած մեկ այլ, ըստ մամուլում հայտնվող տեղեկությունների՝ խիստ շքեղ հարսանիքի ֆոնին: Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքին ներկա են եղել բոլորը, բացի Հովիկ Աբրահամյանից, որն այդ ժամանակ արդեն հրաժարական էր տվել եւ հեռացել Հայաստանից:
Հայաստանում այս հարսանիքները վաղուց դադարել են լինել զուտ հարսանեկան արարողություն եւ համակարգի կենսագործունեության անբաժան մասն են, քանի որ իշխող «էլիտան» այդպիսով խորացնում է տարատեսակ կապերն ու պարտավորվածությունները:
Սակայն Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքը դարձավ «դարակազմիկ» ոչ թե իր շքեղության ու մասշտաբի, այլ համակարգային իրողությունների համատեքստում:
Երկու տարի առաջ տեղի ունեցած մի «հարսանիք»՝ համեմված «բուրժուա-դեմոկրատական ոչ իշխանական» հեղաշրջմամբ, կառավարությունում հավաքեց քրեա-օլիգարխիային: Այս գործընթացը երկու թիրախ ուներ՝ կառավարությունը՝ այսինքն ֆինանսական հոսքերն ու արտոնությունները, եւ Հայաստանի ինքնիշխանության ոչնչացումը՝ եվրասիական եւ այլ նախագծերին բռնակցելու անշրջելիությունն ապահովելով:
«Հարսանիքը» հաջողվեց: Բոլորին հավաքելով մի տեղում եւ նույն «կապվածության» մեջ, սկսվեց դրա ապամոնտաժման գործընթացը: Նախ ցրվեց «բուրժուա-դեմոկրատիան», որից հետո կառավարությունն ու հատկապես վարչապետը հայտնվեցին «օդից կախված» իրավիճակում, երբ արդեն կարելի էր դրա վրա դուրս գրել բոլոր ձախողումները թե ներքին, թե արտաքին ոլորտներում: Դա տեղի էր ունենում քայլ առ քայլ, ավելի ու ավելի խորացնելով այդ իրավիճակը:
Ի վերջո, կառավարությունը հրաժարական տվեց, որից հետո էլ տեղի ունեցավ Բեգլարյանի որդու հարսանիքը, որտեղ «բոլորը հավաքվեցին» վերջին անգամ:
Դրանից հետո տեղի ունեցան փոփոխությունները:
Կառավարության փոփոխության վերաբերյալ քննարկումները շարունակվում են, տարբերակներ ու վարկածներ են առաջ քաշվում, որոնք անշուշտ արտացոլում են իրողությունները: Տեղի են ունենում խորքային զարգացումներ, որոնք կապված են համակարգային ճգնաժամի պատճառների ու մասշտաբների հետ: Այս գործընթացների թիրախն անկասկած համակարգն է եւ նրա քաղաքական ցուցանակը՝ ՀՀԿ-ն, ընդ որում նկատելի է, որ այստեղ առայժմ անորոշություն կա այն առումով, որ չի գիտակցվում՝ ինչու այդպես եղավ եւ ուր է տանում այս ամենը:
Ընդ որում, իրավիճակի ողջ հմայքն այն է, որ շատ բան Հայաստանում կատարվում է սիմվոլների մակարդակում, որոնք կապված են «ազգային ու համակարգային առանձնահատկությունների» հետ, եւ այս խնդրին կանդրադառնանք հետագայում:
Մինչ այդ, համակարգի հենասյուներից մեկը՝ Մհեր Սեդրակյանը, որդու հարսանիքն արել է համեստ ու փոքր շրջանակով, առանց «էլիտայի» ներկայության: Դա խորհրդանշում է ժամանակաշրջանի ավարտը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am