Լրահոս

Թրամփի ընկերությունը խզել է Ադրբեջանի հետ պայմանագիրը. Բաքվում Trump Hotel չի բացվի

 

azasaa-thumb

tert.am— ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Trump Organization ընկերությունը վերջերս, այսպես կոչված, «housecleaning»-ի (տան մաքրման աշխատանքներ) շրջանակում խզել է օտարերկրյա 3 պայմանագիր՝ այդ թվում մեկն Ադրբեջանի հետ:

Ինչպես նշում է CNN-ը, այս մասին հայտնել է ընկերության իրավաբան Ալան Գարթենը՝ հստակեցնելով, որ պայմանագրերից 2-ը վերաբերում էին Բրազիլիայում, իսկ 3-րդը՝ Ադրբեջանում Թրամփի անունը կրող լյուքս դասի հյուրանոցների կառուցմանը:

Մինչդեռ talkingpointsmemo.com կայքը հավելում է, որ Բաքվում բացվելիք Trump Hotel-ի մասին տեղեկությունները Դոնալդ Թրամփի պաշտոնական կայքից հեռացվել էին դեռևս 2015թ. դեկտեմբերին, երբ հայտնի էր դարձել, որ միլիարդատերը պատրաստվում է որպես թեկնածու առաջադրվել ԱՄՆ նախագահական ընտրություններում: Այն ժամանակ հայտարարվել էր, որ Բաքվի նախագիծը հետաձգվել է, ու հյուրանոցի բացման ամսաթիվն էլ որոշված չէ:

Ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ չեղարկված նախագծում Թրամփի գործընկերն էր Ադրբեջանի տրանսպորտի նախարարի որդին՝ Անար Մամադովը, որը մեղադրվում է փողերի լվացման համար:

Աղբյուրը նկատում է, որ Թրամփի՝ բիզնես գործունեությունն անհանգստացնում է ամերիկացիներին, որոնք ցանկանում են, որ նորընտիր նախագահը կենտրոնանա իր պարտականությունների վրա:

Հայտնի է, որ 70-ամյա հանրապետականը պաշտոններ է զբաղեցնում ավելի քան 500 ընկերությունում, որոնց մի մասը բիզնեսով է զբաղվում ԱՄՆ սահմաններից դուրս՝ Թուրքիայում, Քաթարում, Սաուդյան Արաբիայում և այլ երկրներում:

Ավելի վաղ միլիարդատերը հայտարարել էր, որ նախքան երդմնակալության արարողությունը, որը կայանալու է հունվարի 20-ին, վերջ կտա գործարարությանը:

Նշվում է, որ Թրամփն իր կայսրության կառավարումը փոխանցելու է երեխաներին:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing