Թրամփի նամակն Ալիեւին. չխանգարել Հայաստանին ու Վրաստանին

246

lragir.am — ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահին՝ Հարավային գազային միջանցքի գործարկման կապակցությամբ, որ տեղի է ունեցել նախօրեին Բաքվում: Դրանով Բաքվի գազը պետք է Վրաստանով հասնի Թուրքիա ու Եվրոպա, փաստացի դառնալով Եվրոպայի էներգետիկ այլընտրանք:

Ազատություն ռադիոկայանը, հղում անելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը, հայտնում է, որ նամակում նշված է, որ Ադրբեջանի նավթի խոշոր հանքավայրերը նպաստում են միջազգային էներգետիկ շուկայի կայունությանը, իսկ գազի արդյունահանումը՝ Թուրքիայի և Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը: Նամակում նաև նշված է Ադրբեջանի տնտեսական և իրավական բարեփոխումներին աջակցելու և հետագա համագործակցության մասին, որպեսզի Կովկասյան տարածաշրջանը լինի ավելի բարգավաճ՝ հանուն խաղաղության և անվտանգության:

Նախօրեին գործարկված նախագիծը դիտարկվում է իբրեւ Եվրոպայի համար ռուսական գազի այլընտրանք, կամ այլ կերպ ասած՝ իբրեւ հակառուսական նախագիծ: Իրականում այստեղ ոչինչ միարժեք չէ, նկատի ունենալով այն, որ ըստ փորձագիտական գնահատականների` գազամուղը կա, սակայն կա նաեւ այն իրապես մեծ ծավալներով լցնելու խնդիր:

Ավելին, եթե խոսքը Եվրոպայի էներգետիկ անվտանգության մասին է, ապա մեծ հաշվով բավական բարդ է ասել, թե արդյոք Թուրքիան այլընտրանք է Ռուսաստանին: Ըստ այդմ, խոսքն ավելի շատ կարող է լինել ոչ թե Ռուսաստանից անկախության, այլ Թուրքիայից կախված լինելու մասին: Հատկապես, եթե խոսքը էրդողանական Թուրքիայի մասին է: Այլ հարց է, եթե օրինակ հունիսին տեղի ունենալիք արտահերթ ընտրությանն Էրդողանը տապալվի, ինչի հնարավորությունը սակայն մեծ չէ, գոնե առայժմ:

Ըստ այդմ, նոր գազային ենթակառուցվածքի պարագայում Եվրոպայի էներգետիկ այլընտրանքի եւ անկախության մասին խոսելը մեղմ ասած դեռ վաղ է: Խոշոր հաշվով, Եվրոպայի համար իրավիճակը չի պարունակում սկզբունքային, խորքային փոփոխության հեռանկար, ինչը դժվար է չասել Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերության մասով: Որովհետեւ Անկարան ստանում է Մոսկվայի հանդեպ որոշակի առավելություն. ունենալով Եվրոպայի համար «այլընտրանքի» բանալի, Անկարան կարող է ցանկացած պահի տորպեդահարել Եվրոպայի դեմ գազային մահակը խաղարկելու ռուսական որեւէ մտադրություն: Ի՞նչ փոփոխության կբերի այդ հանգամանքը ռուս-թուրքական հարաբերության մասով, դեռ իհարկե վաղ է խոսել, քանի որ միջնաժամկետ հեռանկարում նոր գազամուղը չի բերի Եվրոպայի էներգետիկ մատակարարումների կառուցվածքի խորքային փոփոխության, ըստ այդմ նաեւ հարակից աշխարհքաղաքական արագ ազդեցության:

Ալիեւին ուղղված Թրամփի նամակի մի շեշտադրում ուշագրավ է մեկ այլ համատեքստում՝ ռեգիոնալ անվտանգության, հատկապես այդ հարցում տեղի ունեցող մի քանի էական եւ խորքային վերափոխումների ֆոնին, այդ թվում Հայաստանի ու Վրաստանի մասով: Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխության ճանապարհով իշխանափոխություն, որը ձեւավորում է սկզբունքորեն նոր Հայաստան եւ ինչը արդեն իսկ արժանացել է Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահների հաջորդական ճանաչմանը:

Նոր Հայաստանը ունի ռեգիոնալ որակապես այլ քաղաքական թրենդեր ձեւավորելու լավ հնարավորություն: Կօգտագործվի այդ հնարավորությունը, ինչպիսի արդյունավետությամբ, իհարկե հարցեր են: Բայց հնարավորությունն ու պահը ակնառու են: Դրան զուգահեռ, ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Վրաստանը ամեն ինչով պատրաստ է անդամակցության: Նա փաստորեն չի խոսել Աբխազիայի եւ Օսիայի հակամարտությունների մասին, որ ավանդաբար եւ նաեւ ՆԱՏՕ կանոնադրության ուժով խանգարող հանգամանք են: Այդպիսով, ՆԱՏՕ-ն փաստացի մի կողմից «ճանաչում» է դրանց հանդեպ ՌԴ իրավունքը կամ իրավասությունը, մյուս կողմից նաեւ արձանագրում կարծես թե կարեւոր մի նախադեպ՝ ռեգիոնալ անվտանգության հայեցակարգերի առաջմղում` շրջանցելով քաղաքական հակամարտությունները: Այսինքն, հակամարտությունների հետագա քաղաքական կառավարումն է պայմանավորվում անվտանգության նոր մեխանիզմով, ոչ թե այդ մեխանիզմի ճակատագիրն է կախվում հակամարտությունների կարգավորումից:

Այդ համատեքստում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նաեւ պետքարտուղար Պոմպեոն վերջին օրերին արդեն երրորդ նամակն են հղում Ալիեւին, որոնց տողատակում բավական հստակ ակնարկվում է նրանից ունեցած գործակցության ակնկալիքը կամ սպասումը, հանուն ադրբեջանա-ամերիկյան հարաբերության ու նաեւ ռեգիոնալ կայունության ու անվտանգության, որի մասին շեշտում է Թրամփը երրորդ նամակում: Երրորդ նամակի տողատակը ուշագրավ է հենց դրանով, որ Թրամփը  Հայաստանի եւ Վրաստանի շրջանակում տեղի ունեցող վերափոխումների եւ մոտեցումների սկզբունքային փոփոխության ֆոնին մատնացույց է անում ռեգիոնալ անվտանգության հարցում Ադրբեջանի դերը, որն ավելի շատ կառուցվում է չխանգարելու, ռիսկեր չառաջացնելու սկզբունքի վրա, դրա դիմաց Բաքվին ընձեռելով էներգետիկ բիզնեսի հնարավորություն:

Թրամփի եւ Պոմպեոյի առաջին երկու նամակներից հետո, որտեղ նրանք նաեւ շոշափում էին Արցախի հարցում Ալիեւից ունեցած սպասման հարցը, ԱՄՆ մեկնեց Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը: Ըստ երեւույթին նրա հետ շփումներից հետո ԱՄՆ եզրակացրել է, որ Ալիեւը ամբողջապես չի ըմբռնել, թե ինչ է սպասում ԱՄՆ: Դրանից հետո Թրամփի անունից հղվել է նոր նամակ, արդեն կարծես թե առանց արցախյան գործընթացի հիշատակման եւ անվտանգության ու կայունության հարցում ավելի պարզ ու մատչելի բացատրության:



Загрузка...