Թրամփի շնորհավորանքի գլխավոր եզրահանգումը

26

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Նյու Յորք կատարելիք այցին ընդառաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձով դիմեց նրան ՀՀ Անկախության տոնի առթիվ: ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է, որ այս տարի Հայաստանը տոնելու շատ բան ունի: Ուղերձի համաձայն, խաղաղ, ժողովրդական շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում, և «մենք պատրաստ ենք աշխատել Ձեզ հետ՝ օգնելու իրագործել կոռուպցիան արմատախիլ անելու, անկախ դատական համակարգի, քաղաքական և տնտեսական մրցակցության վրա հիմնված ներկայացուցչական ու հաշվետու կառավարում և իրավունքի գերակայություն հաստատելու ձեր ժողովրդի կամքը»:

«Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որը կարող է նաև նոր հնարավորություններ բացել հայ-ամերիկյան գործակցության համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն՝ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ձեզ հետ հակամարտությանը տևական խաղաղ լուծում գտնելու շուրջ: Այս տարին նաև նշանավորվում է Հայաստանի Առաջին Հանրապետության և հայ-ամերիկյան բարեկամության հարյուրամյակով: Լիահույս եմ, որ 100 տարի առաջ մեկնարկած մեր գործակցությունն այսուհետ առավել կամրապնդվի: Այս առանձնահատուկ հարյուրամյա հոբելյանի առթիվ լավագույն մաղթանքներս եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին»,- ասված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ևս շնորհավորել էր հայ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ, հիշատակելով նաև Հայաստանի Առաջին Հանրապետության հարյուրամյակը: «Այս տարի Հայաստանում տեղի են ունեցել նշանակալի փոփոխություններ: Խաղաղ ժողովրդական շարժումը, որը կառավարություն ձևավորեց, հայոց պատմության նոր ու հետաքրքիր էջ է բացել: Ես անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի ժողովրդի ու կառավարության հետ աշխատանքին, քանի որ դուք փորձում եք ստեղծել ամուր ժողովրդավարական ինստիտուտներ, պայքարել կոռուպցիայի դեմ և տնտեսական աճ արձանագրել»,- նշել է Պոմպեոն:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ, շնորհավորելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ Դոնալդ Թրամփը նշել էր, որ առաջիկայում հնարավորություն կընձեռվի կարգավորել ԼՂ հակամարտությունը:

Մեզ հետ զրույցում ռուս միջազգայնագետ Ֆյոդոր Լուկիանովը մեկնաբանելով ամերիկյան կողմի շնորհավորանքը՝ նշեց, որ սա առաջին լուրջ արձագանքն էր ԱՄՆ ղեկավարության կողմից՝ ուղղված ՀՀ նոր իշխանություններին:

Նրա դիտարկումների համաձայն` նոր գաղափարներ այս տեքստում չկան հայ-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ: «ԱՄՆ դեսպանները սովորաբար այս թեմաների մասին խոսել են Հայաստանում, իսկ քանի որ այս իշխանությունն իրեն դիրքավորել է՝ որպես կոռուպցիայի դեմ պայքար իրականացնող ուժ, ամերիկյան կողմի` աջակցության պատրաստակամության վերահաստատման անհրաժեշտություն էր առաջացել: Այստեղ ես նմանեցնում են ԵՄ և ԱՄՆ հռետորաբանությունները, տպավորություն է, որ հայկական կողմի գաղափարներին են սպասում աջակցության վերաբերյալ:

Իսկ ընդհանուր առմամբ ամենակարևոր եզրահանգումն այն է, որ այս ուղերձից պարզ է դառնում, թե ԱՄՆ-ը այս տարածաշրջանում ինչպիսի վերաբերմունք ունի առանձին երկրների նկատմամբ, ինչպես է դիտարկում խնդիրները, ինչ առաջնահերթություններ ունի:

Բնականաբար, ամենահետաքրքրական դիտարկումը վերաբերում էր ԼՂ հակամարտությանը, որը ևս նոր չէր, և որից, ըստ ամերիկյան կողմի, բխում է հայ-ամերիկյան հետագա համագործակցությունը: Այս մասին ուղերձ էր հղել Թրամփն Ադրբեջանի նախագահին ևս Առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ:

Եվ այն ձևակերպումները, որոնք օգտագործում է ԱՄՆ նախագահը, բնականաբար, մենք գիտենք, որ այս տեքստերը նա չի կազմում, Ադրբեջանի և Հայաստանի դեպքում գրեթե նույնն են` ԼՂ հակամարտության շեշտադրմամբ, ինչը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի համար գոյություն ունի տարածաշրջան և դրանում ԼՂ հակամարտություն, որի կարգավորումն իսկապես որոշակի առումով կարևոր է ամերիկյան կողմի համար, քանի որ ԱՄՆ-ը այստեղ ԵԱՀԿ ՄԽ անդամ երկիր է, Ռուսաստանի հետ համաձայնեցված է աշխատում:

Սակայն մյուս բոլոր հարցերից ԱՄՆ-ը կարծես բավականին հեռացած է և սպասում է հայկական կողմի նախաձեռնողականությանը»,- նման տեսակետ հայտնեց Ֆյոդոր Լուկիանովը՝ հավելելով, որ հայ-ամերիկյան հարաբերություններում շատ բան կախված է Հայաստանից:

Իր հերթին՝ ամերիկացի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին նշեց, որ ուղերձն արտահայտում է հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը` ներքին բարեփոխումներին աջակցություն, տնտեսական բաղադրիչ և ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտություն: Ըստ նրա, դրական է, որ կա գնահատական նաև ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններին, կա դրական սպասում ՀՀ կառավարության աշխատանքից, դրական համագործակցության ակնկալիք, թեև արագ արդյունքների ապահովումը դժվար խնդիր է լինելու ՀՀ Կառավարության համար, և այդ բացը ՀՀ կառավարությունը փորձում է, փորձելու է լրացնել աշխատանքում բարձր թափանցիկության օգնությամբ:

Սթրոնսկու կարծիքով՝ թափանցիկ աշխատանքը հասարակությանը դրական փոփոխությունների հույս է տալու:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի համար հարավկովկասյան երկրների կարևորությունը չափազանցված է, հատկապես, երբ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունում որևէ փոփոխություն չի սպասվում:

«ԱՄՆ-ը դրան նորմալ է վերաբերում, այս տարածաշրջանի, ԼՂ հակամարտության և Հայաստանի նկատմամբ Վաշինգտոնի հետաքրքրությունը ցածր է, ինչը նաև բնական է: Օրակարգի գլխավոր մասը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն է, որով զբաղվում է նաև ամերիկացի դիվանագետ, բնականաբար ցանկալի կլիներ, որ գործընթացը, որին իր մասնակցությունն ունի նաև ԱՄՆ-ը, հաջողությամբ ավարտվի, կամ ԱՄՆ միջնորդությամբ դրական հանգրվանի հասնեն հակամարտող կողմերը:

Կարծում եմ` այս ցանկությունն էր Թրամփի Ղարաբաղյան դիտարկումների հիմքում ընկած»,- ասաց Սթրոնսկին:

Նրա կարծիքով՝ ՄԱԿ ԳԱ շրջանակում Փաշինյան-Թրամփ հանդիպում չի կայանա ոչ թե ՀՀ կառավարության նկատմամբ անվստահության կամ խնդիրների պատճառով, այլ այն, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը ցածր է, քաղաքական հրատապ լուծում պահանջող հարցեր չկան երկկողմ օրակարգում:

«Սակայն այս միջոցառմանը ՀՀ վարչապետը ելույթ կունենա, հանդիպումներ կունենա, ԼՂ հակամարտության հետ կապված քննարկումներ կունենա կուլիսներում: Ընդհանուր առմամբ կարծում եմ` այս մասնակցությունը դրական կարող է լինել հայկական կողմի համար՝ հաշվի առնելով միջոցառման մասշտաբները»,- ասաց վերլուծաբանը:

Փոլ Սթրոնսկին համամիտ է իր ռուս գործընկերոջ այն կարծիքին, որ համագործակցության որակը որոշակիորեն ձևավորում է հայկական կողմը:

«Սակայն հանգամանքը, որ սա հեռու տարածաշրջան է ԱՄՆ-ի համար, այն հանգամանքը, որ Թրամփը հստակ ծրագիր ունի՝ կենտրոնանալ ԱՄՆ-ի համար առաջնային կարևորություն ունեցող ներքին և արտաքին խնդիրների վրա, այս տարածաշրջանները և այս երկրները ավելի ետին պլան են մղված: Այս դեպքում կարևոր է նաև այն, թե ինչ օրակարգ ունի հայկական կողմը, ինչ պատկերացում ունի հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակության վերաբերյալ, ինչ ծրագրեր կմշակվեն, ինչ առաջարկներ կուղղվեն ամերիկյան կողմին աջակցություն ստանալու նպատակով, ԱՄՆ-ը հայտնեց, որ պատրաստ է աջակցել, մնացած արդյունքը կլինի ՀՀ նոր կառավարության ջանքերի հետևանքը»,- ասաց նա:

 




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache