Լրահոս

Թրամփն ու Պուտինը ցնցում են. Ինչքան է տատանվելու Հայաստանը

 

Համբուրգում Մեծ 20-ի Վեհաժողովի շրջանակում հանդիպելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նույն Վեհաժողովի շրջանակում նախորդ օրը ՌԴ նախագահ Պուտինի հետ ունեցել է «ցնցող» հանդիպում:
Թե ինչն է «ցնցել» ԱՄՆ նախագահին, հայտնի չէ: Պուտինի հետ նրա հանդիպումն առաջինն էր նախագահ դառնալուց հետո: Նախատեսված 30 րոպեի փոխարեն հանդիպումը տեւել է մոտ երկու ժամ 30 րոպե: Դրա օրակարգի հարցերը, ըստ նախապես հայտարարվածի, առնչվում էին Սիրիային, Ուկրաինային, Հյուսիսային Կորեային, միջազգային ահաբեկությանը:
Դրանց վերաբերյալ որոշակի համաձայնությունների մասին եղել է հայտարարություն: Օրինակ, պայմանավորվածություն է եղել Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի մասին, որը պետք է սկսի շփումները ՌԴ հետ: Պայմանավորվածություն է եղել Սիրիայում հուլիսի 9-ից հրադադարի մասին, թեեւ այդպիսի ռուս-ամերիկյան պայմանավորվածություն էլի է եղել, որը չի ունեցել երկար կյանք: Թե ինչ կյանք կունենան Թրամփի եւ Պուտինի պայմանավորվածությունները, հրապարակված, կամ չհրապարակված, բնականաբար շատ դժվար է ասել:
Ավելին, Թրամփ-Պուտին մակարդակի հանդիպումն ըստ ամենայնի ավելի շուտ այն այսբերգներից է, որոնց ջրի տակ եղած անտեսանելի մասը շատ ավելին է, քան այն, ինչ երեւում է ջրի վրա:
Հանդիպման թերեւս գլխավոր հարցը առնչվել է Պուտինի հետագա պաշտոնավարմանը: Այսինքն, Թրամփի հետ հանդիպումը կամ զգալի, կամ որոշիչ նշանակություն կարող էր ունենալ Պուտինի պատկերացման համար, թե ինչ կարող է սպասել իրեն եւ Ռուսաստանին 2018 թվականի նախագահի ընտրությանն առաջադրվելու դեպքում:
ՌԴ նախագահն առ այսօր չի հայտարարել իր որոշման մասին՝ առաջադրվելու՞ է, թե ոչ: Պուտինի համար խնդիրն իսկապես լուրջ է, եւ էական նշանակություն է ունենալու այն, թե ինչպիսի հարաբերության հեռանկար է սպասվում Արեւմուտքի հետ: Ռուսաստանը չունի երկար դիմակայության ներուժ, Ռուսաստանն այդ դիմակայությունից հյուծվում է: Ընդ որում խնդիրը լոկ տնտեսական պատժամիջոցները եւ դրանցից բխող կորուստը, նավթի ցածր գինը չէ: Խնդիր է նաեւ այդ ամենւի հետեւանքը ռուսական էլիտայի ներքին հարաբերությունների վրա:
Պուտինն անկասկած պետք է հաշվարկի այդ ամենը, կամ գուցե էլիտան պետք է հաշվարկի այդ ամենը՝ Պուտինի առաջադրման վերաբերյալ որոշում կայացնելու համար: Ժիրինովսկին մի քանի ամիս առաջ հայտարարել էր, թե որոշում դեռ կայացված չէ, եւ կայացնողների շրջանակը մոտ տասը անձինք են: Թե ովքեր են այդ տասը, Ժիրինովսկին չէր մանրամասնել: Բայց անկասկած է, որ նրանք կայացնելու են բավական բարդ որոշում, որից կախված է լինելու Ռուսաստանի զբաղեցրած ահռելի եւ բազմազան տարածության վերահսկողությունը՝ նվազող ռեսուրսների, Չինաստանի աճող ազդեցության պայմաններում:
Կրեմլի մեկ այլ ոչ պաշտոնական ամբիոն դիտվող նախկին փոխվարչապետ Կուդրինը, որն իհարկե այլ «պրոֆիլ» է՝ ավելի բարձր կարգ, քան Ժիրինովսկին, օրերս հայտարարել էր, որ Ռուսաստանի տնտեսությունը չունի անկման կորից դուրս գալու շանս, եթե չի կարգավորվում հարաբերությունն Արեւմուտքի հետ, որտեղ գտնվում են ՌԴ տնտեսությունը անկման կորից դուրս բերելու թե տեխնոլոգիական, թե ֆինանսական ռեսուրսներ:
Օրերս էլ ռուսական Կոմերսանտը տեղեկություն էր հրապարակել ՌԴ ակտիվներից ռեկորդային՝ 1,6 միլիարդ դոլարի արտահոսքի մասին, ինչը պայմանավորված էր այն հանգամանքով, որ չեն արդարանում Արեւմուտքի հետ կարգավորման սպասումները, որ Կրեմլի քարոզչությունը գեներացրել էր ԱՄՆ նոր նախագահի ընտրության կապակցությամբ:
Այդպիսով, Թրամփ-Պուտին հանդիպման տողատակը անկասկած բոլորովին այլ է, քան պաշտոնական օրակարգը: Տողատակում խաղի կանոնների վերաբերյալ քննարկումներն են, որոնք պայմանավորելու են նաեւ Ռուսաստանում 2018 թվականի նախագահի ընտրության ելքը: Անկասկած է, որ Մոսկվայի համար բվավական անհաշվենկատ քայլ է լինելու այդ ընտրության ելքը Արեւմուտքի հետ չհամաձայնեցնելը:
Հավանաբար հարցը չի հանգուցալուծվի մեկ հանդիպումով, եւ թերեւս Ուկրաինայի հարցում ԱՄՆ հատուկ ներկայացուցչի «ինստիտուտի» ձեւավորումն ու շփումները ՌԴ հետ գործնական ենթատեքստում ունենալու են նաեւ խաղի կանոնների հարցում ՌԴ հանդեպ «մոնիտորինգի» գործառույթ:
Ըստ այդմ, խոշոր հաշվով, Թրամփ-Պուտին հանդիպումով Կրեմլը պայմանավորվում է Արեւմուտքի հետ 2018-ի նախագահի ընտրության հարցում մոնիտորինգի վերաբերյալ, որն առնչվելու է միջազգային խաղի որոշակի կանոնների: Ինչպիսի՞ն են դրա սահմանները եւ արդյոք դրանց մեջ կան Կովկասն ու Հայաստանը: Կլինեն անկասկած, հարցն այն է, թե շեշտադրման ինչ աստիճանով:
Այդուհանդերձ, անուղղակիորեն, այդ ամենի համատեքստում բավական ստորին շերտերում, բայց կամա թե ակամա իր տեղն ունի Հայաստանի 2018 թվականի իշխանության խնդիրը, որի հանգուցալուծումն անխուսափելիորեն իր վրա կրելու է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերության ազդեցությունը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing