Թռիչքներ երազում և արթմնի. Ռոբերտ Քոչարյանի երազը

47

Դատախազությունից ծանուցագիր է ստացել։ Կանչում են հարցաքննության՝ որպես կասկածյալի, բայց թարսի պես՝ այն մասը, որտեղ գրված պիտի լինի, թե հատկապես ո՛ր քրեական գործով, ջնջված է։ Այ քեզ փորձանք… Ախր եթե իմանար, թե որ գործով են կանչում, անելիքը կորոշեր. կամ կաշառք կտար, կամ կարտագաղթեր, կամ, եթե հոդվածով նախատեսված է անձնական ունեցվածքի բռնագանձում, ունեցած-չունեցածը կծախեր…

Ճար չկա, պիտի գնա հարցաքննության։ «Ոչինչ, ընթացքում գլխի կընկնեմ», մտածում է ու մտնում քննիչի կաբինետ։ Քննիչի դեմքը ծանոթ է, բայց ինքը տեղը չի բերում. դեմքի արտահայտությունը շատ է մռայլ։ «Պահո, էս ուրեմն մարտի 1-ի գործով ա», մտածում է ու միանգամից սկսում. «մեքենաների հետևից դուրս էին գալիս, կրակում… ես էդ ամեն ինչը իմ աչքով եմ տեսել… տելեվիզըրով… ես հրամայել եմ միայն օդ կրակել, ուղղակի ցուցարարները ոգևորվել էին, իրենց լիդերներին վեր-վեր էին թռցնում, օդում մի քանի հոգու կպավ…»։ Ու հանկարծ սոսկումով նկատում է, որ քննիչը ոչինչ չի գրում։

«Յա, էս ուրեմն հոկտեմբերի 27-ի գործով ա», սփրթնում է ինքը ու թեման փոխում. «դե սափրված չեմ եղել… ուչաստկովիի գործ ա… ապացույցներ չունեք… »։ Բայց քննիչն էլի ոչինչ չի գրում։ «Էս կարող ա՞ Պապլավոկի գործով ա», թեթևացած շունչ է քաշում ու անկաշկանդ փռվում աթոռին. «հա դե հիմա դեպք էր՝ պատահեց, դաշնակների փոխհատուցումը տվել եմ, բողոք-բան չունեն, համ էլ՝ ջազ լսելու էի գնացել, իսկ արվեստը զոհեր է պահանջում, էդ էլ հո ե՞ս չեմ ասում, գլոբալիզացիայի մասին անգլերեն լեզվով մի գրքի մեջ եմ կարդացել…»։

Բայց տնաշենի քննիչը էլի ձայն չի հանում։ Կա-չկա՝ կոռուպցիայի հարցերով է կանչել։ Որոշում է ի՛նքը անցնել հարձակման. «ի՞նչ չորս միլիարդ դոլար… համ էլ՝ նայած ի՛նչ կուրսով եք հաշվում… բա կարող ա՞ փողի վրա նստած… բա տասը տարի նախագահ եմ եղել, Հայաստանի ընդամենը քսան տոկոսն եմ վերցրել, այսինքն՝ տարեկան երկու տոկոս… բանկերը ավելի շատ են վերցնում…»։

Վերջապես քննիչը խոսում է. «քաղաքացի Քոչարյան, մեքենան սխալ տեղում կայանելու համար ենք կանչել»։  Ինքը սկսում է խելագարի պես քրքջալ, բայց քննիչը շարունակում է. «բայց հաշվի առնելով Ձեր ցուցմունքները՝ ունեցվածքի բռնագանձում, 4 միլիարդ դոլար տուգանք և ցմահ ազատազրկում…»։

Արթնանում է և վազելով իջնում մեքենայի տեղը փոխելու։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache