Լրահոս

«Թշնամու հատուկ ծառայությունները Հայաստանում ծրագիր են իրականացրել»

 

Gurgen_Egiazaryan

Մեղավորը, ըստ Գուրգեն Եղիազարյանի, «օֆշորի հերոս» Տիգրան Սարգսյանն է

«Մեզ համար այսօր կյանքի ճանապարհ է հյուսիս-հարավ մայրուղին: Քանի որ Հայաստանը գտնվում է փաստացի շրջափակման մեջ, այս մայրուղին միակն է, որը ինչ-որ չափով կթեթեւացնի ՀՀ բնակչի հոգսը: Այդ կյանքի ճանապարհը նպատակադրված էր կապել Մեղրին Փոթի նավահանգստի հետ: Նման մայրուղի ունենալուց հետո ապրանքաշրջանառությունը Իրանից դեպի Վրաստան եւ ՌԴ կբազմապատկվեր: Այդ ճանապարհին 12 շարքը շրջափակման մեջ գտնվող մեր հայրենիքին մի փոքր թթվածին կապահովեր, եւ միգուցե մի քանի տոկոսով կնվազեր հայրենիքը լքողների բանակը: Ճանապարհը սկսեցին, Ասիական զարգացման բանկն ապահովեց 960 մլն դոլարի վարկը: Այսօր հայտարարվում է, որ այդ գումարները մսխել են, սրիկաները փոշիացրել են այդ գումարները: Եվ հիմա պետք է 150 մլն դոլար էլ վերցնեն, որպեսզի ՀՀ քաղաքացիների աչքն ու ականջը փակեն, մենք ոչ մի բան չտեսնենք, ոչ մի բան չլսենք, մինչեւ մի քանի տարի անցնի, մոռացության տանք դա: Իսկ մեր երեխաներն ու թոռները կմնան 1 մլրդ դոլար վարկի տոկոսների տակ»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի մտահոգություն հայտնեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ այդ շինարարության խախտումների մասին հայտարարություն էր արել Ասիական զարգացման բանկի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող ՀԿ-ների միջազգային ֆորումի հայաստանյան ներկայացուցիչ Սիլվա Ադամյանը:

Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ 960 մլն դոլար վարկի դիմաց կառուցել են ընդամենը 25 կմ ճանապարհ. «Այսինքն՝ 1 կմ կիսակառույց ճանապարհը ՀՀ քաղաքացու վրա նստած է 38 մլն 400 հազար դոլար: Սա է մեր իրականությունը»:

Ո՞վ է կերել այդ 960 մլն-ը եւ ո՞վ է պատասխանատու դրա համար՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Իհարկե, մեղավորներ կան: Այստեղ առաջին եւ վերջին պատասխանատուն, ում հովանու ներքո այս ամենը կատարվել է, հայտնի օֆշորի հերոսն է, որն այսօր դեսպան է ԱՄՆ-ում: Եթե նրան պատժեին ժամանակին, միգուցե մենք այսօր 960 մլն դոլարի դիմաց 50 տոկոս ճանապարհը կտեսնեինք պատրաստի: Սոված Հայաստանի բյուջեի մասին է խոսքը, պատկերացնո՞ւմ եք՝ 960 մլն դոլարն ինչ ահռելի գումար է: Նախ, այդպիսի վարկեր հազվադեպ են լինում: Ես չեմ բացառում, որ Ասիական զարգացման բանկը սրանց հետ միասին գումարներ է լվացել, եւ որոշ տոկոսն էլ ինքն է գրպանել, հակառակ դեպքում իրենց այդպես չէին պահի»:

Մեր հարցին, թե ինչպե՞ս են իրենց պահել, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Ստուգումներից մեկի ժամանակ, երբ տեսել են, որ աշխատանքները չեն իրականացնում, 300 հազարով են տուգանել Հայաստանին, հիմա էլ պետք է կարծեմ 1.5 մլն տուգանեն: 960 մլրդ-ի դիմաց 300 հազար տուգանքը ծիծաղելի է նույնիսկ Հայաստանի նման թշվառ երկրի պայմանում: Այստեղ ուրիշ հարց կա, հավանաբար՝ նրանք էլ են մասնակցել այդ գումարների մսխմանը, հակառակ դեպքում այդպես նուրբ չէին վերաբերվի»:

Մենք ճշտեցինք՝ կարծում եք, թե սա բարձր մակարդակով գործա՞րք է եղել, դրա համա՞ր է, որ նախկին վարչապետի մատը անպայման պետք է խառը լինի գումարների փոշիացման մեջ, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Սա 1 մլրդ վարկ է, եւ դրա պատասխանատուն տնտեսության մեջ համար 1-ին մարդն է: Իսկ այդ ժամանակ մեր տնտեսության առաջին մարդը եղել է «օֆշորի հանճարը», որին շատ բարեհաջող ուղարկեցին օվկիանոսից այն կողմ, որպեսզի մեր երեխաների հաշվին ունեցած 1 մլրդ-ը մարսի: Տարօրինակ չի, որ 8 ամիս շարունակ փորձագետները այդպես էլ եզրակացություն չտվեցին, թե նա՞ է ստորագրել Կիպրոսի փաստաթղթերը, թե՞ «սուրբը»:
Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ եթե ժամանակին կանխվեր Փայլակ Հայրապետյանի 32 մլն դոլարի գործարքը, այսօր մենք 1 մլրդ դոլարի մասին չէինք խոսի. «Եթե ժամանակին կանխվեր 17 մլն դոլարը, որով իբրեւ գյուղացիներին դասախոսություն էին կարդացել, այսօր մենք 1 մլրդ-ի մասին չէինք խոսի: Սա սովորական հանցագործություն չէ, որովհետեւ սա ուղիղ ազգային անվտանգության խնդիր է՝ նախ ճանապարհի առումով, որը խաթարվեց: Նման ծրագրերը խաթարում են թշնամական պետությունների հատուկ ծառայությունները, որոնք դիվերսիա են կազմակերպում, որպեսզի այդ ստրատեգիական ճանապարհը չկառուցվի, իսկ այսօր մենք ունենք նման թշնամիներ»:

Գուրգեն Եղիազարյանը մասնագիտորեն բացատրեց, որ դիվերսիան իրենից ներկայացնում է թշնամու գործողություններ՝ ենթակառուցվածքների ոչնչացում, ուժի ոչնչացում, պատերազմի ժամանակ ջրի թունավորում եւ այլն: Խաղաղ պայմաններում դիվերսիան կատարվում է տնտեսության մեջ, այսինքն՝ խաթարվում են ծրագրեր. «Նրանց հաջողվել է կանգնեցնել մի ծրագիր, որը մեր երկիրը կփրկեր այս արտագաղթից, որովհետեւ ճանապարհից առեւտուրն է լավանում, կյանքի ճանապարհ էր դա: Իսկ կյանքի ճանապարհը կարող էր խաթարել միայն դիվերսանտը թշնամու, իսկ դրանցից մեկն այսօր իմ երկիրն է ներկայացնում ԱՄՆ-ում»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing