Լրահոս

Թուրքիան Ալիեւին հանձնեց Պուտինին

 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը ուրբաթ երեկոյան Սոչիում հանդիպում է Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ: Ընդհանուր առմամբ որեւէ արտառոց բան չկա, երբ հանդիպում են Ալիեւն ու Պուտինը: Ռուսաստանն ու Ադրբեջանը հռչակվել են ռազմավարական գործընկեր եւ այդ պայմաններում նախագահների հանդիպումը ամենեւին զարմանալի չէ: Այլ է հարցը, թե ինչ կոնկրետ նպատակներ ունի հերթականը, կամ արդյո՞ք դա հերթական է, թե իր բնույթով արտահերթ, այսինքն առաջացել է հանդիպելու հրատապ անհրաժեշտություն:
Եվ ու՞մ մոտ է այն առաջացել:
Պուտինն ու Ալիեւն անկասկած ունեն հանդիպելու բազմաթիվ պատճառներ: Հայաստանի տեսանկյունից ուշադրությունը անմիջապես գնում է հայ-ադրբեջանական հակամարտության՝ Արցախի խնդրի վրա: Եվ թվում է, գոնե շատերին, որ միայն այդ հարցը կարող էր Պուտինին ու Ալիեւին բերել հանդիպման: Բայց, ռուս-ադրբեջանական գործակցության վեկտորները իսկապես բազմազան են եւ միանգամայն հնարավոր է, որ Պուտին-Ալիեւի որեւէ հանդիպման շարժառիթ չլինի Արցախի խնդիրը:
Բայց, միեւնույն ժամանակ կասկածից վեր է, որ ինչ էլ լինի առիթը կամ շարժառիթը, քննարկումներում տեղ Արցախի խնդիրը կունենա անկասկած: Հետեւաբար, առաջանում է հարց կամ մտահոգություն, թե ի՞նչ տեղ կունենա եւ ինչ ազդեցության կենթարկվի:
Այդ իմաստով, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունը ներկայումս ավելի բարդ է, քան մինչեւ 2016-ի ապրիլ: Ապրիլին կողմերը ստիպված էին լռելյայն արձանագրել, որ խոշոր հաշվով ռազմավարական գործընկերության նպատակը երկուստեք եղել է միմյանց «գցելը»: Ադրբեջանը համոզվեց, որ Մոսկվայի նպատակն էր հասնել Արցախում ռազմական ներկայության՝ Ադրբեջանին թույլ տալով վերցնել առավելագույնը մի քանի դիրք կամ բարձրունք, իսկ Մոսկվան էլ հստակ տեսավ, որ Բաքվի նպատակն էր եվրասիական խոստումներով ստանալով ընդամենը պատերազմի իրավունք եւ բլից-կրիգով վերցնել որքան հնարավոր է շատ:
Իսկ երկուստեք այդ մերկացումը գործնականում ապահովեց հայկական բանակը՝ թերեւս թե Ռուսաստանի, թե Ադրբեջանի համար անսպասելիորեն դիմադրելով եւ հետ մղելով ագրեսիան, թեեւ լինելով զգալիորեն ավելի պակաս սպառազինված, քան Ռուսաստանի օգնությամբ սպառազինված Բաքուն:
Բայց, չնայած ապրիլին բացահայտված փոխադարձ «դիմակահանդեսին», Մոսկվան ու Բաքուն չեն կարող առանց գործընկերության, ամեն մեկն ունի դրա իր պատճառը, բայց դրանք հանգում են ընդհանուր փոխադարձ անհրաժեշտության: Պարզապես փոխադարձ անվստահությունը ներկայումս բավական բարդացրել է ընդհանուր եզրի գալը:
Այստեղ Ռուսաստանին կարող է օգնել Թուրքիան, ակամա: Ավելի շուտ՝ Արեւմուտքի հետ Թուրքիայի լրջագույն խնդիրները, որոնք Գերմանիայի պարագայում օրինակ հանգեցրել են գրեթե հարաբերությունների խզման: Ինչպե՞ս կզարգանա իրադրությունը այդ ուղղությամբ, կլինի՞ սրացում, թե կանգառ, ցույց կտա բնականաբար ժամանակը: Բայց մի բան արդեն այժմ թերեւս հստակ է, որ Թուրքիան Արեւմուտքի հետ ունի լուրջ խնդիրներ, ինչը խնդիր է դառնում նաեւ Ադրբեջանի համար:
Ի՞նչ անի Բաքուն, որը կարող է ստիպված լինել Արեւմուտքի առաջ կրել «մեծ եղբոր» պատասխանատվությունը: Ալիեւի համար վիճակը իսկապես բարդ է՝ աջակցել Թուրքիային, բարոյապես եւ քաղաքականապես, նշանակում է նրա հետ միասին դառնալ Արեւմուտքի համար «մերժված»: Մինչդեռ Ալիեւն ինքն էլ վաղուց ի վեր Արեւմուտքի մոտ «կիսամերժված» կարգավիճակում է: Չաջակցել Թուրքիային, նշանակում է «դավաճանել» «ավագ եղբորը»: Միեւնույն ժամանակ, Թուրքիան էլ Ալիեւին աջակցելու համար կդնի իր պայմանը՝ փոխադարձ աջակցություն:
Վիճակն իսկապես բարդ է եւ այստեղ Ալիեւի մոտ ըստ երեւույթին կարող է զգալի աճել Պուտինի կարիքը, որը ստեղծված իրավիճակում կարծես թե Արեւմուտքի եւ Թուրքիայի միջեւ հարաբերականորեն «չեզոք» տարբերակն է:
Ըստ այդմ հենց այդ նկատառումով է Ադրբեջանի նախագահն աուդիենցիա խնդրել Պուտինից Սոչիում, կամ Պուտինը որսալով պահը, թելադրող դիրքից իր մոտ է կանչել Ալիեւին: Հարցն այն է, թե ինչ է թելադրելու Ռուսաստանը եւ որ ուղղությամբ: Գործնականում, ստացվում է մի վիճակ, երբ Թուրքիան «հանձնում» է Ալիեին Պուտինին «ի պահ»: Միայն թե պարզ չէ՝ հետ «ստանալու՞» ակնկալիքով, թե ոչ:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am