Թուրքիան մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա է կուտակել Երևանից 60 կմ հեռավորության վրա

2

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Սիրիայի շուրջ վերջին օրերին կատարվող զարգացումներին, նշեց, որ Էրդողանը սխալ է գնահատում իր հնարավորությունները, քանի որ ուզում է դառնալ երրորդ աշխարհի առաջնորդ և ճանապարհներ է փնտրում սխալ եղանակով․

«ԱՄՆ-ի հետ նրա հարաբերությունների վատթարացումը պայմանավորված է միայն մի բանով․ նա հույս ունի Ռուսաստանի միջոցով հասնել լուծման։ Ես համոզված եմ, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները  շատ հեշտությամբ կարող են փոխվել»,-ասաց Նավասարդյանը՝ նշելով, որ Թուրքիայի նախագահն իր այս պահվածքով մեկ միտում ունի ընդամենը․ «Թուրքիայի վերջնական նպատակը միջուկային զենք ձեռք բերելն է»։

Արտակարգ և լիազոր դեսպանի խոսքով՝  Թուրքիան կարող է ձեռք բերել միջուկային զենք՝ հատկապես հաշվի առնելով հանգամանքը, որ ատոմակայանի կառուցումով մեկ քայլով կմոտենա իր այդ նպատասկին։

Անդրադառնալով Թուրքիայի հետ տարվող քաղաքականությանը՝ Նավասարդյանը նշեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երբեք չի կարող անել այն, ինչ անում է, օրինակ, Պուտինը․ «Ամերիկյան քաղաքականությունը հետաքրքիր զարգացումներ է ապրում, իսկ Էրդողանին չէի համեմատի Թրամփի հետ, քանի որ Էրդողանն անցողիկ ֆիգուր է:

Հարցին՝ հնարավո՞ր է տարածաշրջանում լարված հարաբերություններից օգտվի Ադրբեջանի նախագահը՝ սանձազերծեով նոր պատերազմ Արցախի դեմ, Նավասարդյանը պատասխանեց․ «Նա չի համարձակվի գնալ այդ քայլին, քանի որ հասկանում է, որ կարող է ամեն ինչ կորցնել։ Այսօր Հայաստանին վտանգ է սպառնում Նախիջևանից՝ թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացման ենթատեքստում։ Մեր դիվանագիտության ուշադրության կիզակետում պետք է այս հարցը լինի, հատկապես՝ կապված Ռուսաստանի հետ, որովհետև Նախիջևանի խնդիրն առաջին հերթին՝ առնչվում է 1921թ. Մոսկովյան և Ղարսի պայմանագրերի հետ․ պետք է հասնենք դրանց վերանայմանը։ Պայմանագրերում նշված է, որ Ադրբեջանը պրոտեկտորատ է լինելու և սա այսօր երկրորդական պլան է մղվում։ Թուրքիան մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և զինուժ է կուտակել Երևանից 60 կմ հեռավորության վրա»։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache