Լրահոս

Թուրքիան նախազգուշական քայլեր է անում Ռուսաստանի դեմ

 

Թուրքիայի իշխանությունները ռուսական մատակարարներին զրկել են ցորենի, եգիպտացորենի եւ արեւածաղկի անմաքս ներմուծման իրավունքից:

Այդ ապրանքների ներմուծումը Ռուսաստանից գրեթե դադարեցված է: Ռուսական ցորենից 130% մաքս է գանձվելու, ինչն անհնար է դարձնում մատակարարումը:Փորձագետները նշում են, որ Անկարայի որոշումը կարող է պատասխան լինել Ռուսաստանին, որը մինչեւ հիմա իր շուկան չի բացել թուրքական բանջարեղենի՝ մասնավորապես լոլիկի եւ մրգերի համար:

Ռուսաստանը թուրքական կազմակերպությունների համար չի բացել իր շինարարական շուկան, չնայած թուրք շինարարներին վերադարձնելու Պուտինի խոստումը Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ մարտի 9-ին Մոսկվա կատարած այցի գլխավոր ձեռքբերում էր հայտարարվել:Չնայած Պուտինը հայտարարում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին՝ Մոսկվան դեռ սպասում է եւ ուշադիր հետեւում, թե ինչ է տեղի ունենում Եվրոպայի եւ Թուրքիայի հարաբերություններում, որոնք սրվել են եվրոպական քաղաքներում թուրք քաղաքական գործիչների ելույթներն արգելելուց հետո:

Ռուսաստանը սպասում է նաեւ Թուրքիայի սահմանադրական հանրաքվեին, որից հետո Էրդողանը կամ սուլթանական լիազորություններ կստանա, կամ էլ կպարտվի: Երկու դեպքում էլ Էրդողանը կարող է դադարել համաշխարհային ուժային կենտրոնների գործընկերը լինել: Ռուսաստանն էլ չի կարող խաղադրույք անել Էրդողանի վրա, որի ճակատագիրը դեռ հայտնի չէ:Մոսկվան հավանաբար մի քանի հավանական սցենար է քննարկում եւ պլան Բ ունի, եթե Թուրքիայի գործերը լավ չընթանան, եւ Թուրքիայի ամբողջականության հարց ծագի: Այդ հարցը կարող է ծագել մերձավորարեւելյան կարգավորման համատեքստում:

Հնարավոր է, դրանով է պայմանավորված, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր վերջին հարցազրույցներից մեկում հայտարարություն է արել հայ-թուրքական բանակցությունների վերսկսման հնարավորության մասին: Նա ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել, եթե Թուրքիան ու Հայաստանը բանակցություններ սկսեն:Հայաստանը մինչեւ հիմա չի ճանաչել Թուրքիայի սահմանները, որոնք գծվել են 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերով:

Ի դեպ, Լավրովի հայտարարությունն արվել է մարտի 16-ին, այն օրը, երբ 1921 թվականին ստորագրվեց Մոսկվայի պայմանագիրը: Հնարավոր է դա ակնարկ էր, որ եթե Մոսկվան հրաժարվի պայմանագրերից, Թուրքիայի սահմանները մեծ հարցականի տակ կհայտնվեն:Թուրքիան չի կարող չնկատել, որ Ռուսաստանը պատրաստվում է բոլոր հնարավոր սցենարներին, այդ թվում՝ ռուս-թուրքական պայմանագրերի հնարավոր չեղարկմանը կամ վերանայմանը:

Այդ պայմանագրերը ստորագրվել են որոշակի ժամկետով եւ պարբերաբար երկարաձգվում են, եւ Մոսկվան կարող է մի օր չերկարաձգել պայմանագիրը, եթե վտանգ զգա:Թուրքիան նման կերպ զգուշացնում է Ռուսաստանին, որ կարող է քայլեր ձեռնարկել: Ռուսական գլխավոր ապրանքներից մեկի՝ ցորենի անմաքս ներմուծումը չեղյալ անելը կարող է նախազգուշական քայլ համարել:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing