Լրահոս

Թուրքիայի անկումը

 

arm148144171469

lragir.am — The American Interest հանդեսում հրապարակվել է Էրիկ Բրաունի վերլուծությունը Թուրքիայում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Հոդվածը վերնագրված է «Թուրքիայի անկումը», որը ներկայացնում ենք որոշ կրճատումներով:
Արևմուտքում քաղաքականություն մշակողները պետք է համակերպվեն այն փաստի հետ, որ Թուրքիայի Հանրապետությունն այլևս այնպիսին չէ, ինչպիսին գիտենք: Թուրքիայի Հանրապետությունը, ինչպիսին որ գիտեինք վերջին կես դարի ընթացքում, երբ ավտորիտարիզմից անցում կատարվեց կաղացող, սակայն դեմոկրատական բազմակուսացական համակարգ, չկա այլևս:
Դեռ տարիներ առաջ պարզ էր, որ Արդարություն և զարգացում կուսակցության վերելքը կապված է թուրքական հասարակությունում սեյսմիկ փոփոխությունների հետ և պարզապես անցումային փուլ չէ: Արևմուտքում քաղաքականություն մշակողները դեռ չեն ցանկանում տեսնել իրականությունը, որովհետև ցավալի է ընդունել և դեմ է խորն արմատացած այն մտայնությանը, որ արդիականացման գործընթացը չի կարող հետընթաց ունենալ:
Այժմ խնդիրն այն չէ, թե ով է կառավարում Թուրքիան, խոսքը երկրի գոյության մասին է: Այն կամ հետ է վերադառնալու նախադեմոկրատական փուլ, որտեղ ներկայացված կլինեն միայն եվրասիական ուղու կողմնակիցները և իսլամիստները, կամ էլ գնալու է մեկ այլ ուղով, որը դեռ պարզ չէ:
Այս տարվա հուլիսին հեղաշրջման փորձի ձախողումից հետո ԱԶԿ-ի կողմից տարիներ առաջ սկսված գործընթացը, որի նպատակն է վերաձևել երկրի քաղաքական հիմքերը, արագացել է: Նախագահի իշխանությունը զսպող ինստիտուցիոնալ և իրավական նորմերը կանոնավոր չեզոքացվել են: Մեծ արագությամբ տասնյակ հազարավոր մարդիկ ձերբակալվեցին և դուրս մղվեցին իրավական համակարգից, մեդիայից, կրթական համակարգից, ռազմական ոլորտից, որի նպատակն է այս ինստիտուտները ենթարկել կուսակցությանը: Այժմ էլ սահմանադրական բարեփոխումների գործընթացի միջոցով ամրագրվում են Էրդողանի լծակները:
Էրդողանը համարում է, որ գերազանցում է Աթաթյուրքին՝ նոր Թուրքիայի հիմնադրին: Սակայն, ի տարբերություն Աթաթյուրքի, նա պետություն ստեղծող չէ, նա սոցիալական շարժում ստեղծող է: ԱԶԿ-ն ցանկանում է մենաշնորհել իշխանությունը և հենվում է կրոնական ազգայնականության վրա: ԱԶԿ քաղաքականությունը երկիրը խոցելի է դարձրել պառակտվածության և արտաքին միջամտության հանդիման: ԱԶԿ ներքին անվտանգությունն ավելի շատ կենտրոնացել է լրագրողներին ու ուսուցիչներին ճնշելու, քան երկրի ներսում Իսլամական պետության և այլ ջիհադական խմբերի համակիրների վրա:
Թուրքական հասարակության համար լուրջ խնդիր է երեք երկրներում քրդաբնակ տարածքների հետ սահմանակից լինելը: Չնայած քրդերը քաղաքական առումով մասնատված են, սակայն մեծ թիվ են կազմում: Դա հսկայական ճնշում է գործադրում պետական կարգի վրա: Անկարան պետք է խնդրին դաշնային կարգով լուծում տա, որպեսզի պահպանի հանրապետությունը: Հեռուն նայող թուրքերը դիտարկում են նաև Սիրիայի քրդական կազմավորման հետ կոնդոմինիումի հնարավորությունը:
Սակայն հակաքրդական դիրքորոշումը քաղաքական առումով ձեռնտու է ԱԶԿ ղեկավարությանը, և Էրդողանը նախընտրել է պատերազմը: Քանի որ քրդական աշխատավորական կուսակցությունը վեր է ածվել քաղաքական շարժման, ապստամբությունն ավելի ամորֆ է դարձել, իսկ ահաբեկչության դեմ պայքարելը՝ ավելի բարդ:
Էրդողանի իշխանական ձգտումները երկրի ազգային անվտանգությունը ռիսկի տակ են դնում: Առիթից օգտվում է ԻԼԻՊ-ը՝ իրավիճակն օգտագործելով իր նպատակների համար: Թուրքիայի համար ավելի մեծ սպառնալիք կարող է լինել, եթե ՔԱԿ որոշ խմբավորումներ համագործակցեն Թուրքիայի մրցակիցների՝ Իրանի կամ Ռուսաստանի հետ:
Էրդողանն անկայուն օպորտունիստ է: Երբ նրա հավակնությունները բախվում են պատին, ինքնապահպանման բնազդը ստիպում է փոխել քաղաքական կուրսը:
ԱՄՆ դիվանագիտական օրակարգում պետք է լինի Թուրքիայի ներսում ազատ ինստիտուտների կողմից խաղաղության ամրապնդման ծրագիրը: ԱՄՆ կառավարությունը դեռ ազդեցություն ունի թուրքերի և քրդերի մեծ զանգվածների մոտ և պետք է օգտագործի այդ հանգամանքը: Դա կարող է տարիներ տևել, սակայն կարևորագույն նշանակությունի ունի Թուրքիայում հանրապետական կառավարումը և Մերձավոր Արևելքում կարգը վերականգնելու առումով:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am