Թուրքիայի երկրորդ դանակը Ռուսաստանի մեջքին

0

lragir.am — Հունվարի 6-ի գիշերը Սիրիայում գտնվող ռուսական Հմեյմիմ ավիաբազայի վրա դրոններն արձակվել էին այսպես կոչված Սիրիայի չափավոր ընդդիմության վերահսկողության տակ գտնվող գոտուց, պնդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Ընդ որում, այդ գոտին Թուրքիայի վերահսկողության տակ է:Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նամակ է ուղարկել Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ գեներալ Հուլուսի Աքարին եւ Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանին՝ նշելով, որ Անկարան պետք է կատարի հրադադարի պահպանման ստանձնած պարտավորություններն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում եւ քայլեր ձեռնարկի հարվածային անօդաչու սարքերի հարձակումները կանխելու համար:

Նույն օրը Ռուսաստանի եւ Իրանի դեսպանները կանչվել էին Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրանց մտահոգություն են հայտնել Իդլիբ նահանգի ապաէսկալացիոն գոտում Սիրիայի կառավարական զորքերի գործողությունների կապակցությամբ:Թուրքիայի ԱԳՆ-ում Ռուսաստանի եւ Իրանի դիվանագիտական ներկայացուցիչներին առաջարկել են ազդել Դամասկոսի վրա, որը խախտում է հրադադարի ռեժիմն ապաէսկալացման գոտում: Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն ասել է, որ կառավարական զորքերի գործողությունները «վնասում են քաղաքական կարգավորման գործընթացը»: Չավուշօղլուի խոսքով, սիրիական զորքը «Ֆաթհ աշ-Շամ» խմբավորման դեմ պայքարի անվան տակ հարվածներ է հասացնում չափավոր ընդդիմության ուժերին:

Կիրակի օրը՝ հունվարի 7-ին, Իդլիբ նահանգում ավիահարվածների հետեւանքով 21 խաղաղ բնակիչ է զոհվել: Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը տեղի ունեցածի պատասխանատվությունը դրել է Ռուսաստանի ու Սիրիայի ավիացիայի վրա:Փաստացի, Ռուսաստանն ու Թուրքիան հերթական անգամ բախվել են Սիրիայում: Երբ 2015 թվականի նոյեմբերի 24-ին Թուրքիան Սիրիայի հետ սահմանին խփեց ռուսական ինքնաթիռը, Վլադիմիր Պուտինը դա որակեց դանակով հարված մեջքին: Թուրքիան ու Ռուսաստանը երկար ժամանակ չէին կարողանում վերականգնել հարաբերությունները, սակայն շուտով Պուտինն ու Էրդողանը նորից միմյանց սկսեցին «եղբայր» անվանել:

Վերլուծաբանները, սակայն, պնդում են, որ Սիրիայում Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերի բախումն անխուսափելի է: Դա ակնհայտ է հատկապես այն բանից հետո, երբ Վիետնամում Պուտինն ու Թրամփը համաձայնեցրին դիրքորոշումները Սիրիայի հարցում: Ըստ ամենայնի, Թուրքիան տեղ չունի այդ համաձայնությունում: ԱՄՆ-ն չի թաքցնում Էրդողանի հանդեպ բացասական վերաբերմունքը: Ավելին, երեկ Թուրքիայի նախագահն ԱՄՆ-ում թուրք բանկիրի դեմ դատական գործընթացն անվանել է «Թուրքիայում երկրորդ հեղաշրջման փորձ»:Ինչպե՞ս են զարգանալու Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները Թրամփի եւ Պուտինի «սիրիական պակտի» ֆոնին: Ի դեպ, այս ամսվա վերջին ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կայցելի Հորդանան, Եգիպտոս, Իսրայել: Այցի ժամանակ նա քննարկելու է «հետապնդվող կրոնական փոքրամասնություններին օգնություն հատկացնելու» հարցը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache