Լրահոս

«Թուրքն արդեն քաղաք է հասել»

 

1-4

chspasvac.ru —  Ջավախքն էլ առաջվանը չէ. հազարավոր փակ տներ, հարյուրավոր դատարկ փողոցներ: Եվ ոչ ոք այստեղ ահագնացող արտագաղթը կանգնեցնելու փորձ չի անում: Երբ զգանք, որ մեր թիկունքն այլևս դատարկ է՝ շատ ուշ կլինի: Սիրիայում հրթիռների կրակի տակ այսօր կորցնում ենք սիրիահայ գաղթօջախը, իսկ հայաթափվող Ջավախքը վաղը կորցնելու ենք առանց կրակոցների: Սիրիահայ գաղութի երբեմնի փառքի վերադարձը այնքան անհավանական է, որքան օտարության մեջ ձեռք բերած բարեկեցիկ կյանքից ջավախքցու հրաժարվելն ու հայրական տուն վերադառնալը: Իսկ հարազատ օջախները մինչև վերջին շունչը չլքող, վճռական ջավախքցի տարեցների հույսը չի մարում՝ զավակները թոռների հետ մի օր ետ կգան: Սակայն, փակ դռների փականների ժանգը էլ ավելի է կարծրանում: Անհնար է չնկատել հայաթափման հրեշավոր ծրագրի իրագործումն այստեղ սոցիալ-տնտեսական ճգնաժամի ֆոնին. նրա տարեց տարի ամայացող քաղաքների ու գյուղերի տխուր տեսարանը, որն ամբողջանում է նրա սրտով անցնող Բաքու-Թբիլիս-Կարս երկաթգիծով: Ջավախքի տարածքում երկաթգծի ընթացող շինարարական աշխատանքներում կարծեք, թե արտառոց բան չկա, քանի որ դրանց երբեմն ներգրավվում է նաև տեղի աշխատուժը, սակայն վաստակած գումարն, ավա՜ղ, շատ հայ երիտասարդների համար դառնում է հայրենի հողն ընտանիքով լքելու ճանապարհածախս: Իրականում չարիքն ավելի խորքային է, որի մասին մոտ մեկ դար առաջ իր հարցազրույցում ասել է բրիտանացի գործակալ Լոուրենս Արաբացին. «Հայերը չպետք է ունենան Հայաստանը, բուն երկիրը»: Թուրք-վրացական սահմանը սկսվում է Ախալքալաքի Կարծախ գյուղով: Վերջին տասնամյակում վրաց իշխանավորների թեթև ձեռքով անհամեմատ մեծացել է թուրքական և ադրբեջանական արտադրության տնտեսական ապրանքների, գյուղմթերքի ու պարենամթերքի իրացման ծավալները Ջավախքում: Սա դեռ չարյաց փոքրագույնն է: Թուրքական տարրի ներկայությունը մտահոգում է նաև վրացիներն. պետք չէ մոռանալ ամիսներ առաջ Բաթումիում բացված թուրքական դպրոցի շուրջ բարձրավցած աղմուկը: Իսկ Ջավախքի կորուստն անդառնալի է.հայերի տասնամյակներով փակ տներն այսօր գնում են թուրքերը (սրանց պետք չէ շփոթել մցխեթցի թուրքերի հետ): Այսօր ջավախքցու տան տերը դառնում է թուրքը, և անհնար է չլսել դժգոհությունն ավագների՝ «թուրքը քաղաք է հասել ու տնավորվել»: Այսօր թուրքը անարգելք ելումուտ է անում երբեմնի հայաշատ Ջավախքում, իսկ ջավախքցին չի հիշում, թե վերջին անգամ, երբ է այստեղ թուրք տեսել: «Եղբայրական» Վրաստանի հետ «սերտ» հարաբերությունների արդյունքում Հայաստանից այս էլ արդեն քանի՞ տարի է գյուղմթերք, պարենամթերք ու տնտեսական ապրանքներ Ջավախք չի արտահանվում, հայկական շուկան, բառի բուն իմաստով, դուրս է մղվել այստեղից՝ տեղը զիջելով թուրքական ու ադրբեջանական ապրանքներին: Հայաթափման ծրագիրը սկսվել է մատաղ սերնդից, որին քիչ-քիչ հեռացնում են արմատներից ու մայրենիից. դպրոցներում «Հայոց պատմություն» առարկան շաբաթը մեկ անգամ է դասավանդվում, իսկ «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաները միասին՝ շաբաթը հինգ դասաժամ: Շատ դպրոցների տնօրեններ ու մանկավաժներ ազգությամբ վրացի են, հայկական դպրոցներում գերիշխում է վրացերենի ու վրացականի շունչը: Յուրաքանչյուր առարկայի դասաժամի կեսն անցկացնում են վրացերեն, կեսը՝ հայերեն լեզվով: Համացանցում դպրոցահասակ հայ երեխաների շփման մեջ նկատելի վրացերենի առավելությունը:

Իսկ ՀՀ Սփյուռքի նախարարության և ՀՀ Կրթության նախարարության պատկան մարմինները մեկ տասնամյակից ավելի է՝ չեն կարողանում հաղթահարել հայերեն գրականության մուտքի արգելքը Ջավախք: Ինչո՞ւ: Թող հարցի պատասխանը ՀՀ կառավարությունն ու ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարները տան: Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին հայտնի դարձավ, որ Ջավախքի Նինոծմինդա քաղաքի հիվանդանոցի սեփականատերը Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան է, իսկ գործադիր տնօրենը ադրբեջանցի Էլդար Ալիևն է: Սա հանրությանը հայտնի դարձավ այն ժամանակ, երբ բուժհաստատության հայազգի աշխատակիցները փորձել էին աջակցություն ցուցաբերել Արցախում մարտնչող հայ զինվորներին ու ազատամարտիկներին, ինչն, անշուշտ, առաջացրել էր հիվանդանոցի ազերի վերադասի դժգոհությունը և հայազգի բուժաշխատակիցներին աշխատանքից ազատելու նրա սպառնալիքը չէր ուշացել:

Թուրքական տարրի ներկայությունը Ջավախքում այլևս նորություն չէ, օրինակները բազմաթիվ են: Ջավախքցին այլևս իր գլխի տեր չէ. ինքը չի որոշում՝ իրեն ինչ է հարկավոր, նրա խոսքը կշիռ չունի, նրա միայն ձայնն է պետք ընտրությունների ժամանակ:

Մենք ուշքի ենք գալիս այն ժամանակ, երբ դանակը ոսկորին է հասնում: Եթե այսպես՝ հարևանցիորեն, Հայաստանի իշխանավորները շարունակեն Վրաստանի ղեկավարների հետ «սիրախաղ» անել դիվանագիտության փոխարեն, ապա ևս մի քանի տասնամյակ և Ջավախքն առանց կրակոցի կհանձնենք թուրքերին, իսկ վրացիները նրանց համար խնդիր չեն:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

newhing

newhing