Թվում էր՝ զինվորի բաժնի գողությունից ավելի զազրելի բան չէր բացահայտվի

262

lragir.am — Այսօր ձերբակալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2009-ից, մինչ այդ էլ մի քանի տարի աշխատել է հիմնադրամում:

ՀՀ ԱԱԾ հաղորդագրության համաձայն, «Արա Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:

Ըստ իր խոսքերի, վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը ետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ՝ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն, դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը:

Միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016–ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 մլն ՀՀ դրամ», ասվում է հաղորդագրության մեջ:

Փաստորեն, համայն հայության հանգանակած գումարներով Արա Վարդանյանը օնլայն խաղադրույքներ է կատարել: Կարելի է հիշել նրա հուզիչ ճառերը հեռուստամարաթոնների եւ այլ դրամահավաքների ժամանակ, հայության միասնականության, հայրենիքը շենացնելու եւ մնացյալի մասին:

Հայաստան հիմնադրամը վաղուց ի վեր դարձել էր իշխող քրեական համակարգի փողի աղբյուրներից մեկը, որը դրսեւորվում էր ինչպես ուղիղ, այնպես էլ ատկատների ձեւով: Օրինակ, համառ լուրեր կային, որ հիմնադրամի միջոցները տարբեր ժամանակահատվածներում օգտագործվել են այդ թվում ընտրակաշառքների համար:

Նախկին իշխող համակարգն այսպիսով չէր բավարարվում Հայաստանի հանրության թալանով, թալանին անհրաժեշտ էր տալ համահայկական մասշտաբներ:

Հայաստան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում են ՀՀ եւ Արցախի ղեկավարները, զույգ կաթողիկոսները, այլոք: Դատելով նախագահների ու կաթողիկոսի որոշակի հայտնի հակումներից, Արա Վարդանյանն իդեալական թեկնածու էր Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրենի համար:

ԱԱԾ ղեկավարը մի քանի օր առաջ խորհուրդ էր տալիս ֆուտբոլ նայել, այն ավելի հետաքրքիր է, քան վերջին օրերի բազմաթիվ կոռուպցիոն բացահայտումները, ասում էր նա: Սակայն դա շատ դժվար է, քանի որ այդ բացահայտումները գնալով ավելի ու ավելի զազրելի պատկեր են բացահայտում: Թվում էր՝ զինվորի սնունդի գողությունից հետո այլ զարմանալի բան չէր լինի: Բայց ոչ, նախկին իշխող վարչակարգը որեւէ սրբություն չուներ, եւ երեւում է ավելի վատը դեռ առջեւում է:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache