good-banner
Լրահոս

«Տոկոսով փող տվող» պետական բարձրաստիճան պաշտոնյաները, նրանց կանայք և կոռուպցիայի դեմ պայքարը

 

TOKOS-320x228

galatv.am-ը գրում է.Ապրիլյան պատերազմից հետո դարձյալ առիթ եղավ հիշել, որ կոռուպցիան է մեր երկրի ազգային անվտանգության լրջագույն սպառնալիքը: Կառավարության ղեկավարը մայիսի 12-ի նիստում խոսեց քաղաքական կամքի առկայության մասին, կոռուպցիայի դեմ պայքարելու, արագ ու շոշափելի արդյունքներ գրանցելու իրական հնարավորության:

Որպես կանոն, մեր երկրում բարձրաստիճան պաշտոնյաների hայտարարագրերի, թաքցված եկամուտների, ապօրինի հարստացման մասին հիշատակվում է միայն այն ժամանակ, երբ պետք է լինում ցուցադրաբար խոսել կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին: Հետո անորոշ ժամանակով գործընթացը սառեցվում է: Արդյունքում իրական քայլեր երբեք էլ չեն ձեռնարկվում հասկանալու համար՝ ինչպես է ստացվում, որ ոչ շատ բարձր աշխատավարձ ստացող պետական պաշտոնյաները խոշոր կարողության տեր են դառնում, իրենց ֆինանսական միջոցները դնում են շրջանառության մեջ, տալիս փոխառության, գործընթացից խոշոր եկամուտներ ստանում և այլն:

Նշենք, որ Հայաստանում չկա իրավական որևէ ակտ, որն իրավունք կտա իրավապահ մարմիններին ուսումնասիրել պաշտոնյաների հայտարարագրերն՝ ապօրինի հարստացման դեպքերն արձանագրելու և քրեական պատասխանատվության հարցը բարձրացնելու համար:

Սակայն այստեղ ևս բախվում ենք իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամքի բացակայությանը, քանի որ ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի Հոդված 27-ը սահմանում է, որ յուրաքանչյուր մասնակից պետություն կարող է ընդունել այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, որ քրեական իրավախախտում ճանաչվի, ասենք, ապօրինի հարստացումը: Իսկ դա հիմք կտա իրավապահներին ցանկացած պաշտոնյայի հայտարարագիր դարձնել քննության առարկա:

«Դա ուղղակի հնարավորություն կտա իրավապահ մարմիններին այդ հոդվածն օգտագործել և սկսել հարուցել քրեական գործ և ուսումնասիրել՝ որտեղի՞ց նրան այդ հարստությունը: Իսկ անուղղակի տարբերակը հետևյալն է. մարդը եթե ապօրինի հարստացել է, ուրեմն ինչ-որ հանցագործություն է արել, ուրեմն պետք է փորձել բացահայտել այդ հանցագործությունը կամ հանցագործությունները և բռնել հանցանքի պահին: Երկու տարբերակն էլ, իհարկե, շատ լավ կլինի, որ կիրառվի: Հայաստանը չի քրեականացրել ապօրինի հարստացումը, և փաստորեն մնում է երկրորդ՝ անուղղակի տարբերակը, որ ունենալով այդ տվյալները՝ փորձեն արդեն ուսումնասիրել անձի գործունեությունը և բռնել հանցանքի պահին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

Սակայն հարց է առաջանում՝ իրավապահ մարմինները կանե՞ն դա, թե՞ ոչ:

«Ոչ ուղղակի, ոչ անուղղակի չեն ուսումնասիրի, որովհետև եթե ուսումնասիրող լինեին, մինչև հիմա կուսումնասիրեին»,- իր թերահավատությունն է հայտնում Վարուժան Հոկտանյանը:

Ուսումնասիրելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում տեղադրված հայտարարագրերը, հասկանալի է դառնում, որ մի մասի պարագայում գործ ունենք թաքցված եկամուտների հետ: Շատերը խուսափել են իրենց ունեցվածքի վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ հաղորդել, իսկ ավելի «համարձակների» պարագայում անմիջապես աչք է զարնում ստացած աշխատավարձի և ունեցվածքի անհամամասնությունը: Բայց քանի որ իշխանությունները հայտարարում են, որ կա քաղաքական կամք պայքարելու կոռուպցիայի դեմ, մենք այս անգամ առանձնացրել ենք ՀՀ պետական այն պաշտոնյաների մի մասին, ովքեր կայուն եկամուտներ են ստանում փոխառությունների դիմաց ստացված տոկոսներից: Ուսումնասիրել ենք հիմնականում 2015 թվականի հայտարարագրերը:
Սկսենք երկրի նախագահի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանի ընտանիքից: Ուշագրավն այն է, որ Սարգսյանն իր տիկնոջ հետ միասին կայուն եկամուտներ է ստանում «տոկոսով» տրված գումարներից:

sssss1-274x300

Աշխատանքի դիմաց տարեկան շուրջ 15 մլն դրամ աշխատավարձ ստացող Սերժ Սարգսյանը տարեկան շուրջ 14 մլն դրամ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց տոկոս է ստանում:

Ռիտա Սարգսյանը, ով աշխատավարձ չի ստանում, իր հերթին փոխառության տրված գումարից 2015 թվականին ստացել է 12 մլն դրամ տոկոս: Նրա դրամական միջոցները կազմում են 15 մլն դրամ:

Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանն էլ անմասն չէ այս գործընթացից: 2015 թվականի հայտարարագրի համաձայն՝ նա փոխառության է տվել 688 և 431 մլն ՀՀ դրամ: Շահաբաժինը կազմել է 75 մլն ՀՀ դրամ: Աշխատանքի վարձատրությունը կազմել է ընդամենը 2 մլն դրամ: Այս «աղքատիկ» աշխատավարձով Սարգսյանի փեսան 2014-ին կարողացել է 266 մլն դրամով բնակարան գնել և 29,5 մլն դրամով՝ ավտոտնակ, 112.000 եվրո գումարով՝ RANGE ROVER Supercharged 5.0 մեքենա:

ffff

2014-ին էլ Սուրբ աթոռում, վերջերս նաև համատեղության կարգով Պորտուգալիայում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը «տոկոսով» փող է տվել: Փոխառության գումարի չափը հարկային տարվա սկզբում կազմել է 696 մլն և 292 մլն դրամ: Պարտապանների տվյալները պաշտպանված են:

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի շրջանակներում ամիսներ առաջ կառավարությունը հայտարարեց, թե պայքարելու է այն պաշտոնյաների դեմ, ովքեր թաքցնում են իրենց ունեցվածքը, տուգանքներ են սահմանվելու սխալ հայտարարագրեր ներկայացնողների նկատմամբ, ինչպես նաև Քրեական օրենսգրքով իրավական հետևանքներ են լինելու: Պայքարի շրջանակներում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած հայտարարագրերը նախ և առաջ պետք է հայտնվեն ուսումնասիրության կենտրոնում, քանի որ բավականին «համեստ» հայտարարագրեր է ներկայացրել Հովիկ Աբրահամյանը:

16400-320x213

2015 թվականին Հ.Աբրահամյանի դրամական միջոցները կազմում են 180 մլն դրամ և 1 մլն 600.000 ԱՄՆ դոլար, կնոջ՝ Ջուլիետա Աբրահամյանի միջոցները՝ 220 մլն ՀՀ դրամ և 2 մլն 700.000 ԱՄՆ դոլար: Զույգը չի նշել փոխառության տրված գումար:

Փոխառություն տված պաշտոնյաների ցանկում ենք ներառել նաև ՀՀ վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանին: Վերջինս 2015 թվականին փոխառության է տվել 80 մլն ՀՀ դրամ:

f56c2045ea01f1_56c2045ea0230-320x188

Կովալենկո Շահգալդյանի կնոջ՝ Գայանե Շահգալդյանի հայտարարագրում ևս ուշագրավ տեղեկություններ կան: 2015 թվականին բազմաբնակարան բնակելի շենքում ձեռք է բերել երկու բնակարան՝ 33 և 48 մլն ՀՀ դրամով, ինչպես նաև հողամաս՝ 9 մլն դրամ արժեքով: Նույն տարում օտարել են բնակարան՝ 85 մլն դրամով: Ուշագրավն այն է, որ Կովալենկո Շահգալդյանի կինը բնամթերքի տեսքով խոշոր նվիրատվություն է ստացել՝ անհայտ աղբյուրներից՝ ընդհանուր առմամբ 90 մլն ՀՀ դրամի չափով:

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի փոխառության գումարի չափը հարկային տարվա վերջում (2015 թ.) կազմել է ավելի քան 1 մլն 56.000 ԱՄՆ դոլար:
Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը կազմել է ավելի քան 56 մլն դրամ:

Գագիկ Խաչատրյանի կինը նույնպես «տոկոսով» փող տվողների շարքում է: Նա, ի տարբերություն ամուսնու, ավելի մեծ գումար է շրջանառության մեջ դրել:

2015 թվականին Լաուրա Եփրեմյանը փոխառության է տվել ավելի քան 2 մլն 112.000 ԱՄՆ դոլար գումար: Տրված փոխառության դիմաց արդեն դրամով ստացել է շուրջ 113 մլն ՀՀ դրամ տոկոս:

80251-320x213

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի կինը՝ Նունե Նիկոլյանը, ի տարբերություն ամուսնու, համաձայն հայտարարագրի, ավելի ապահովված է: 2015 թվականին հայտարարագրել է 3 մլն 70.000 ԱՄՆ դոլար և 39 մլն 200.000 դրամ գումար: Երկուսն էլ փոխառության տրված գումար չեն հիշատակել, սակայն Բեգլարյանի կնոջ հայտարարագրում տրված վարձակալության դիմաց է բավականին մեծ եկամուտ նշված: Վարձակալության դիմաց ստացված վճարը կազմել է ավելի քան 47 մլն ՀՀ դրամ:

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը 2016 թվականի՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել է, որ փոխառության է տվել 2 մլն ԱՄՆ դոլար: Մեկ անգամ չէ, որ անդրադարձ է կատարվել հիշյալ պաշտոնյայի ունեցվածքին: Նա հայտարարագրել է 6 բնակարան, 6 տարբեր հասցեներում գտնվող հողամաս, թանկարժեք նկարների հավաքածու, շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար և 185 մլն դրամ, և այս ամենն այն դեպքում, երբ պաշտոնյան աշխատանքի դիմաց ստացել է ընդամենը 1.781.734 ՀՀ դրամ աշխատավարձ: Պաշտոնյան նախորդ տարիներին նաև խոշոր չափի արտարժույթով նվիրատվություններ է ստացել:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ևս «հմտորեն» շրջանառության մեջ է դնում իր ֆինանսական միջոցները: Պաշտոնյայի՝ 2015 թվականին փոխառությունների դիմաց ստացված տոկոսները՝ ստորև:

ggggՋավադյանի դրամական միջոցները կազմում են 121 մլն դրամ, շուրջ կես միլիոն դոլար և 151.000 եվրո:

f56c204ae0852b_56c204ae08569-320x188

Առանձնացրել ենք ՀՀ կենտրոնական բանկի նախագահի՝ 2014 թվականի հայտարարագրի տվյալները: Տրված փոխառությունների դիմաց ստացել է 3 մլն դրամ և շուրջ 36.000 ԱՄՆ դոլար տոկոս:

Ջավադյանի ընտանիքի անդամներն էլ՝ դուստրը՝ Աննա Ջավադյանը, և կինը՝ Հասմիկ Մանուկյանը, լուրջ միջոցներ ունեն կուտակած և տրված փոխառությունների դիմաց բավականին մեծ եկամուտ են ստանում:

Հասմիկ Մանուկյանը 2015 թվականին մոտ 30 մլն դրամ և ավելի քան 10.000 դոլար տոկոս է ստացել: ԿԲ նախագահի տիկնոջ դրամական միջոցները կազմում են 51 մլն դրամ, 280.000 եվրո և 560.000 ԱՄՆ դոլար:

Ջավադյանի դուստրը 50.000 ԱՄՆ դոլար է փոխառության հանձնել:

2654564-320x228

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի փոխառության գումարը հարկային տարվա սկզբում կազմել է 110.000 ԱՄՆ դոլար: Տրված փոխառություններից 2015 թվականին ստացված տոկոսը կազմել է 8300 ԱՄՆ դոլար: Ռոբերտ Նազարյանի կինը՝ Սվետլաննա Խառատյանն, իր հերթին, տրված փոխառության դիմաց ստացել է 24.450 ԱՄՆ դոլար գումար:

«Խնդիրը ոչ թե այն է, որ իրենք տոկոսով փող են տալիս, խնդիրն ավելի շուտ նա է, թե այդ փողը, որը նրանք տալիս են, արդյոք իրենց աշխատած աշխատավարձից են կուտակել, թե ոչ: Սա՛ է ավելի կարևոր: Թե հիմա ինչ կանեն գումարի հետ, դա արդեն մեզ չի վերաբերվում: Մարդու իրավունքները հարգող պետություն ենք, իրավունք չունենք մարդկանցից պահանջելու, որ չէ, փոխառության մի տվեք: Մենք իրավունք ունենք պահանջելու՝ իսկ որտեղի՞ց այդ փողը, որ դուք փոխառության եք տալիս»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Վարուժան Հոկտանյանը:

Հասկանալի է, որ վերոհիշյալ ցանկը կարելի է շատ ավելի ընդգրկուն դարձնել, քանի որ օրենսդիր, գործադիր, դատական իշխանության տարբեր ճյուղերում տարիներ շարունակ խորը արմատներ է ձգել կոռուպցիան: Պետական պաշտոնյաների, նրանց կանանց, ընտանիքի մյուս անդամների հայտարարագրերի ծալքերում կարելի է փնտրել և հեշտությամբ գտնել պետական ապարատում բույն դրած և երկիրը կեղեքող կոռուպցիայի ահռելի չափերը: Միայն թե քաղաքական կամքն իրականում ամուր լինի և սեփական անձից, սեփական ընտանիքի անդամներից սկսելու պատրաստակամություն:

Արմենուհի Վարդանյան

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing