Տոնոյանի խոսքերը անհանգստացրել են Պուտինին

360

Հայ-ռուսական բարիդրացիական հարաբերությունները նույնիսկ պայմանագրերով են ամրագրված: Այս մասին հուլիսի 22 Շիրակի Փանիկ գյուղում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան։

Չնայած դրան ՀՀ ՊՆ չէր բացառել հայ-ռուսական միջպետական պայմանագրի որոշ դրույթների վերանայումը։ «Դրանք քարի վրա գրված փաստաթղթեր չեն, և ժամանակի ընթացքում առաջանում են խնդիրներ, որոնք պահանջում են պայմանագրաիրավական փոփոխություններ: Իհարկե, դա արվելու է»,-նշեց նախարարը՝ փաստելով, որ օրերս Փանիկում տեղի ունեցած միջադեպը կարող է խթան հանդիսանալ որոշ փոփոխությունների:

Նախարարի այս հայտարարությունը Հայաստանում աշխույժ քննարկումների տեղիք տվեցին: Շատերը սկսեցին կարծել, թե ՀՀ իշխանությունները կփորձեն որոշակի փոփոխությունների ենթարկել վերնշված միջպետական պայմանագիրը և մեծացնել հայկական կողմի վերահսկողությունը ռուսական զորքերի նկատմամբ:

ՀՀ պաշտպանության նախարարի այս հայտարարությունը անհանգստացրել էր ռուսական կողմին: Ժամեր անց ռուսական Ria գործակալությունը կապ է հաստատում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ և խնդրում մեկնաբանություն՝ հասկանալու համար, թե ի՞նչ նկատի ունի նախարարը փոփոխություններ ասելով: Ռուսական գործակալությանն ի պատասխան Արծրուն Հովհաննիսյանը ասում է.«Նախարարը նկատի ուներ 102-րդ ռազմաբազայի թեման, և խոսել է ոչ թե վերանայման, այլ հավելյալ տեխնիկական կետերի»,-ասել է Հովհաննիսյանը:

Ըստ էության ՊՆ մամուլի խոսնակը մեղմացրել է նախարարի խոսքը, սակայն չի հերքել և քննարկման տեղ է թողել: Տեխնիկական կետերի վերանայման անվան տակ շատ բան կարելի է հասկանալ ու հենց սա է անհանգստացնում Ռուսաստանին:

Մինչ այս պահը ռուսական ռազմաբազային վերաբերվող միջպետական պայմանագրի մասով նման քննարկում չի եղել: Այս պայմանագիրը նախկին իշխանությունների համար գրեթե «սուրբ գիրք» էր, որի փոփոխությունների մասին մտածելն անգամ մեղք էր համարվում:

Եվ ահա այս տեղեկատվության տարածումից ժամեր անց Կրեմլը հայտարարություն է տարածում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել:

Փաստորեն Պուտինն անձամբ է փորձել հասկանալ, թե ի՞նչ է իրականում կատարվում Հայաստանում: ՀՀ իշխանությունների այս պահվածքը ուժեղացնում է երկրի դիրքերը, սակայն այն իր հետ նաև սպառնալիքներ է բերում: Հասկանալի է, որ ՌԴ-ն հենց այնպես չի նստի ու կփորձի Հայաստանի դեմ հակաքայլեր անել: Այնպես որ պետք է պատրաստ լինել ՌԴ կողմից նոր հնարավոր սադրանքների, այդ թվում Արցախի ճակատում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache