Լրահոս

Տրանսֆերտների կրճատում, Լարսի փակում, անկայուն վիճակ սահմանին. փոխնախարարը ներդրումների նվազման պատճառների մասին

 

emil

tert.am – Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներին, ըստ որի՝ օտարերկրյա ներդրումները նախորդ տարվա համեմատ կտրուկ նվազել են՝ տեսակետ հայտնեց, թե տնտեսական ակտիվության ցուցանիշի, ներդրումների պակասի և ընդհանրապես վճարունակության անկման վրա մեծ դեր է կատարել տրանսֆերտների 22-23% նվազումը:

«Տնտեսության ակտիվության ցուցանիշը բավականին անկում ապրեց հուլիս ամսվա համար, բայց տնտեսական աճի ցուցանիշը 2,8% է: Մենք դեռ ակնկալիքներ ունենք տնտեսական աճի տեսանկյունից, որովհետև երկրորդ կիսամյակում հիմնականում աճի տենդենց է գրանցվում»,-Tert.am-ի հետ զրույցում նշեց փոխնախարարը:

Ըստ փոխնախարարի՝ ցուցանիշերի վրա մեծ ազդեցություն է ունեցել նաև Լարսի ճանապարհի փլուզումը:

«Որը գրեթե սառեցրեց որոշ ժամանակով ապրանքառևտրաշրջանառությունը՝ և՛ արտահանումը, և՛ ներմուծումը: Դրանք գումարվեցին և արդյունքում ունեցանք այդ մակրոցուցանիշները»,-ասաց նա:

Հարցին, թե չնայած կատարվող միջոցառումներին և բերված պատճառներին, այդուհանդերձ ինչո՞ւ գրավիչ չէ Հայաստանը ներդրողի համար, Էմիլ Տարասյանը պատասխանեց, թե ոչ պակաս պատճառ է այսօրվա տարածաշրջանում անկայուն վիճակը:

«Խոսքը գնում է սահմաններում տիրող իրավիճակի մասին. դա նույնպես մեծ գործոն է։ Ապրիլյան իրադարձությունները նույնպես մեծ դեր կատարեցին ներդրումների նվազման համար, որովհետև ցանկացած ներդրող ուզում է կայուն տարածաշրջանում իրականացնել ներդրումները, որը և՛ քաղաքականապես, և՛ տնտեսապես կայուն է և կանխատեսելի: Մեր տարածաշրջանը վերջին իրադարձություններից այդ առումով բավական տուժեց: Դա մեծ գործոն է, գրեթե 90 տոկոսը այդ գործոններից»,-ասաց նա:

Ըստ փոխնախարարի՝ նաև Լարսի ճանապարհի փակումն իր արդյունքն ունեցավ. «Որովհետև պոտենցիալ ներդրողը, որը որ ցանկանում է ներդրում կատարել, տեսնելով այսօրվա առկա և ցանկացած ժամանակ առաջացող խնդիրները, որն ազդում է ստաբիլության վրա, նրան հետ է պահում ներդրումներ անելուց»:

Էմիլ Տարասյանը համակարծիք չէ այն պնդման հետ, որ կոռուպցիայի վարկանիշը ոչ պակաս դեր ունի ներդրումների նվազման վրա:

«Եթե դուք կարծում եք, որ ներդրումների վրա ազդում է կոռուպցիայի մակարդակը, ես կարող եմ ասել, որ նման կոռելացիոն կապը շատ թույլ է, որովհետև շատ տնտեսապես աճող և օտարերկրյա ուղղակի ներդրումների աճ ունեցող երկրներ կարող եմ թվարկել, որ շատ մեծ աճ են ունենում, բայց շատ ավելի բարձր մակարդակի կոռուպցիա ունեն: Կարծում եմ՝ դա չի մեր այսօրվա ամենամեծ խնդիրը, այլ իմ հիշատակած քաղաքական ու տնտեսական կայունության խնդիրն է. ներդրողները մակրոտնտեսական ցուցանիշերով են առաջնորդվում և էլի ինդիկատորներ ունեն, որոնց առնչվում են, դա է գործոնը»,-ասաց նա:

Փոխնախարարի խոսքով՝ ՀՀ-ի ճանաչելիության միջոցառումներ շատ են իրականացվում: «Այս տարի աննախադեպ տարի է զուտ ցուցահանդեսների առումով: Նյույորքյան ֆորում է տեղի ունենալու, այնտեղ Made in Armenia ֆորումն է լինելու և ցուցահանդես, որն անցկացվելու է սեպտեմբերին Անկախության տոնին զուգահեռ և նմանատիպ այլ միջոցառումներ: Եթե ծանոթանաք ցուցահանդեսների քանակին, խիտ գրաֆիկ է: Դա ցույց է տալիս, որ կառավարությունն իր ջանքերը չի խնայում և իր սուղ միջոցներից ֆինանսավորում է նման միջոցառումները, որպեսզի այս ծանր տնտեսական պայմաններում որոշակի ելքեր գտնվեն, իսկ ելքերն այն է, որ առնվազն առավելագույն ցուցադրվի այն, ինչ ունենք»,-ասաց նա:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am