Լրահոս

Ում հետ է ԱՄՆ-ն կապում Հայաստանի հեռանկարը

 

Armeniya usa

lragir.am — Հայաստանը կարծես թե աշխարհքաղաքական առումով Հարավային Կովկասի ամենախոցելի ու կախյալ պետությունն է, սակայն նրա հետ հարաբերություններ կառուցելը ուժի համաշխարհային բեւեռների համար բավական բարդ ու անհարմարավետ է:
Ռուսաստանը կարծես թե առանց դժվարության հարաբերություններ է կառուցել Հայաստանի հետ, բայց պարզվել է, որ ոչ թե կառուցել է, այլ քանդել հարաբերությունները մեր երկրի հետ: Այդ քաղաքականության արդյունքում Հայաստանում Ռուսաստանի կողմնակից են մնացել մի քանի անհույս ու գնված «քաղաքական գործիչներ» ու «փորձագետներ»:
Արդյոք հայերն այդպիսով սիրել են Ամերիկան: Սա իսկապես սակրալ հարց է, եւ այն գերադասում են լռության մատնել, այնպես, ինչպես ՆԱՏՕ-ի հետ զարգացող հարաբերությունները: «Սիրում ես – չես սիրում» խաղը ընդամենը հայ հանրության փորձն է վերջապես քաղաքական հարաբերության մեջ մտնել արտաքին աշխարհի հետ:
ԱՄՆ-ն ժամանակ առ ժամանակ բացում է վիրտուալ «բողոքի ու առաջարկների գիրքը» եւ կովկասյան քաղաքական գործիչներին առաջարկում այնտեղ գրառում թողնել: Ամերիկացիներն իբր ակնարկել են միջուկային նոր ռեակտոր կառուցելու կամ Հայաստանում միջուկային էներգետիկայի զարգացման ինչ որ այլ տարբերակի մասին:
Այս ամենն առայժմ կասկածելի է թվում, այնուամենայնիվ ամերիկացիները չէին կարող այս հարցի քննարկումը սկսել առանց խնդրի որոշակի ուսումնասիրության:
Երկար տարիների ընթացքում ամերիկացի փորձագետներն ու քաղաքական գործիչները քիչ թե շատ կանոնավոր վերլուծական գրություններ էին ստանում, որոնցում մատնանշվում էր այն գաղափարը, որ «Հայաստանում ազդեցություն կունենա այն երկիրը, որը ատոմակայան կկառուցի»: Հայաստանում երկրորդ ատոմակայանի կառուցման վերաբերյալ քննարկման հենց սկզբից հասկանալի էր, որ Ռուսաստանը չի պատրաստվում լրջորեն դիտարկել այդ նախագիծը որեւէ հնարավոր ձեւաչափում:
Հայաստանում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցում Ռուսաստանի հնարավոր շահագրգռության մասին հարցը Մոսկվայում բավական մանրամասն քննարկվել է: Պետք է արժանին մատուցել ռուս որոշ ֆունկցիոներների, ովքեր մանրամասն շարադրել են «խեղճ հայերի օգտին» այդ խոսակցությունների կապակցությամբ գործոններն ու հանգամանքները:
Իմ գործընկերը, ով զբաղվում է գեոտնտեսական խնդիրներով, կասկած է հայտնել, թե այդ նախագծի հանդեպ կան Ռուսաստանի աշխարհքաղաքական ու գեոտնտեսական շահագրգռության գործոններ: Հայաստանում երկրորդ ատոմակայանը նշանակում է Ռուսաստանից Հայաստանի ավելի մեծ անկախություն եւ արտաքին քաղաքական մանեւրի մեծացում:
Ամերիկացիներին ներկայում քիչ է հետաքրքրում Հայաստանի քաղաքական ղեկավարության ճակատագիրը, հասկանալի է, որ ԱՄՆ-ի համար Հայաստանում կարեւոր են ոչ թե «քաղաքական գործիչները», այլ զինվորական շրջանակները: Ամերիկացիները մեծ հարգանք ունեն հայ զինվորականների հանդեպ եւ երեւում է նրանց հետ են կապում երկրի հեռանկարները:
Ինչու են հարգում զինվորականներին՝ հասկանալի է: Ընդ որում, ոչ բոլոր զինվորականներին են նախկին ԽՍՀՄ տարածքում նման վերաբերմունքի արժանացնում: Համեմատելու բան կա: Ըստ ամենայնի, Հայաստանի նախագահի պաշտոնին կանցնի զինվորական, գեներալ կամ ոչ գեներալ:
Ներկայում զինվորական շրջանակները Հայաստանում միակ մարդիկ են, ում հետ կարելի է առարկայական խոսել եւ պատասխան ստանալ տարբեր հարցերի: ԱՄՆ-ին ու մեծ Բրիտանիային Հայաստանում հետաքրքրում են ոչ թե մոլիբդենն ու ոսկին, այլ հենց զինվորականները:
Դա ասվել է բավական համոզիչ, եւ հասկանալի է դառնում, թե ինչու են ամերիկացիներն այդքան հոռետես վերաբերվում հայ քաղաքական գործիչներին: Նրանց հետ համեմատելու բան կա: Սերժ Սարգսյանին վերաբերվում են այնքանով, որքանով նա վաղուց վերահսկողության տակ է պահում Զինված ուժերը:
Հայկական Զինված ուժերն արել են այն ամենը, ինչ թույլ են տվել: Նրանք հմտորեն մասնակցում են ՆԱՏՕ-ի ծրագրերին, սակայն բանակը հետ է մնում թե նյութական, թե ռազմա-տեխնիկական առումով: Ռուսների պարտադրած կեղծ ու հետամնաց «ռազմավարությունը» հայկական բանակը հասցրել է վատ իրավիճակի:
Միեւնույն ժամանակ, իրավիճակը նկատելիորեն փոխվել է: Հայերը քիչ թե շատ հասկացել են, որ Ռուսաստանը հակառակորդ է եւ ի վիճակի չէ գործառնություններ կատարել Հարավային Կովկասում: ՀԱՊԿ-ն ըստ էության արդեն գոյություն չունի, եւ դա վաղուց հասկացել են հայ զինվորականները: ՀԱՊԿ-ը փլուզվեց Ղարաբաղում առաջին իսկ կրակոցից:
Հայաստանին որեւէ ձեւով չեն հրավիրում մասնակցելու ռազմական մանեւրների եւ այլ կարեւոր միջոցառումների, Հայաստանն ընկալվում է որպես Ռուսաստանի վասալ:
ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն հասկացել են, որ Վրաստանը սպառել է իր ռազմավարական ռեզերվները եւ արել է այն ամենը, ինչ կարող էր: Ադրբեջանը ժամանակավոր պետություն է, որն ընդունակ չէ կատարել գործընկերային գործառույթներ:
Հայաստանը, չնայած իր ներկայիս վիճակին, ունի այն հնարավորություններն ու շահերը, որոնք չունեն մեր հարեւանները: Հայաստանը ՆԱՏՕ-ին ու ԱՄՆ-ին հետաքրքրում է մի շարք պատճառներով, որոնց մասին արդեն գրել ենք:
Նշենք այն, որ Հայաստանը համատեղում է Թուրքիայի զսպման եւ Ռուսաստանի հետ «ռազմավարական գործընկերության» խնդիրները, այդ թվում ՀԱՊԿ-ում, ինչպես նաեւ սերտ հարաբերություններ ունի Իրանի հետ, ինչը շատ է հետաքրքրում Եվրատլանտյան հանրությանը: Նույնիսկ Հայաստանում ռուսական ռազմական բազան դիտարկվում է որպես առավելություն ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության հարցում:
Միեւնույն ժամանակ, Հայաստանը չի կարող կատարել այդ գործառույթները եւ ինքնուրույն որոշել տրանսպորտի ու էներգետիկայի խնդիրները:
ԱՄՆ-ն շատ բան է բաց թողել տարածաշրջանում: Հայաստանն այն դեպքն է, երբ պետք է նախաձեռնություններ ձեռնարկվեն, առավել եւս որ ամերիկացիներն արդեն ունեն Վրաստանում «ժողովրդավարության շոուի» տխուր փորձը: ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին անհրաժեշտ են Թուրքիայի, ինչպես նաեւ հիմար հավակնություններ ունեցող Ադրբեջանի վերահսկողության ուժեղ գործոններ: Գործընկերներ են պետք, բայց ովքե՞ր են նրանք:
Հարավային Կովկասում հարկ է գործել արագ, ժամանակը չի սպասում: Ընդ որում, Հարավային Կովկասում ամերիկացիների ակտիվությունը որպես Իրանի խնդրի արձագանք ներկայացնելու ռուս փորձագետների փորձը ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանի հարեւաններին իրանական պատերազմով վախեցնելու փորձ:
Ամեն ինչ այլ է:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am