Լրահոս

Վա՜յ, Կարեն Կարապետյան, էս ինչ արեցիր… ՔԻՉ ԱՌԱՋ կառավարությունը ոտից գլուխը տակնուվրա արեց

 
1474564195_arm147455459455
armtimes.info—  Կառավարությունում սպասվում են կառուցվածքային լուրջ փոփոխություններ: Քաղաքաշինության նախարարությունը վերացվում է, փոխարենը ստեղծվում է ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտե: Երկրորդ բաղադրիչը հանվում է մշակույթի նախարարության կառավարման ոլորտից: Կառուցվածքային փոփոխությունները մեկնաբանելիս վարչապետ Կարեն Կարապետյանը, ըստ էության, ասել է, թե, ճարտարապետության տեսանկյունից, մշակութային արժեքների գնահատումն ավելի մասնագիտական է:
էկոնոմիկայի նախարարության կարգավորման դաշտից հանվում են քաղավիացիայի, տուրիզմի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: Երկրորդի համար ստեղծվում է կոմիտե: Իսկ քաղավիացիան եւ ՏՏ ոլորտը տեղափոխվում են  ներկայիս տրանսպորտի և կապի նախարարության կառավարման ներքո, և այս նախարարությունը վերանվանվում է  տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն: Վարչապետ Կարեն Կարապետյանն այս փոփոխությունը բացատրել է ներկայիս էկոնոմիկայի նախարարությունն ավելի ունիվերսալ դարձնելու նպատառումով, ըստ որի` ներդրողները պետք է դիմելու կոնկրետ հասցե ունենան, իսկ նախարարությունը պետք է կատարի գործարարներին օգնող կառույցի գործառույթ:
Ջրային ռեսուրսների կառավարումը գյուղոլորտից տեղափոխվում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներքո, որի արդյունքում այս նախարարությունը կոչվելու է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն: Սա էլ վարչապետը բացատրել է ենթակառուցվածքային մակարդակով «ծառայություն մատուցող բիզնեսների սինխրոնիզացման» անհրաժեշտությամբ:
Պարզ է, որ սկսված կառուցվածքային փոփոխություններն այսքանով չեն ավարտվելու: Բայց արդեն այն, ինչ նախաձեռնել է վարչապետը, մեղմ ասած,  բազմաթիվ հարցեր է առաջացնում:
Նախ՝ ակնհայտ է, որ որքան էլ վարչապետը պնդում է, թե էկոնոմիկայի նախարարությունը պահպանում է իր հիմնական գործառույթները, ըստ էության, տեղի է ունենում այդ գործառույթների տարրալուծում այլ նախարարությունների մեջ: Փաստորեն, վարչապետը էկոնոմիկայի նախարարությունն ուզում է վերածել մի գրասենյակի, որը զբաղված է լինելու` գործարարներին խորհրդատվություն տալով, նրանց ձեռքից բռնած, ինչպես վարչապետն է նշում, այլ գերատեսչություններ ման գալով ու նրանց միջև միջնորդի դեր կատարելով: Համակարգված ձևով տնտեսական քաղաքականություն կա’մ չի իրականացվելու, կա’մ այդ քաղաքականությունը վարչապետը որոշել է իրականացնել անձամբ՝ այլ հենակետային նախարարությունների, գերատեսչությունների միջոցով:
Գլխավոր հարցն է, թե հատկապես ի՞նչ սկզբունքով են իրականացվում այս կառուցվածքային փոփոխությունները, ինչպե՞ս են այդ փոփոխություններն օգնելու ծանր վիճակում գտնվող տնտեսությունը վերականգնելուն: Այս մասին վարչապետը ոչ մի բացատրություն դեռ չի տվել: Կառավարության ծրագիրը դեռ չի ներկայացվել, մինչդեռ` ամենապարզ տրամաբանությունը հուշում է, որ հենց այդ ծրագրով նախանշված ընդհանուր և ոլորտային քաղաքականությունից պետք է բխեր կառավարության կառուցվածքը կամ այն փոփոխությունների ենթարկելու անհրաժեշտությունը:
Մյուս կողմից` հարց է առաջանում՝ այս փոփոխությունները զուտ վարչապետի անձնակա՞ն պատկերացումների արգասիքն են, թե՞ դրանց տակ լուրջ վերլուծություններ ու փորձագիտական միտք է դրված: Այն փաստը, որ ինչպես մշակույթի նախարարն է դեմ մշակութային արժեքների պահպանության ոլորտը ճարտարապետությանը համակցելուն, այնպես էլ՝ էկոնոմիկայի նախարարը՝ նախարարությունը կտոր-կտոր անելուն,  ցույց է տալիս, որ այդ հարցերը կա’մ համակողմանի քննարկման չեն արժանացել, և վարչապետն ինքնուրույն է որոշել՝ որ ոլորտը որին կցել, կա’մ էլ քննարկում եղել է, բայց առարկությունները նկատի չեն առնվել: Իսկ դրանք, գոնե այս պահին, թվում են հիմնավոր, քանի որ, օրինակ, այնքան էլ հասկանալի չէ, թե ի՞նչ տրամաբանությամբ է քաղաքաշինական կոմիտեն որոշումներ ընդունելու ճարտարապետական և ոչ ճարտարապետական մշակութային արժեքների պահպանության առումով:
Բայց սա դեռ հարցի մեկ կողմն է, կա ոչ միայն երկրորդ, այլև երրորդ կողմը: Նախ՝ որքան էլ նախագահը վարչապետին կառուցվածքային ու կադրային հարցերում ոչ ֆորմալ դաշտում լայն լիազորություններ տված լինի, նա չի կարող լիարժեք ազատ լինել իր որոշումներում այն պարզ պատճառով, որ գոյություն ունի ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև համագործակցության հուշագիր: Այդ հուշագրի առաջնահերթություններն ու մոտեցումներն համընկնո՞ւմ են վարչապետի սկզբունքներին ու նպատակներին:
Երկրորդ՝ հարց է առաջանում, թե ի՞նչ հեռանկարի համար է նման կտրուկ ձևափոխությունների ենթարկվում կառավարության կառուցվածքը: Այս կառավարությունը, իրավական առումով, գործելու է մինչև 2017թ. նոր խորհրդարանի ձևավորումը: Տեսականորեն չի բացառվում, որ Կարեն Կարապետյանը դրանից հետո վարչապետ չլինի: Այդ դեպքում չի՞ ստացվում, որ նման կտրուկ կառուցվածքային փոփոխություններն ընդամենը մի քանի ամսվա համա՞ր են: Եթե` այո, ապա չպետք է բացառել, որ եթե ԱԺ-ն նոր վարչապետ ընտրի, վերջինս էլ իր հերթին է կառուցվածքային նոր փոփոխություններ նախաձեռնելու: Եվ առաջիկա տարիները լինելու են կառավարման կառուցվածքային էքսպերիմենտների շրջան՝ կառավարման որակի իրական, պահանջված փոփոխման փոխարեն:
Այս տարվա մայիսին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր մինչև հաջորդ բյուջեի քննարկումների մեկնարկը վերլուծել կառավարման համակարգն օպտիմալացնելու շրջանակների հարցը: Բյուջեի քննարկումները կառավարությունում արդեն սկսվել են, բայց ո՞վ է հիշում այդ հանձնարարականի մասին: Արվե՞լ են, արդյոք, այդ վերլուծությունները: Անցած 2 տարում կառավարության կառուցվածքը երկու անգամ ենթարկվել է իրար լրիվ հակառակ տրամաբանության փոփոխությունների, նախարարություններ են միավորվել ու կիսվել: Հիմա նոր պրոցես է սկսվում: Եվ ոչ ոք չգիտի՝ ինչ մասշտաբներ է այն ընդգրկելու: Այդ փոփոխությունները հանգեցնելու են ներքին կադրային լուրջ տեղաշարժերի, և հիմա ամբողջ ապարատը հերթական լարման մեջ է, թե ի՞նչ նոր փորձության միջով են անցնելու: Այսքանից հետո հնարավո՞ր է խոսել կադրային կայունության, աշխատանքի արդյունավետության ու ծառայողների մոտիվացվածության մասին:
Գևորգ Դարբինյան

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...