Վաղը տեղի կունենա երկու Կորեաների ղեկավարների հանդիպումը

Հանդիպումը տեղի կունենա առավոտյան ժամը 9:30 «Խաղաղության տանը»: Այդպես են անվանում ապառազմականացված գոտում Պանջումոն գյուղակում գտնվող շինությունը, որտեղ մերթընդմերթ հանդիպում են երկու երկրների ներկայացուցիչները:
Հյուսիսային Կորեայի պատվիրակության կազմում կլինի նաև Կիմ Չեն Ունի քույրը՝ Կիմ Յո Յոնգը, ով փետրվարին պատվավոր հյուրի կարգավիճակով ներկա էր Հարավային Կորեայում տեղի ունեցած Ձմեռային օլիմպիադայի բացման արարողությանը:
Բանակցություններից հետո Հյուսիսային Կորեայի ղեկավարի պատվին ճաշ կտրվի «Խաղաղության տանը», ապա տեղի կունենա պատմական բանակցությունների ավարտի հանդիսավոր արարողությունը, և հյուսիսկորեական պատվիրակությունը կվերադառնա Հյուսիսային Կորեայի տարածք:
