Վանեցյանն ասաց՝ մուծվում ես սիմվոլիկ գումար ինչ-որ հիմնադրամի, չես գալիս Հայաստան, կողմնակիցներդ չեն պայքարում Փաշինյանի դեմ ու քո դեմ քրեական գործերը դադարեցվում են. Միքայել Մինասյան

0

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը «Ստի վերջը» վերնագրված տեսանյութով մանրամասներ է ներկայացրել իր ու Արթուր Վանեցյանի հանդիպումից՝ նշելով նաև, թե որն է եղել թեման։

Ըստ Մինասյանի, Արթուր Վանեցյանն իրեն զանգահարել է 2019 թվականի փետրվարին, երբ ինքը Հռոմում է եղել, ասել է, որ ուզում է հանդիպել։ Իր հարցին՝  որն է թեման, Վանեցյանը, ըստ Մինասյանի, պատասխանել է, որ Նիկոլ Փաշինյանն ուղերձ ունի իրեն։ Նրանք հանդիպել են Հռոմի կենտրոնի սրճարանում։ Վանեցյանը ներկայացել է իբրև ԱԱԾ տնօրեն ու ասել, որ իրավասու է խոսել Նիկոլ Փաշինյանի անունից։

«Ասաց՝ մենք ունենք քեզ հետևյալ առաջարկը՝ դու մուծվում ես սիմվոլիկ գումար, կքննարկենք ուր՝ ինչ-որ հիմնադրամ կամ պետական հիմնադրամ, հստակ չձևակերպեց, որից հետո դու առաջիկա տարիներին երբեք Հայաստան չես գալիս, բոլոր այն մարդիկ, որոնք առնչվում են քեզ հետ, լսում են քո խոսքը, իրենք դադարում են պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, դու դառնում ես ապաքաղաքական մարդ, շարունակում ես ապրել Հայաստանից դուրս, բայց մենք պայմանավորվում ենք՝ բոլոր քրեական հետապնդումները դադարեցվում են, խոսքը գնում է հորս ու ընկերներիս մասին։ Մենք միանգամից դառնում ենք իրար չճանաչող լավ բարեկամներ»,- ներկայացրեց Միքայել Մինասյանը։

Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը նաև ասում է՝ ինքը մերժել է Նիկոլ Փաշինյանին, որովհետև իրեն չէր կարող ներել ու չէր կարող ապրել լավ, երբ իր ժողովուրդը այս վիճակում է. «Ես երբեք չեմ կարող պայմանավորվել մարդկանց հետ, ում անկեղծ համարում եմ պարզապես ստախոս, անպատասխանատու, ժողովրդի դավաճան, պետության թշնամի, որովհետև ՀՀ-ում այսօրվա կատարվողը պարզապես պետական դավաճանություն է։ Ես մերժել եմ Նիկոլ Փաշինյանին՝ իմանալով այն ճանապարհը, որ ինձ սպասում է»։

Անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործերին՝ Մինասյանն ասում է՝ չկա մի փաստ, որ ինքը թալանել է. «Ես երբեք չեմ գողացել, չեմ թալանել, և ձեռքերս չեմ մտցրել ՀՀ բյուջեի մեջ։ Չեմ արել մի բան, որ պետք է ամաչեմ։ Ես այստեղ չեմ, որ ուզում եմ իշխել, լիդեր լինել, իմ միակ դրդապատճառը ՀՀ ժողովրդին ծառայելն է՝ դնելով իմ ապագան ու կյանքը»։

Սերժ Սարգսյանի փեսան դիմել է ՀՀ դատաիրավական համակարգի աշխատակիցներին՝ ընդգծելով, որ ամեն ինչ ֆիքսում է, նաև ասել, թե երբ սկսեն նրանց դատել, չեն կարողանալու արդարանալ, թե կատարել են հրամաններ։

Նշենք, որ Միքայել Մինասյանի այս հայտարարության առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար Factor.am-ը փորձում է կապ հաստատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի խոսնակների հետ, սակայն առայժմ անարդյունք։

Ռոբերտ Անանյան


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները