Լրահոս

Վանո Սիրադեղյանը կվերադառնա

 

Vanoooo

168.am — Այս օրերին տարբեր կողմերից ու հեղինակներից հնչում են կարծիքներ, գրվում են նամակներ ու հղվում են կոչեր՝ Անկախության 25-ամյակի կապակցությամբ Վանո Սիրադեղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, նրան հայրենիք վերադարձնելու մասին։ Գրվում են ազնիվ ու անազնիվ մղումներով։ Գրում են շատերը։ Գրում են նրանք, ովքեր Վանո Սիրադեղյանի հետ են եղել ու մնացել են նրա հետ։ Գրում են նրանք, ովքեր, եթե եղել են՝ եղել են Վանո Սիրադեղյանով, բայց դավաճանել են նրան։ Գրում են նրանք, ովքեր չեն եղել Վանո Սիրադեղյանի հետ ու իրենց թույլ են տալիս գրել՝ թաքուն հույս ունենալով, որ երբեք չեն էլ լինի։ Գրում են, որովհետև մոդայիկ է։ Գրում են, որովհետև մտածում են՝ այլևս անշառ է գրել։ Գրում են տարվա մեջ հատուկենտ օրերի, մինչդեռ, եթե գրելու էին ոչ թե՝ ընդհանուր տրենդից հետ չմնալու համար, այլ նպատակային ու անշեղորեն նպատակային, պետք է գրեին ամեն օր։

Ու պետք է գրեին ոչ թե համաներումների ու ներումների մասին, այլ անարդարության մասին ու այն մասին նաև, որ Վանո Սիրադեղյանը վտարանդվել է ու քաղաքականապես հետապնդվել, ու այն մասին, անհրաժեշտաբար, որ նրան վերադարձնելու միջոցը ոչ թե համաներումն է, այլ արդարության վերականգնումը։

Որը որևէ հրամանագրով չվերականգնվող երևույթ է։ Պետք է գրեին նաև այն մասին, որ Վանո Սիրադեղյանը արտաքսվել է ոչ միայն նոմինալ արտաքսողների՝ քրեական հետապնդում սկսելու ու դատավճիռներ հրապարակելու պատվիրատուների կողմից ու նրանց պատճառով, այլ նաև նոմինալ թիմակիցների ու թիմակիցներից ամենաթիմակցի լռության հրահրմամբ։ Ու դիվիդենտներ հաշվելու թաքուն հրճվանքով։ Պետք է գրեին նաև այն մասին, որ Վանո Սիրադեղյանի նկատմամբ սարքված գործին ու սարքված դատավճռին համարժեք է նրա մասին լռությունն այն քաղաքական ուժի կողմից, որը նաև Վանո Սիրադեղյանինն էր ու նրանով էր նաև, այն քաղաքական ուժի կողմից, որը Վանո Սիրադեղյանի ազատամտությունը փոխարինեց սոցիալ-դեմոկրատական մարազմով ու ռուսապաշտ դեմոկրատիզմով…

Պետք է գրվեին ու հնչեցվեին էլի շատ գրվելիքներ ու հնչեցվելիքներ, որոնք չեն գրվել ու չեն հնչեցվել։ Բայց անգամ այսօր՝ գրումների ու հնչեցումների շքահանդեսում, չի գրվում ու չի հնչեցվում գլխավոր հարցը, որի պատասխանից է կախված՝ Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞ Հայաստան, թե՞ ոչ։ Հենց այդ հարցի պատասխանից ու ոչ թե ներումներից ու համաներումներից է կախված նրա վերադարձը։ Իսկ հարցն այդ շատ մարդկային է, ու մարդկային լինելով՝ անձնական է, անձնական լինելով՝ հանրային է, ու հանրային լինելով՝ քաղաքական է. իսկ Վանո Սիրադեղյանն՝ ինքը ցանկանո՞ւմ է վերադառնալ Հայաստան։ Այս հարցի ստույգ պատասխանը որևէ մեկը չի կարող տալ, բացի հասցեատիրոջից, ով չի կարող պատասխանել այս հարցին, քանի դեռ այն հռետորական է ու թանաքավորված չէ ու փոխանցված չէ ձեռամբ։

Ստույգ պատասխանը բացակայում է, բայց բոլոր նրանք, ովքեր ցանկանում են գտնել հարցի պատասխանը, այն կարող են գտնել Վանո Սիրադեղյանի այն պատասխաններում, որոնք արտահայտված են նրա հրապարակախոսական ու քաղաքական, բայց հավասարապես՝ նաև գրական մտածումներում։ Ու փնտրողները՝ լավ փնտրելով, կգտնեն հատկապես այն պատասխանը, որ չցանկանալով վերադառնալ այս այսքան ապականված Հայաստան անձնապես, Վանո Սիրադեղյանը կցանկանա վերադառնալ ներքին պարտադրանքով ու չվերադառնալ չկարողանալու տեսակային անհրաժեշտությամբ։

Կցանկանա վերադառնալ, ու հուսանք՝ կվերադառնա, որովհետև ասել է՝ Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է։ Կվերադառնա, որովհետև արտահայտել է իր զզվանքը պատմական հայրենիքն իրականից գերադասողների նկատմամբ, ու նաև արձանագրել է այն ակնհայտը, որը զանազան լծերի տակ ապրածների համար մահու չափ անընկալելի է՝ իրական հայրենիքը տուրք է պահանջում ու խնամք է պահանջում ու քրտինք է պահանջում ու ունի պաշտպանության կարիք։

Կվերադառնա, որովհետև բանաձևել է Հայաստանի իրական անկախության ալգորիթմը, որը մինչև այսօր էլ ու առավել ևս այսօր՝ մնացել է չիրականացված. մեզ դեռ չի հաջողվել մեր առաջին քայլն իսկ անել առանց Ռուսաստանի… Հենց որ հաջողվեց, պարզվելու է, որ երկրորդ քայլ չկա․ դա մեր առաջին ու վերջին քայլն է ազատության ճանապարհին։ Կվերադառնա, որովհետև նրան թողածներն այդպես էլ առաջին քայլը չարեցին, ու չանելով՝ արեցին այնքան հետքայլեր, որ այսօր, առավել քան երբևէ, կա այդ առաջին քայլի անհրաժեշտությունը։ Կվերադառնա, որովհետև պատասխանել է սփյուռքահայի՝ «Սահմանի վախ չունի՞ք» հարցին, որն այսօր դարձել է Հայաստանի պետական քաղաքականություն կոչվող հանձնվողականության արդարացումը։

Պատասխանել է ու ասել է, որ ունենք այդ վախը, բայց սարսափից չենք կապտել։ Ասել է, որ այդ վախից ավելի՝ լուծվելու-վերանալու վախ ունենք։ Կվերադառնա՝ երևի գոնե նայելու նրանց աչքերին, որոնք կապտել են սահմանի վախից, որը ոչ թե հայրենիքի կորստի վախ է, այլ հայրենիքի՝ դոլարային արտահայտություն ունեցող փայի՝ լուծվելու-վերանալու վախ է։

Կցանկանա՞ Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան ու կվերադառնա՞ արդյոք։ Պատասխանը նրա գրականության վերնագրերում է։
Կվերադառնա, որովհետև գրել է «Ծանր լույսը», որովհետև այսօր Հայաստանը խավարի մեջ է։

Կվերադառնա, որպեսզի չպաշտվեն «Կեղծ դամբարանները», որոնք Հայաստանում պաշտվում են այսօր։

Կվերադառնա, որպեսզի ապրի «Եկվորի բախտը»։

Կվերադառնա, որպեսզի իրեն օտարած թշնամիներն ու իրեն օտար մերձավորները չմտածեն՝ «Քթիցը բերին»։

Կվերադառնա, որպեսզի նույն այդ բոլորը հաշվիվները մաքրած չհամարեն ու էլի չմտածեն՝ «Հին պատմություն է»։

Կվերադառնա, որպեսզի իրենով կյանքն ավելի լավ ապրողներն իր մասին չնետեն՝ «Հերն անիծած կյանքի»։

Կվերադառնա, որովհետև իր զգուշացրած «Գյադաների ժամանակը» ոչ միայն չի անցել, այլ դարձել է երկրակերպ։

Կվերադառնա, որովհետև ցավել է՝ «Ափսոս էր երեխան»։

Ու կվերադառնա, որպեսզի գոնե իր վերադարձը «Շատ չհամարվի»։

Կվերադառնա, որովհետև դեռևս 1989-ի ձմռանը գրել է.
«…աղետաբեր են ժամանակները,-
մենք ու մեր ոխերիմ աստված,
ուշքի եկեք, աղետյալներս,
թոթափվեք թաղից գարնանը հառնող
վազի նման,
խչմարեք իրար ու ապավինեք, ձեր
ցավը տանեմ,
Դու,
որդիս,
Հայաստանը…»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am