Վանո Սիրադեղյանի վերադարձի առիթով

209

aravot.am — Վարչապետ Նիկոլ Փաշինյանից սպասելիքները շատ մեծ են: Աշխատավորները սպասում են աշխատավարձերի բարձրացմանը, թոշակառուներն սպասում են թոշակների բարձրացմանը, շատերն սպասում են քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակմանը, Արարատ Զուրաբյանն ու շատերն էլ սպասում են Վանո Սիրադեղյանի անհապաղ վերադարձին:

Եվ ընդհանրապես՝ գրեթե բոլորն ակնկալում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ ժամանակում մեր կյանքը դրախտի է վերածելու: Ոմանք էլ, հատկապես հակահեղափոխականները, մտածում են, որ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի բարելավել ու լավացնել մեր կյանքը: Բարեբախտաբար, այդպես մտածողներն ակնհայտ փոքրամասնություն են:

Ինչ վերաբերում է Վանո Սիրադեղյանի վերադարձին, Արարատ Զուրաբյանն ու գրեթե բոլորը համոզված են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Վանոն հաստատ Հայաստան կվերադառնա:

Այսուհանդերձ, քչերն են մտածում, որ Վանո Սիրադեղյանի վերադարձը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ու շատերի ցանկությունից է կախված, այլև, առաջին հերթին, հենց Վանո Սիրադեղյանի ցանկությունից:

Տարիներ առաջ լրագրող ու հրապարակախոս Վարդուհի Սիմոնյանն էր նախաձեռնություն կազմակերպել, որի նպատակը Վանո Սիրադեղյանի վերադարձն էր: Նախաձեռնությանը միացան հազարավոր մարդիկ, ովքեր Վանո Սիրադեղյանի վերադարձը համարում էին անհրաժեշտություն: Հիմա, անկասկած, ավելի մեծ թվով մարդիկ են դա անհրաժեշտություն համարում: Մարդիկ, ովքեր Վանո Սիրադեղյանին համարում են Հայաստանի Երրորդ հանրապետության գլխավոր հիմնադիրներից մեկը: Մարդիկ, ովքեր համարում են, որ Վանո Սիրադեղյանը ներքին գործերի նախարար աշխատած տարիներին հանրապետությունը հնարավորինս մաքրել է քրեական տարրերից: Մարդիկ, ովքեր քաղաքապետ Վանո Սիրադեղյանի կարճաժամկետ գործունեությունն էլ են բարձր գնահատում: Եվ վերջապես, մարդիկ, ովքեր Վանո Սիրադեղյան գրողին էլ են չափազանց բարձր գնահատում:

Անձամբ ինքս ոչ միայն Սիրադեղյանի՝ խորհրդային տարիներին ստեղծած գրականությունն եմ բարձր գնահատում, որի համար ինքն արժանացավ «Դրուժբա նարոդով» ամսագրի բարձրագույն մրցանակին, այլև այն ստեղծագործությունները, որոնք ինքը գրել է իր պաշտոնավարության շրջանից հետո («Ափսոս էր երեխան» և այլն), ինչպես նաև «Հայկական ժամանակ» օրաթերթում Ավետիս Հարությունյան կեղծանունով հրապարակած քաղաքական ու հրապարակախոսական հոդվածները, որոնք հետագայում հրատարակվեցին «Գյադաների ժամանակը» վերնագրված առանձին գրքով:

Այդ հոդվածներում ոչ միայն Հայաստանի Երրորդ հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների խորը և համապարփակ վերլուծություններ են, այլև զարմանալի քաղաքական գուշակություններ ու կռահումներ, որոնք ի հայտ են գալիս այսօր՝ այս օրերին:

Ես միակը չեմ, ով բարձր է գնահատում ՆԳ նախարար և Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանի՝ իշխանափոխությունից հետո գրած ստեղծագործություններն ու հատկապես պատմվածքները: Ավելին. ես միանշանակ այն կարծիքին եմ, որ Վանո Սիրադեղյանը Հայաստանի Երրորդ հանրապետության՝ խորհրդային գլավլիտից ու ցենզուրայից հետո ստեղծագործած մեր լավագույն արձակագիրն է: Հնարավոր է՝ հակաճառողներ լինեն, և դա նրանց իրավունքն է, ինչպես որ իմ կարծիքն է իմ իրավունքը: Հակաճառողների մեջ անկասկած կլինեն նաև նրանք, ովքեր թյուրիմացաբար ու միտումնավոր Սիրադեղյանին են վերագրում  մանկական որոշ ոտանավորներ, որոնց հետ Վանո Սիրադեղյանը որևէ կապ չունի:

Այսօր գրականագետներն ու գրաքննադատները ժամանակակից գրականության վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ են գրում, մանրակրկիտ վերլուծում ու գնահատում են անկախության տարիների գրողների ստեղծագործությունները, բայց չեմ հիշում ու չեմ կարող առանձնացնել որևէ հոդված, որտեղ հանգամանալից անդրադարձ լինի Վանո Սիրադեղյանի՝ անկախության տարիների ու նոր ժամանակների ստեղծագործությանը: Այս հանգամանքը ոչ այնքան վախի ու զգուշավորության արդյունք եմ համարում, ինչքան՝ ժամանակակից գրականության հանդեպ անլուրջ ու մակերեսային վերաբերմունք:

Հատկապես 20-րդ դարի Հայոց պատմության մեջ քիչ չեն եղել հայրենասեր ու կարկառուն քաղաքական ու պետական գործիչներ, ովքեր դարձել են քաղաքական վտարանդի և ճարահատյալ ապրել են հայրենիքից դուրս: Վանո Սիրադեղյանը դրանցից մեկն է: Միշտ պիտի հիշենք ու գիտակցենք, որ Սիրադեղյանը Հայաստանի Երրորդ հանրապետության գլխավոր հիմնադիրներից մեկն է, ու նաև պիտի գիտակցենք, որ նրա վերադարձը մեզ ավելի է հարկավոր, քան նույնիսկ՝ իրեն:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache