«Վարակը» մոտեցել է Հայաստանի սահմանների՞ն

3

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության պահեստային փոխգնդապետ Լև Ազատխանյանը լավ գիտի պետական սահմանի հսկողության մասին։ Նա միշտ ծառայել է խորհրդային–թուրքական, իսկ հետո` հայ–թուրքական սահմանում։

«Հենց Արարատի դիմաց». Լև Ազատխանյանը իր բազմամյա ծառայության վայրն այսպես է նկարագրում։

Նա ասում է, որ միշտ տարօրինակ զգացողություն է ունեցել, որին այդպես էլ չի վարժվել. քո կողմից դու հայրենիքում ես, բայց փշալարից այն կողմ նույնպես հայրենիք է։ Ու դա սենտիմենտալություն չէ, այլ երբեք չանցնող զգացողություն։ Էլ ինչպես անցնի, եթե ամեն վայրկյան Արարատն աչքիդ առաջ է։

Ինչպես պնդում է Ազատխանյանը, խորհրդային շրջանում հսկայական երկրի պետական սահմանի օրինակելի հատվածները հենց հայկական էին` Թուրքիայի և Իրանի հետ։ Բոլոր նորարարությունները, ցանկացած ժամանակակից տեխնիկա փորձարկվում էր հենց այստեղ։ Ուստի հիմա էլ նա համոզված է, որ հետխորհրդային սահմաններն ամենից լավ հսկում են հենց Հայաստանում, համենայն դեպս Հարավային Կովկասում։ Թե՛ տեխնիկան է լավը, թե՛ հսկողությունն է բարձր, թե՛ անձնակազմով կարելի է հպարտանալ։ Այնպես չէ, որ «օձն իր պորտով, հավքն իր թևով» չի անցնի, բայց սահմանապահները ձգտում են դրան։

Մեկնաբանելով վերջերս հրապարակված դեպքը, երբ Ղրղըզստանի, Ուզբեկստանի և Եմենի քաղաքացիները փորձել էին անցնել Իրան, Ազատխանյանը նշում է, որ Մեղրու սահմանային հատվածը տարբերվում է նրանով, որ շատերին թվում է, թե որոշ տեղերով կարելի է հեշտությամբ անցնել հարևան երկիր։ Բայց սահմանախախտների անխուսափելի ձերբակալությունն ապացուցում է այդ տպավորության վտանգավոր խաբուսիկությունը։

Հայտնի չէ` քանի սահմանախախտների կգայթակղի այդ թվացյալ պարզությունը, բայց այն, որ նրանք կլինեն, ակնհայտ է։ Մերձավոր Արևելքի, Սիրիայի իրադարձություններն են նման ենթադրությունների հիմք տալիս։ Միշտ չէ, որ սահմանը կփորձեն հատել այսպես կոչված «խաղաղ» սահմանախախտները։ Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումների ջախջախումը հանգեցրել է ամբողջ տարածաշրջանում այդ վարակի տարածմանը, որի մեջ մտնում է նաև Հարավային Կովկասը։

Բայց սահման պահպանելը լուրջ գիտություն է, ասում է Ազատխանյանը, և այդ պահպանումն իրականացվում է հին, փորձված, բայց անխափան համակարգով։ Դա չի նշանակում, որ բոլոր ամրություններն ու տեխնիկան հնացել են և բանի պետք չեն. վերանորոգումն ու արդիականացումը, անձնակազմի ուսուցումն անդադար գործընթաց է, և հայկական երկու սահմանները քայլում են ժամանակին համընթաց։

Փոխգնդապետը նշում է նաև սահմանապահների հետ տեղի բնակչության ավանդական համագործակցության մասին. եթե մարդիկ ինչ-որ կասկածելի բան են նկատում, անպայման այդ մասին տեղեկացնում են համապատասխան սահմանապահ ուղեկալներին։

Իհարկե, լավ հսկվող սահման ունենալը թանկ հաճույք է, և դրա համար շատ միջոցներ են պետք։ Ծախսերը հավասար կիսված են Հայաստանի և Ռուսաստանի պետական բյուջեների միջև, և երկու երկրները հավասարաչափ պատասխանատվություն են կրում։ Եվ ոչ միայն նյութական։

Ինչ վերաբերում է սահմանային ջոկատների գործունեության սոցիալական կողմին, ապա առաջին հերթին դա աշխատատեղերի առկայությունն է թե՛ տեղի բնակիչների համար, թե՛ Հայաստանի քաղաքացի պայմանագրային զինծառայողների համար։ Հենց մեր հայրենակիցներն են կազմում սահմանապահների ճնշող մեծամասնությունը` շարքայիններ, սերժանտներ ու սպաներ։ Կան Ռուսաստանի քաղաքացիներ, բայց նրանք շատ չեն։

Եվ նման պայմանագրային ծառայությունը վատ աշխատավարձ չի ապահովում (հայոց բանակի ավագ սպաների աշխատավարձի մակարդակին), ինչպես նաև սոցիալական փաթեթներ և երաշխիքներ, մասնագիտությամբ սովորելու և ծառայողական աճ սկսելու հնարավորություն։ Աշխատանքն էլ մշտապես պահանջված է, կախված չէ տնտեսական, քաղաքական և այլ գործոններից։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache