Վարչապետը, հիասթափվածներն ու պարտիզանները

0

Նախօրեին ֆեյսբուքյան հերթական լայվի միջոցով վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում քաղաքական իրավիճակին, ներկայացնելով իր կարծիքով հեղափոխությունից հետո հիասթափություն ապրող տարբեր շրջանակներին եւ դասակարգելով նրանց:

Դասակարգման ճշգրտությանն ու անթերիությանը թերեւս չարժե անդրադառնալ, այստեղ անկասկած է սուբյեկտիվության գործոնը: Ընդհանուր առմամբ, ներկայացվածն օբյեկտիվ պատկեր էր՝ առանձին շեղումներով կամ բացթողումներով: Օբյեկտիվ, բայց ամենեւին ոչ ամբողջական պատկեր:

Օրինակ, առկա է հարց՝ իսկ կարո՞ղ են Հայաստանում լինել մարդիկ, հանրային շերտեր, խմբեր, որոնք ունեն որոշակի հիասթափություն կամ դժգոհություն, կամ բավարարված չեն հետհեղափոխական երկամյակի արդյունքով, համարում են, որ կարելի էր անել ավելին, ընդ որում՝ ոչ միայն նյութական, սոցիալ-տնտեսական առումով, բայց չի արվել տարբեր պատճառներով:

Նրանք կարող են սխալվել, նրանք կարող են սխալ լինել ավելին անելու իրենց սպասումներով ու պատկերացումներով՝ միանգամայն հնարավոր է, բայց հնարավո՞ր չէ, որ լինեն այսպես ասած «անշահախնդիր հիասթափվածներ»: Կարծում եմ, հնարավոր է: Ավելին, դա ոչ միայն հնարավոր է, այլ նույնիսկ բնական եւ անգամ անհրաժեշտ: Հեղափոխական միատարրությունը պետք է հնարավորինս սահուն եւ հանգիստ փոխվի հասարակական-քաղաքական բազմակարծության:

Բայց հենց դրա համար կարեւոր է, որ քաղաքական մեծամասնությունը, դրա առաջնորդը՝ վարչապետ Փաշինյանը սկսկի երկխոսություն հանրության հենց այդ շերտի հետ: Այլապես, «շահադիտական հիասթափության» արձանագրումը ստեղծում է հակասական վիճակ, բացառելով այլընտրանքը եւ ստեղծելով «ով մեզ հետ չէ՝ մեր դեմ է» իրավիճակ:

Դա մշտապես պահելու է հեղափոխական իրավիճակ ու մթնոլորտ, որը կարճաժամկետ առումով գուցե եւ շահավետ է, բայց միեւնույն ժամանակ պարարտ հող է ստեղծում «պարտիզանության» համար, ինչի մի դրվագ էլ վարչապետի ուղիղ եթերի հետ կապված սկանդալային պատմությունն էր: Իսկ «պարտիզանները» հայտնի չէ, թե որտեղ կարող են լինել եւ «նախկինների» մեջ նրանց փնտրելը կարող է լինել ընդամենը խաբկանք:


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները